Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Մայրական կաթը

Մայրական կաթը

 «Մանկական կաթնախառնուրդները երբեք լիովին չեն փոխարինի մայրական կաթին»,— նշվում է մի մանկաբարձական ձեռնարկում։ Մոր օրգանիզմը փոփոխության է ենթարկում կաթի բաղադրությունը, որպեսզի այն համապատասխանի երեխայի կարիքներին։ Սա պատճառներից մեկն է, թե մայրական կաթն ինչու է լավագույնը մանկան համար։

 Նկատի առնենք հետևյալը։ Ամեն անգամ, երբ մայրը կերակրում է երեխային, կերակրման սկզբից մինչև վերջ կաթի բաղադրությունը փոփոխվում է։ Սկզբում այն ավելի շատ սպիտակուց, վիտամիններ, հանքանյութեր և ջուր է պարունակում, իսկ վերջում գերակշռում է ճարպը, ինչի շնորհիվ երեխան կշտանում է։ Մայրական կաթը փոփոխվում է նույնիսկ ըստ երեխայի տարիքի և ըստ տարվա եղանակի։

 Մայրական կաթի բաղադրության մեջ որոշ հորմոններ, ինչպես, օրինակ, մելատոնինը, առավելագույն քանակի են հասնում գիշերը, որոշ հորմոններ էլ՝ ցերեկը։ Օրվա ժամով պայմանավորված այս հորմոնալ փոփոխությունները նպաստում են կա՛մ երեխայի քնելուն, կա՛մ արթուն լինելուն, ինչի շնորհիվ նրա օրգանիզմում կարգավորվում է քնի և արթնության ռեժիմը։

 Ծննդաբերությունից հետո՝ առաջին մի քանի օրերին, մոր կրծքագեղձերն արտադրում են դեղնավուն կաթ, որը կոչվում է կաթնախեժ։ Այն հեշտ է մարսվում և հագեցած է սննդանյութերով, ուստի մանկան փոքրիկ ստամոքսում դրա անգամ քիչ քանակությունը անչափ օգտակար ազդեցություն է ունենում։ Կաթնախեժը կենսական կարևորություն ունեցող հակամարմիններ է պարունակում, որոնք խոցելի մանկանը պաշտպանում են վարակներից։ Բացի այդ՝ այն լուծողականի դեր է կատարում՝ նպաստելով, որ երեխայի մարսողական համակարգը մաքրվի։

 Նույնիսկ երկվորյակներ ունենալու դեպքում մայրը կարիք չունի անհանգստանալու, թե արդյոք կաթը կբավականացնի, որովհետև դրա քանակը ըստ կարիքի ինքնաբերաբար ավելանում է։

 Ի՞նչ եք կարծում։ Մայրական կաթն՝ իր բացառիկ առանձնահատկություններով, էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։