Անցնել բովանդակությանը

 Աստվածաշնչի տեսակետը

Պե՞տք է արդյոք քրիստոնյաները կրոնական տիտղոսներ օգտագործեն

Պե՞տք է արդյոք քրիստոնյաները կրոնական տիտղոսներ օգտագործեն

ՀԱՃԱԽ է ասվում, որ այսօր քրիստոնյա աշխարհում քահանաները քիչ են, սակայն նույնը չենք կարող ասել կրոնական տիտղոսների մասին։ Որոշ տիտղոսներ պարզ են, որոշներն էլ վերամբարձ։ Ահա մի քանի օրինակ։

  • Քահանա. «Պատվարժան»
  • Անգլիկան եկեղեցու եպիսկոպոս. «Ձերդ սրբություն Տեր եպիսկոպոս»
  • Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս (Իտալիայում). «Ձերդ գերազանցություն, ամենափառավոր և ամենապատվարժան գերապայծառ»
  • Կարդինալ. «Ձերդ մեծություն»
  • Պապ. «Ամենասուրբ Հայր»

«Պատվարժան» և «եպիսկոպոս» տիտղոսները այնքան երկար ժամանակ են գործածվում, որ նույնիսկ չեն էլ գրավում եկեղեցու շատ անդամների ուշադրությունը։ Բայց հարց է առաջանում՝ արդյոք այս տիտղոսները աստվածաշնչյան հիմք ունե՞ն։

«Պատվարժան», «եպիսկոպոս» և «կարդինալ»

Աստվածաշնչի՝ «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ «պատվելի» բառը միայն մեկ անգամ է գրված Սաղմոս 111։9 համարում. «Սուրբ և պատվելի է նրա անունը»։ Ո՞ւմ անունը։ Հաջորդ համարում գրված է. «Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է» (Սաղմոս 111։10)։ Կաթոլիկական թարգմանության մեջ այս երկու համարներում գրված է. «Սուրբ և ակնածալից է նրա անունը։ Իմաստության սկիզբը Յահվեի [Եհովայի] վախն է» (The New Jerusalem Bible)։ Հետաևբար, Աստծու Խոսքի համաձայն՝ աստվածավախությունը, կամ՝ ակնածանքը բացառապես Ամենակարողին՝ Եհովային է պատկանում։ Այդ դեպքում ճի՞շտ է արդյոք մարդկանց վերագրել այն։

«Եթէ մէկը եպիսկոպոսութեան է ցանկանում բարի գործի է ցանկանում»,— գրեց Պողոսը Տիմոթեոսին (1 Տիմոթեոս 3։1, Արարատ)։ Սակայն կաթոլիկ թարգմանության համաձայն (The New Jerusalem Bible)՝ այդ համարում գրված է. «Ով ուզում է նախագահող երեց դառնալ, պատվելի գործի է ձգտում»։ Առաջին դարի քրիստոնյաներին, ովքեր պատասխանատվություններ ունեին, «երեցներ» ու «վերակացուներ» բառերով էին դիմում։ Արդյո՞ք այս բառերը տիտղոսներ էին։ Ո՛չ։ Այդ տղամարդկանց երբեք չեն դիմել «եպիսկոպոս Պետրոս» կամ «երեց Հակոբոս»։ Այդ պատճառով Եհովայի վկաների հասուն քրիստոնյա տղամարդիկ, ովքեր ժողովում ծառայում են որպես երեցներ, երբեք չեն օգտագործում «երեց» բառը որպես տիտղոս։ «Երեց» և «վերակացու» (եպիսկոպոս) բառերը վերաբերում են նրանց, ովքեր հեղինակություն և պատասխանատվություններ ունեն։ Այդ բառերը նաև նկարագրում են նշանակված տղամարդկանց որակները և այն աշխատանքը, որ նրանք անում են։

Իսկ ի՞նչ կարելի է ասել «կարդինալ» տիտղոսի մասին։ Կա՞ այդ բառը Աստվածաշնչում։ Ո՛չ։ Նույնիսկ ոչ մի թարգմանության մեջ։ Իրականում, կաթոլիկ եկեղեցին էլ է ընդունում, որ այս տիտղոսը սուրբգրային չէ։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» բացատրվում է. «Այս բառը ծագում է լատիներեն «cardo» բառից, որը նշանակում է «դռան ծխնի» և համաձայն Հռոմի Յուջին IV պապի խոսքերի՝ «ինչպես որ դուռն է պտտվում ծխնիների շնորհիվ, այդպես էլ կարդինալից է ապահով կախված և հենված Սուրբ առաքելական Մայր աթոռը՝ ամբողջ Եկեղեցու դուռը»»։ Այս հանրագիտարանը նաև տեղեկացնում է, որ «կարդինալները առանձնաշնորհում ունեն. նրանց դիմում են որպես «մեծություն»»։ Ունենալով այս տիտղոսը՝ նրանք կրում են կարմիր թիկնոց և կարմիր գլխարկ։ Իսկ առաքյալները ունեցե՞լ են այդ «առանձնաշնորհումները»։ Աստվածաշունչը պատասխանում է՝ ո՛չ։

«Տեր», «գերապայծառ» և «Հայր»

Պե՞տք է արդյոք հոգևորականները տեր կոչվեն։ Անգլիկան եկեղեցու եպիսկոպոսին դիմում են որպես «տեր»։ Կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հոգևոր պաշտոնյաներին՝ պրելատներին, դիմում են որպես «գերապայծառ», ինչը նշանակում է «իմ Տեր»։ Որոշ երկրներում հոլանդական ռեֆորմատական եկեղեցու ծառայողներին դիմում են «dominee» տիտղոսով, որը ծագել է լատիներեն «dominus» բառից և նշանակում է «տեր»։ Սակայն Հիսուսը իր աշակերտներին պատվիրեց. «Դուք գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են ժողովրդի վրա.... Ձեր մեջ չպետք է այդպես լինի» (Մատթեոս 20։25, 26)։ Իսկ Պետրոս առաքյալը գրել է. «Ոչ թե իշխելով նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են, այլ հոտին օրինակ լինելով» (1 Պետրոս 5։3)։ Երբ Հիսուսը մի առիթով խոնարհաբար լվաց աշակերտների ոտքերը, ասաց նրանց. «Դուք ինձ «Ուսուցիչ» և «Տեր» եք անվանում և ճիշտ եք անում, որովհետև այդպես էլ կա» (Հովհաննես 13։13)։ Ճի՞շտ է արդյոք, որ տղամարդիկ օգտագործեն կրոնական տիտղոսներ, որոնք Աստծուն և նրա Որդուն են պատկանում։

Իսկ ճի՞շտ է արդյոք օգտագործել կրոնական «հայր» տիտղոսը։ Այս տիտղոսը լայնորեն օգտագործվում է կաթոլիկների և անգլիկանների կողմից։ «Padre» տիտղոսը, որ նշանակում է «հայր», նույնպես շատ տարածված է։ Սակայն Հիսուսը իր աշակերտներին սովորեցրեց. «Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ Երկնայինը» (Մատթեոս 23։9)։ Այդ դեպքում ինչո՞ւ հոգևորականներն ու նրանց հետևորդները չեն հնազանդվում Տեր Հիսուս Քրիստոսից ստացած այս պատվերին։

Հռոմի պապին սովորաբար դիմում են որպես «Սուրբ Հայր»։ Իսկ նրա հետ ծառայողները կոչում են նրան «Santissimo Padre», որը նշանակում է «Ամենասուրբ Հայր»։ «Սուրբ Հայր» տիտղոսը Աստվածաշնչում մեկ անգամ է օգտագործված (Հովհաննես 17։11)։ Այս տիտղոսը բացառապես միայն Գերագույն Անձնավորության համար է գործածվում։ Ճիշտ կլինի՞ արդյոք երկրային և անկատար արարածներին դիմել այս տիտղոսով։

Կրոնական ոտնձգություն

Կարդա՛ Մատթեոս 23։1–12 համարները և ուշադրություն դարձրու համատեքստին։ Հիսուսը խոսում է փարիսեցիների մասին, ովքեր հուդայականության ազդեցիկ աղանդներից մեկն էին։ Նրանք օրինամոլ էին և մոլի ձևով էին հետևում Մովսիսական օրենքի ամեն մի տառին։ Նրանք սիրում էին այնպես հագնվել և այնպիսի գործեր անել, որ իրենց վրա ուշադրություն հրավիրեին։ Նրանց կրոնը ցուցադրական բնույթ էր կրում. հագնվելու ոճը, ճաշելու հատուկ տեղերը, ժողովարաններում առջևի նստարանները, պատվարժան տիտղոսները։ Նրանք նույնիսկ ավելի մեծ հարգանք էին պահանջում, քան պետք է տրվեր ծնողներին։ Նրանք ուզում էին հայր կանչվել։ Սակայն Հիսուսը ցույց տվեց, որ իր բոլոր հետևորդները հավասար են որպես Աստծու զավակներ։ Ցանկացած տիտղոս օգտագործելը, որը հակառակն է մատնանշում, նշանակում է ապօրինաբար գրավել մի բան, ինչը պատկանում է Աստծուն։ Հետևաբար, Հիսուսը արգելեց կրոնական առումով «հայր» բառը օգտագործել որպես պատվարժան տիտղոս։ Հիսուսը նշեց, որ իր հետևորդները մի Հայր ունեն՝ Եհովա։

Պարզ չէ՞, որ շատ հոգևորականներ կանգնել են այն «սուրբ հողի» վրա, որը պատկանում է Աստծուն և նրա Որդուն, ու շատ մեծ հարգանք ու ակնածանք է վերցվել նրանցից ու տրվել անկատար մարդկանց։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները խուսափում են փառաբանական տիտղոսներ օգտագործելուց և մարդկանց հոգևոր պատվանդանների վրա դնելուց։ Եհովայի վկաները ծառայակիցներին դիմելիս օգտագործում են միայն «եղբայր» բառը (2 Պետրոս 3։15)։ Այդպես վարվելը ներդաշնակ է Հիսուսի խոսքերին, որն ասաց. «Դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթեոս 23։8