Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 26

Սերն օգնում է հաղթահարել վախը

Սերն օգնում է հաղթահարել վախը

«Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա» (ՍԱՂ. 118։6

ԵՐԳ 105 «Աստված սեր է»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Սովորաբար ի՞նչ վախեր են ունենում մարդիկ։

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ դարձնենք մի քանի իրավիճակների, որոնց բախվել են մեր հավատակիցները։ Օրինակ՝ Նեսթորն ու նրա կինը՝ Մարիան, ցանկանում էին ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ b Այդ նպատակին հասնելու համար նրանք պետք է պարզեցնեին իրենց կյանքը։ Սակայն Նեսթորն ու Մարիան վախենում էին, որ երջանիկ չեն լինի, եթե ավելի քիչ փող ունենան։ Ահա մեկ այլ օրինակ։ Բինիամը ապրում է այնպիսի երկրում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ է։ Երբ նա մկրտվեց, շատ լավ գիտակցում էր, որ դառնալով Աստծու ժողովրդի մի մասը՝ հալածանքների է ենթարկվելու։ Այդ միտքը, ինչ խոսք, վախեցնում էր Բինիամին։ Սակայն նրան ավելի շատ վախեցնում էր այն, թե իր ընտանիքը ինչպես կարձագանքեր իր նոր կրոնին։ Իսկ Վալերիայի մոտ բժիշկները հայտնաբերեցին արագ զարգացող քաղցկեղ։ Նա դժվարանում էր գտնել այնպիսի վիրաբույժ, որը կհարգեր արյան վերաբերյալ իր ունեցած սուրբգրային դիրքորոշումը։ Բնականաբար, նա վախենում էր, որ գուցե մահանա։

2. Ինչո՞ւ պետք է ջանանք հաղթահարել մեր վախերը։

2 Դո՞ւ էլ ես ունեցել նմանատիպ վախեր։ Շատերս ենք ունեցել։ Եթե չսովորենք վերահսկել դրանք, ամենայն հավանականությամբ, կկայացնենք սխալ որոշումներ, որոնք կարող են վնասել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Իսկ Սատանայի ուզածն էլ հենց դա է։ Նա փորձում է այնպես անել, որ տրվենք վախին և չհնազանդվենք Եհովայի պատվերներին, որոնցից մեկը բարի լուրը քարոզելն է (Հայտն. 12։17)։ Սատանան չար է, անողորմ և զորեղ, բայց դու կարո՛ղ ես պաշտպանվել նրանից։ Ինչպե՞ս։

3. Ի՞նչը կօգնի մեզ հաղթահարել մեր վախերը։

3 Սատանային չի հաջողվի վախեցնել մեզ, եթե համոզված լինենք, որ Եհովան սիրում է մեզ և միշտ մեր կողքին է (Սաղ. 118։6118-րդ սաղմոսը գրողը համոզվել էր դրանում։ Նա անցել էր բազում դժվարությունների միջով։ Նա շատ թշնամիներ ուներ, և նրանցից ոմանք ազդեցիկ մարդիկ էին (9-րդ, 10-րդ համարներ)։ Երբեմն սաղմոսերգուն ուժեղ ճնշման էր ենթարկվում (13-րդ համար)։ Բացի այդ՝ նա խիստ խորհուրդ էր ստացել Եհովայից (18-րդ համար)։ Այնուամենայնիվ, հետևյալն ասաց. «Ես չեմ վախենա»։ Նա իրեն ապահով էր զգում, քանի որ գիտեր, որ իր երկնային Հայրը իրեն շատ է սիրում, չնայած որ խրատել է։ Սաղմոսերգուն համոզված էր, որ ինչ դժվարության էլ բախվի կյանքում, Եհովան միշտ պատրաստ է օգնելու իրեն (Սաղ. 118։29

4. Ի՞նչ վախեր կարող ենք հաղթահարել, եթե համոզված լինենք, որ Եհովան սիրում է մեզ։

4 Մենք պետք է համոզված լինենք, որ Եհովան սիրում է մեզ անհատապես։ Նման վստահությունը կօգնի, որ հաղթահարենք մեր վախերը։ Օրինակ՝ հնարավոր է՝ վախենանք, որ չենք կարող հոգալ մեր ընտանիքի կարիքները, մարդավախություն ունենանք կամ վախենանք մահանալուց։ Մեր այն հավատակիցները, ում մասին խոսեցինք հոդվածի սկզբում, կարողացել են հաղթահարել իրենց վախերը, քանի որ համոզված են եղել, որ Աստված սիրում է իրենց։

ՎԱԽ, ՈՐ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱ ՀՈԳԱԼ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Եղբայրը իր որդու հետ ձկնորսություն է անում, որպեսզի հոգա իր ընտանիքի նյութական կարիքները (տես պարբերություն 5)

5. Ո՞ր իրավիճակների պատճառով ընտանիքի գլուխը գուցե մտահոգվի (տես ամսագրի շապիկի նկարը)։

5 Քրիստոնյա ընտանիքի գլուխները լուրջ են վերաբերվում ընտանիքի նյութական կարիքները հոգալու իրենց պարտականությանը (1 Տիմոթ. 5։8)։ Եթե դու էլ ես ընտանիքի գլուխ, ապա վերջին համավարակի ընթացքում հավանաբար վախեցել ես, որ կկորցնես աշխատանքդ։ Գուցե մտահոգվել ես, թե ինչպես ես ուտելիք հայթայթելու և վճարելու տան վարձը, անհանգստացել ես, որ եթե կորցնես աշխատանքդ, չես կարողանա նորը գտնել։ Թերևս Նեսթորի և Մարիայի պես, ում մասին արդեն խոսեցինք, դու էլ ես մտածել, որ չես կարողանա նորմալ ապրել, եթե ավելի քիչ գումար վաստակես։ Ոմանց այսպիսի վախեր ներշնչելով՝ Սատանան մեծ հաջողությունների է հասել։

6. Սատանան ի՞նչ է փորձում համոզել մեզ։

6 Սատանան փորձում է համոզել, որ Եհովան հետաքրքրված չէ անձամբ մեզանով և չի օգնի մեզ հոգալ մեր ընտանիքի կարիքները։ Ուստի գուցե եզրակացնենք, որ ամեն գնով պետք է պահենք մեր աշխատանքը, նույնիսկ եթե դրանով անտեսում ենք սուրբգրային որոշ սկզբունքներ։

7. Ինչո՞ւմ է Հիսուսը հավաստիացնում մեզ։

7 Հիսուսը, ով ամենալավն է ճանաչում մեր երկնային Հորը, հավաստիացնում է մեզ. «Աստված՝ ձեր Հայրը, նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է պետք» (Մատթ. 6։8)։ Հիսուսը գիտի նաև, որ Եհովան պատրաստ է հոգ տանել մեր կարիքների մասին։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք Եհովայի ընտանիքի մի մասն ենք, ուստի կարող ենք համոզված լինել, որ նա՝ որպես ընտանիքի Գլուխ, կհետևի այն սկզբունքին, որ գրել է տվել 1 Տիմոթեոս 5։8-ում։

Եհովան կապահովի մեզ այն ամենով, ինչի կարիքը ունենք։ Նա կարող է դա անել մեր հավատակիցների միջոցով (տես պարբերություն 8) d

8. ա) Ի՞նչը կօգնի մեզ, եթե վախենում ենք, որ չենք կարողանա հոգ տանել մեր ընտանիքի մասին (Մատթեոս 6։31–33)։ բ) Ի՞նչ ենք սովորում այն նկարից, որում ամուսնական զույգը ուտելիք է բերում մի քրոջ համար։

8 Եթե վստահ լինենք, որ Եհովան սիրում է մեզ և մեր ընտանիքը, չենք կասկածի, որ կունենանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է (կարդա Մատթեոս 6։31–33)։ Եհովան ցանկանում է հոգ տանել մեր մասին, և նա, անկասկած, այդպես էլ վարվում է, քանի որ հոգատար ու առատաձեռն Հայր է։ Երկիրը ստեղծելիս Աստված ոչ թե պարզապես այն ապահովել է մարդկության գոյատևման համար անհրաժեշտ բաներով, այլ ստեղծել է նաև այնպիսի բաներ, որոնք անսահման հաճույք են պատճառում (Ծննդ. 2։9)։ Նույնիսկ եթե երբեմն հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, լավ կլինի՝ կենտրոնանանք այն բանի վրա, որ գոնե ունենք ամենաանհրաժեշտ բաները։ Եհովան մեզ երբեք աչքաթող չի անում (Մատթ. 6։11)։ Ցանկացած նյութական զոհողություն, որ անում ենք, չի կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ Եհովան մեզ տալիս է հիմա և կտա ապագայում։ Հենց այս եզրահանգմանը եկան Նեսթորն ու Մարիան (Ես. 65։21, 22

9. Ի՞նչ կարող ենք սովորել Նեսթորի և Մարիայի օրինակից։

9 Նեսթորն ու Մարիան բարեկեցիկ կյանքով էին ապրում Կոլումբիայում և ունեին լավ վարձատրվող աշխատանք։ Նրանք ասում են. «Ցանկանում էինք պարզեցնել մեր կյանքը և ընդլայնել մեր ծառայությունը, բայց վախենում էինք, որ եթե ավելի քիչ գումար ունենանք, երջանիկ չենք լինի»։ Ի՞նչն օգնեց նրանց հաղթահարել այդ վախը։ Նրանք խորհեցին այն մասին, թե ինչ տարբեր կերպերով է Եհովան փաստել, որ սիրում է իրենց։ Համոզված լինելով, որ Եհովան միշտ հոգ կտանի իրենց մասին՝ այս զույգը թողեց լավ վարձատրվող աշխատանքը, վաճառեց տունը և տեղափոխվեց այնպիսի տարածք, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ Իրենց կայացրած որոշման մասին Նեսթորն ասում է. «Մեր փորձով ենք համոզվել, թե որքան ճշմարիտ են Մատթեոս 6։33-ի խոսքերը։ Մենք երբևէ կարիքի մեջ չենք հայտնվել։ Այժմ ավելի երջանիկ ենք»։

ՄԱՐԴԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ

10. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ մարդիկ վախենում են իրարից։

10 Ադամի ու Եվայի ըմբոստությունից հետո մարդիկ հակված են վնաս պատճառելու միմյանց (Ժող. 8։9)։ Օրինակ՝ ոմանք չարաշահում են իրենց իշխանությունը, հանցագործները բռնի արարքներ են գործում, երեխաները վիրավորում և սպառնում են իրենց համադասարանցիներին, որոշ մարդիկ էլ դաժանաբար են վարվում իրենց ընտանիքի անդամների հետ։ Ուստի զարմանալի չէ, որ մարդիկ վախենում են իրարից։ Իսկ ինչպե՞ս է Սատանան այս վախը օգտագործում մեր դեմ։

11–12. Սատանան ինչպե՞ս է մարդավախությունն օգտագործում մեր դեմ։

11 Սատանան մարդավախության միջոցով փորձում է ստիպել մեզ, որ փոխզիջումների գնանք և դադարենք քարոզելուց։ Նրա ազդեցության տակ կառավարությունները արգելում են մեր գործունեությունը և հալածում մեզ (Ղուկ. 21։12; Հայտն. 2։10)։ Սատանայի աշխարհը ապատեղեկատվություն և թունավոր ստեր է տարածում Եհովայի վկաների մասին, և այն մարդիկ, ովքեր հավատում են այդ ստերին, ծաղրում են մեզ և նույնիսկ բռնություն գործադրում մեր նկատմամբ (Մատթ. 10։36)։ Արդյո՞ք սա զարմացնում է մեզ։ Բոլորովի՛ն։ Չէ՞ որ Սատանան այս մարտավարությունն օգտագործել է դեռևս առաջին դարում (Գործ. 5։27, 28, 40

Անգամ եթե մեր ընտանիքի անդամները հալածում են մեզ, կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեզ սիրում է (տես պարբերություն 12–14) e

12 Ինչ խոսք, կառավարության կողմից հալածվելու վախը միակ զենքը չէ, որ Սատանան օգտագործում է։ Ֆիզիկական բռնության ենթարկվելուց առավել ոմանք վախենում են այն բանից, թե ընտանիքի անդամները ինչպես կարձագանքեն Եհովայի վկա դառնալու իրենց որոշմանը։ Նրանք շատ են սիրում իրենց հարազատներին և ցանկանում են, որ նրանք էլ ճանաչեն ու սիրեն Եհովային։ Նրանց ցավ է պատճառում այն, որ վերջիններս բացասաբար են արտահայտվում ճշմարիտ Աստծու և նրա ծառաների մասին։ Սակայն լինում են դեպքեր, երբ մեր հարազատները, ովքեր սկզբում հալածում էին մեզ, ընդունում են ճշմարտությունը։ Բայց ինչպե՞ս կարձագանքենք, եթե մեր ընտանիքի անդամները մեր նոր կրոնի պատճառով խզեն բոլոր կապերը մեզ հետ։

13. Աստծու սիրո մեջ համոզված լինելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմանալ, եթե մեր ընտանիքի անդամները հրաժարվեն մեզանից (Սաղմոս 27։10

13 Սաղմոս 27։10-ի խոսքերը կարող են շատ քաջալերական լինել մեզ համար (կարդա)։ Եթե միշտ հիշենք, թե որքան շատ է Եհովան սիրում մեզ, ոչնչից չենք վախենա, անգամ եթե մեր ընտանիքը հրաժարվի մեզանից։ Մենք վստահ ենք, որ Եհովան կվարձատրի մեզ մեր տոկունության համար։ Նա բոլորից լավ կհոգա մեր ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքները։ Բինիամը, ում մասին խոսեցինք հոդվածի սկզբում, անձամբ է համոզվել դրանում։

14. Ի՞նչ ենք սովորում Բինիամի օրինակից։

14 Բինիամը դարձավ Եհովայի վկա՝ լիովին գիտակցելով, որ հնարավոր է՝ կատաղի հալածանքի ենթարկվի։ Ուշադրություն դարձնենք, թե Եհովայի սիրո մեջ համոզված լինելն ինչպես է օգնել նրան հաղթահարել մարդավախությունը։ Նա պատմում է. «Հալածանքն ավելի ուժգին էր, քան ես կարող էի պատկերացնել։ Բայց ինձ ամենից շատ վախեցնում էր ոչ թե կառավարության հալածանքը, այլ ընտանիքիս։ Վախենում էի, որ Վկա դառնալու իմ որոշումը կհիասթափեցնի հորս, և որ ընտանիքս կմտածի, թե ես անհաջողակի մեկն եմ»։ Սակայն Բինիամը համոզված էր, որ Եհովան միշտ հոգ է տանում իրեն սիրողների մասին։ Նա ավելացնում է. «Մտածում էի, թե ինչպես է Եհովան օգնել իր մյուս ծառաներին դիմանալ բռնությանը, հաղթահարել տնտեսական դժվարություններն ու նախապաշարումը։ Գիտեի, որ եթե կառչած մնամ Եհովային, նա կօրհնի ինձ։ Ես բազմիցս ձերբակալվել եմ, նույնիսկ կտտանքների ենթարկվել, սակայն անձամբ եմ համոզվել, որ եթե դժվարությունների ժամանակ հավատարիմ ենք մնում Եհովային, նա միշտ օգնում է մեզ»։ Եհովան իսկական Հայր դարձավ Բինիամի համար, իսկ նրա ժողովուրդը՝ իսկական ընտանիք։

ՎԱԽ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԴԵՊ

15. Ինչո՞ւ է բնական վախենալ մահից։

15 Աստվածաշնչում ասվում է, որ մահը թշնամի է (1 Կորնթ. 15։25, 26)։ Մահվան մասին մտածելն անգամ սարսափելի է, հատկապես եթե մենք կամ մեր հարազատը լուրջ հիվանդություն ունենք։ Բայց ինչո՞ւ ենք վախենում մահից։ Քանի որ Եհովան մեզ ստեղծել է կյանքը հավիտյան վայելելու փափագով (Ժող. 3։11)։ Մահվան հանդեպ հավասարակշռված վախը կարող է օգնել մեզ պաշտպանել մեր կյանքը։ Օրինակ՝ այն կարող է մղել մեզ, որ հետևենք մեր սննդակարգին և ֆիզիկական վարժություններ անենք, անհրաժեշտության դեպքում դիմենք բժշկի, դեղեր ընդունենք, ինչպես նաև մեր կյանքը անտեղի վտանգի չենթարկենք։

16. Ինչպե՞ս է Սատանան փորձում օգտագործել մահվան հանդեպ վախը։

16 Սատանան գիտի, որ մենք սիրում ենք կյանքը։ Նա պնդում է, որ կզոհենք ամեն ինչ, անգամ Եհովայի հետ մտերմությունը, միայն թե պահպանենք մեր կյանքը (Հոբ 2։4, 5)։ Բայց նա չարաչար սխալվում է։ Այդուհանդերձ, Սատանան, ով «կարող է մահ պատճառել», փորձում է մահվան հանդեպ վախի միջոցով ստիպել մեզ, որ թողնենք Եհովային (Եբր. 2։14, 15)։ Եղել են դեպքեր, երբ Սատանայի կողմնակիցները սպառնացել են Եհովայի ծառաներին, որ եթե նրանք չուրանան իրենց հավատը, կսպանեն նրանց։ Որոշ դեպքերում էլ Սատանան գուցե օգտվի այն հանգամանքից, որ մենք առողջական լուրջ խնդիր ունենք, և ստիպի մեզ փոխզիջումների գնալ։ Բժիշկները և մեր ոչ Վկա հարազատները թերևս ճնշում բանեցնեն, որ համաձայնվենք արյան փոխներարկման, ինչով, սակայն, կոտնահարենք Աստծու օրենքը։ Հնարավոր է նաև՝ մեզ համոզեն ընդունել մեկ այլ բուժմեթոդ, որը դեմ է աստվածաշնչյան սկզբունքներին։

17. Հռոմեացիներ 8։37–39 համարների համաձայն՝ ինչո՞ւ չպետք է վախենանք մահից։

17 Մենք չենք ցանկանում մահանալ, բայց համոզված ենք, որ եթե նույնիսկ կորցնենք մեր կյանքը, Եհովան երբեք չի դադարի մեզ սիրել (կարդա Հռոմեացիներ 8։37–39)։ Երբ Եհովայի ընկերները մահանում են, նրանք մնում են նրա հիշողության մեջ, ասես դեռ կենդանի են (Ղուկ. 20։37, 38)։ Նա փափագում է նորից կյանքի բերել նրանց (Հոբ 14։15)։ Եհովան շատ մեծ գին է վճարել, որպեսզի մենք «հավիտենական կյանք ունենանք» (Հովհ. 3։16)։ Մենք վստահ ենք, որ Եհովան ջերմորեն սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին։ Ուստի երբ հիվանդ ենք կամ մահվան սպառնալիքի տակ, Եհովային լքելու փոխարեն մենք նրան ենք դիմում մխիթարություն, իմաստություն և զորություն ստանալու համար։ Հենց այդպես վարվեցին Վալերիան և նրա ամուսինը (Սաղ. 41։3

18. Ի՞նչ ենք սովորում Վալերիայի օրինակից։

18 Երբ Վալերիան 35 տարեկան էր, նրա մոտ հայտնաբերեցին հազվադեպ և արագ զարգացող քաղցկեղ։ Տեսնենք, թե սերն ինչպես օգնեց Վալերիային հաղթահարել մահվան հանդեպ վախը։ Նա պատմում է. «Երբ իմացանք հիվանդությանս մասին, մեր կյանքը մեկ օրվա մեջ տակնուվրա եղավ։ Ես լուրջ վիրահատության կարիք ունեի։ Խորհրդակցեցինք տարբեր վիրաբույժների հետ, սակայն բոլորն էլ հրաժարվեցին առանց արյան փոխներարկման վիրահատել ինձ։ Շատ վախեցած էի, բայց հետևելով Աստծու պատվերին՝ հրաժարվեցի արյան փոխներարկումից։ Ողջ կյանքիս ընթացքում տեսել եմ Եհովայի հոգատար ու սիրառատ ձեռքը։ Այդ փորձությունը լավ հնարավորություն էր փաստելու, որ ես էլ նրան եմ շատ սիրում։ Երբ բուժման ընթացքում խոչընդոտներ էին լինում, ավելի վճռական էի դառնում ամեն ինչ անելու, որ Եհովան հպարտանար ինձանով, իսկ Սատանան պարտություն կրեր։ Ի վերջո ինձ վիրահատեցին առանց արյան փոխներարկման։ Թեև առողջական խնդիրներս չեն վերացել, բայց Եհովան միշտ տվել է մեզ այն ամենը, ինչի կարիքն ունեցել ենք։ Օրինակ՝ նախքան հիվանդությանս մասին իմանալը շաբաթավերջի հանդիպման ժամանակ քննարկել էինք «Մի վախեցիր կյանքի հարվածներից» վերնագրով մի հոդված։ c Այդ հոդվածը շատ մխիթարական էր մեզ համար։ Ես ու ամուսինս հաճախ ենք կարդում այն։ Նման հոդվածները, ինչպես նաև հոգևոր լավ գրաֆիկ ունենալը մեզ ներքին խաղաղություն են տալիս և օգնում հավասարակշռված մնալ ու ճիշտ որոշումներ կայացնել»։

ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՄԵՐ ՎԱԽԵՐԸ

19. Ի՞նչ է շուտով լինելու։

19 Աշխարհի տարբեր մասերում ապրող մեր հավատակիցները Եհովայի օգնությամբ հաղթահարում են իրենց դժվարությունները և հաջողության հասնում Սատանայի դեմ պայքարում (1 Պետ. 5։8, 9)։ Դու նույնպես կարող ես։ Շատ շուտով Հիսուսը և նրա թագավորակիցները Եհովայի հրամանով գործի կանցնեն ու կքանդեն «Բանսարկուի գործերը» (1 Հովհ. 3։8)։ Դրանից հետո Աստծու ժողովուրդը կծառայի նրան և «ոչնչից չի վախենա» (Ես. 54։14; Միք. 4։4)։ Բայց մինչ այդ մենք պետք է ամեն ջանք թափենք, որ հաղթահարենք մեր վախերը։

20. Ի՞նչը կօգնի մեզ հաղթահարել մեր վախերը։

20 Մեր վախերը հաղթահարելու համար մենք պետք է շարունակ ամրացնենք մեր համոզվածությունն այն բանում, որ Եհովան սիրում ու պաշտպանում է իր ծառաներին։ Իսկ դա անելու համար պետք է մտածենք, թե ինչպես է նա անցյալում պաշտպանել իր ծառաներին, և այդ մասին պատմենք ուրիշներին։ Բացի այդ՝ լավ կլինի՝ միշտ հիշենք այն դեպքերը, երբ Եհովան օգնել է մեզ հաղթահարել մեր դժվարությունները։ Այո՛, Եհովայի օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել մեր վախերը (Սաղ. 34։4

ԵՐԳ 129 Պիտի շարունակենք տոկալ

a Վախը նորմալ զգացում է, որը կարող է պաշտպանել մեզ վտանգից։ Բայց եթե տրվենք դրան, այն կվնասի մեզ։ Ինչպե՞ս։ Սատանան կարող է այդ զգացումն օգտագործել մեր դեմ։ Ուստի պետք է ջանքեր թափենք, որ վերահսկենք այն։ Ի՞նչը կօգնի մեզ։ Հոդվածից կիմանանք, որ կարող ենք հաղթահարել մեր վախերը, եթե համոզված լինենք, որ Եհովան մեր կողքին է և սիրում է մեզ։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

d ՆԿԱՐ։ Ամուսնական զույգը ուտելիք է բերել իրենց ժողովի քույրերից մեկի ընտանիքի համար։

e ՆԿԱՐ։ Երիտասարդ եղբոր ծնողները դեմ են, որ նա ծառայի Եհովային, բայց եղբայրը համոզված է, որ Եհովան կօգնի իրեն։