Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թող «բարության օրենքը» առաջնորդի քեզ

Թող «բարության օրենքը» առաջնորդի քեզ

«ԱՄԵՆԻՑ շատ ես տպավորվել էի եղբայրների ու քույրերի դրսևորած բարությամբ»,— ասում է Լիզա a անունով մի քույր՝ պատմելով, թե ինչն է իրեն ձգել դեպի ճշմարտությունը։ Նման միտք է արտահայտում նաև մեկ ուրիշ քույր, ում անունը Էն է։ Նա պատմում է. «Ինձ ավելի շատ տպավորել էր Վկաների բարությունը, քան նրանց ուսմունքները»։ Ինչ խոսք, այժմ Լիզան ու Էնը սիրում են կարդալ Աստվածաշունչը և խորհրդածել դրա շուրջ, բայց ինչպես տեսանք, նրանց երկուսին էլ Վկաների դրսևորած բարությունը մղեց, որ ընդունեն ճշմարտությունը։

Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք բարություն դրսևորել և այդպիսով ջերմացնել մարդկանց սրտերը։ Կտեսնենք, թե ինչպես կարելի է դա անել խոսքով և գործով։ Նաև կիմանանք, թե ում հանդեպ պետք է բարություն ցուցաբերենք։

ԹՈՂ «ԲԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» ՔՈ ԼԵԶՎԻ ՎՐԱ ԼԻՆԻ

Առակներ 31-րդ գլխում առաքինի կնոջ վերաբերյալ ասվում է, որ «բարության օրենքը նրա լեզվի վրա է» (Առակ. 31։26)։ Նա թույլ է տալիս, որ այդ օրենքը ազդի իր խոսելաձևի և ասելիքի վրա։ Լավ կլինի, որ խոսելիս ամուսիններն ու հայրերը նույնպես առաջնորդվեն այս «օրենքով»։ Ծնողների մեծամասնությունը շատ լավ գիտի, թե կոպիտ խոսքը որքան վատ կարող է անդրադառնալ իրենց երեխաների վրա։ Եթե ծնողները խոսեն կոշտ ու սառը տոնով, ամենայն հավանականությամբ, երեխան չի ցանկանա լսել նրանց։ Ուստի նրա սրտին հասնելու համար նրանք պետք է ձգտեն բարությամբ խոսել։

Անկախ նրանից՝ ծնող ես, թե ոչ, դու կարող ես քո խոսքը համեմել բարությամբ։ Ինչպե՞ս։ Գաղտնիքը գրված է Առակներ 31։26 համարի առաջին մասում. «Իր բերանը նա իմաստությամբ է բաց անում»։ Այստեղից հասկանում ենք, որ խոսելիս մենք պետք է իմաստնորեն վարվենք և ճիշտ բառեր ու ճիշտ ձայնի տոն ընտրենք։ Ուստի լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Ասելիքս կրակի վրա յո՞ւղ կլցնի, թե՞ կթուլացնի լարվածությունը» (Առակ. 15։1)։ Իսկապես որ, խոսելուց առաջ մտածելը իմաստության դրսևորում է։

Մեկ այլ առակում ասվում է. «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է» (Առակ. 12։18)։ Եթե մտածենք, թե մեր խոսքերն ու ձայնի տոնը ինչպես կարող են ազդել ուրիշների վրա, ավելի հակված կլինենք հսկելու մեր լեզուն։ Իսկապես որ, եթե հետևենք բարության օրենքին, կխուսափենք վիրավորական խոսքերից և կոպիտ տոնից (Եփես. 4։31, 32)։ Այդպիսով մենք բացասական մտքերն ու խոսքերը կփոխարինենք բարի խոսքերով և ջերմ տոնով։ Բարությամբ խոսելու հարցում Եհովան հիանալի օրինակ է։ Նա իր ծառա Եղիայի հետ, ով վախեցած էր, հրեշտակի միջոցով խոսեց «մեղմ, ցածր ձայնով» (1 Թագ. 19։12)։ Սակայն բարի լինելու համար միայն բարի խոսքեր ասելը բավական չէ։ Մենք պետք է նաև բարի գործեր անենք։ Տեսնենք, թե ինչպես։

ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՏՊԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

Ընդօրինակելով Եհովային՝ մենք բարություն ենք դրսևորում ոչ միայն խոսքով, այլև գործով (Եփես. 4։32; 5։1, 2)։ Լիզան, ում մասին խոսեցինք հոդվածի սկզբում, պատմում է, թե Վկաները ինչպես են բարություն դրսևորել իր հանդեպ. «Երբ մեր ընտանիքը ստիպված էր կարճ ժամանակահատվածում մի վայրից մյուսը տեղափոխվել, երկու Վկա ամուսնական զույգեր արձակուրդ վերցրին, որպեսզի օգնեն մեզ հավաքել մեր իրերը։ Այդ ժամանակ ես նույնիսկ չէի էլ ուսումնասիրում Աստվածաշունչը»։ Այս Վկաների բարի գործերը մղեցին Լիզային ավելի շատ հետաքրքրվել ճշմարտությամբ։

Էնը, ում մասին արդեն խոսեցինք, նույնպես տպավորվել էր Վկաների ցուցաբերած բարությամբ։ Նա պատմում է. «Մարդկանց վատ վերաբերմունքի պատճառով շատ կասկածամիտ էի դարձել։ Ինձ համար դժվար էր վստահել ինչ-որ մեկին։ Երբ հանդիպեցի Վկաներին, սկսեցի հարցականի տակ դնել նրանց մղումները։ Մտածում էի՝ «Տեսնես ինչո՞ւ են հետաքրքրվում ինձանով»։ Բայց ինձ Աստվածաշունչ ուսուցանող քույրը անկեղծ էր ու բարի, ինչը մղեց ինձ վստահելու նրան»։ Էնը նաև ասում է, թե ինչ լավ արդյունքներ եղան. «Դրա շնորհիվ կարողացա ուշադրությունս կենտրոնացնել այն ամենի վրա, ինչ սովորում էի»։

Տեսնում ենք, որ Լիզային ու Էնին մեծապես տպավորել են Վկաների բարի գործերը և մղել նրանց ավելին իմանալու ճշմարտության մասին։ Իսկ ժողովի դրսևորած բարությունը օգնել է այս երկու կանանց վստահել Եհովային և նրա ժողովրդին։

ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ

Ոմանք, ելնելով մշակութային առանձնահատկություններից կամ բնավորությունից, հակված են բարի խոսքեր ասելու և ժպտալու։ Ինչ խոսք, գովելի է, երբ մարդիկ քաղաքավարի են լինում, բայց դա բավական չէ իսկական բարություն դրսևորելու համար (համեմատիր Գործեր 28։2

Իսկական բարությունը Աստծու սուրբ ոգու պտղի հատկություններից է (Գաղ. 5։22, 23)։ Ուստի այն զարգացնելու համար պետք է թույլ տանք, որ սուրբ ոգին ազդի մեր մտածելակերպի և գործելակերպի վրա։ Այդպես վարվելը կօգնի մեզ նմանվել Եհովային և Հիսուսին։ Բացի այդ՝ լինելով քրիստոնյաներ՝ մենք պետք է անկեղծորեն հետաքրքրվենք ուրիշներով։ Տեսնում ենք, որ բարություն դրսևորելու մեր մղիչ ուժը պետք է լինի Եհովա Աստծու և մարդկանց հանդեպ սերը։ Այդ դեպքում բարությունը կդառնա զորեղ հատկություն, որը կբխի մեր սրտից և հաճելի կլինի Աստծուն։

Ո՞ՒՄ ՀԱՆԴԵՊ ՊԵՏՔ Է ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ

Բնական է, որ մենք բարություն ու երախտագիտություն ենք դրսևորում նրանց հանդեպ, ում ճանաչում ենք կամ ովքեր բարի են մեր նկատմամբ (2 Սամ. 2։6; Կող. 3։15)։ Իսկ ինչպե՞ս ենք վարվում նրանց հետ, ովքեր, մեր կարծիքով, արժանի չեն բարի վերաբերմունքի։

Եհովան բարություն դրսևորելու հարցում մեծագույն օրինակն է, քանի որ նա բարի է բոլորի հանդեպ՝ անկախ նրանից՝ նրանք արժանի են դրան, թե ոչ։ Իր Խոսքում նա մեզ կարևոր դաս է սովորեցնում այս հատկությունը դրսևորելու վերաբերյալ։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում բազում անգամներ հանդիպում է «անզուգական բարություն» արտահայտությունը, որը ընդգծում է այն միտքը, որ անհատը բարություն է դրսևորում՝ առատաձեռնությունից մղված, և ոչ թե այն պատճառով, որ դիմացինը արժանի է դրան։ Իսկ ինչպե՞ս է Աստված բարություն դրսևորում մարդկանց հանդեպ։

Մտածիր այն միլիոնավոր մարդկանց մասին, ում հանդեպ Եհովան բարություն է դրսևորում՝ տալով նրանց կյանքի համար անհրաժեշտ ամեն բան (Մատթ. 5։45)։ Եհովան մեր հանդեպ բարություն է դրսևորել նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ իրեն չէինք ճանաչում (Եփես. 2։4, 5, 8)։ Նա ողջ մարդկության համար զոհել է իր լավագույնը՝ իր միածին Որդուն։ Պողոս առաքյալը գրեց, որ Եհովան փրկագին է տվել իր «անզուգական բարության հարստության շնորհիվ» (Եփես. 1։7)։ Դեռ ավելին՝ չնայած այն բանին, որ մենք մեղք ենք գործում ու հիասթափեցնում ենք նրան՝ նա շարունակում է առաջնորդել և ուսուցանել մեզ։ Եհովայի խրատն ու խոսքերը «մեղմ անձրևի» պես են (2 Օրենք 32։2)։ Ինչ խոսք, մենք երբեք չենք կարող լիովին փոխհատուցել նրան մեր հանդեպ դրսևորած բարության դիմաց։ Առանց Եհովայի անզուգական բարության մենք ապագայի հույս չէինք ունենա (համեմատիր 1 Պետրոս 1։13

Անկասկած, Եհովայի բարությունը ջերմացնում է մեր սիրտը և մղում գործերի։ Մենք չենք ընտրում, թե ում հանդեպ բարի լինենք, այլ ձգտում ենք ընդօրինակել Եհովային և բարիք անելը դարձնել մեր առօրյայի մի մասը (1 Թեսաղ. 5։15)։ Եթե շարունակաբար բարություն դրսևորենք, մարդիկ կձգվեն դեպի մեզ, ինչպես ցուրտ եղանակին ձգվում են դեպի խարույկը։ Մենք մխիթարության աղբյուր կլինենք մեր ընտանիքի անդամների, հավատակիցների, աշխատակիցների, համադասարանցիների և հարևանների համար։

Մտածիր, թե քո ընտանիքում կամ ժողովում ում հանդեպ կարող ես բարիք անել։ Հնարավոր է՝ հավատակիցդ քո օգնության կարիքն ունի տունը և այգին խնամելու հարցում կամ այլ առօրյա գործերում, ինչպիսին է, օրինակ, գնումներ կատարելը։ Բացի այդ՝ եթե ծառայության ժամանակ հանդիպում ես ինչ-որ մեկի, ով քո օգնության կարիքն ունի, կարո՞ղ ես ինչ-որ ձևով օգնել նրան։

Ընդօրինակելով Եհովային՝ թող որ միշտ որևէ բան ասելիս կամ անելիս առաջնորդվենք «բարության օրենքով»։

a Այս հոդվածում անունները փոխված են։