Անցնել բովանդակությանը

«Էքստրեմալ սպորտաձևեր». արժե՞ ռիսկի դիմել

«Էքստրեմալ սպորտաձևեր». արժե՞ ռիսկի դիմել

Աստվածաշնչի տեսակետը

«Էքստրեմալ սպորտաձևեր». արժե՞ ռիսկի դիմել

«ԱՅՍՕՐ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏԵՐԸ ՊԱՍԻՎ ԴԻՏՈՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՆՁԱՄԲ ՊԱՐԱՇՅՈՒՏՈՎ ԹՌՉԵԼ ԻՆՔՆԱԹԻՌԻՑ, ՊԱՐԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԻՋՆԵԼ ԺԱՅՌԵՐԻՑ, ՄԱԿՈՒՅԿՈՎ ԳԱՀԱՎԻԺԵԼ ՋՐՎԵԺԻՑ ԵՎ ԼՈՂԱԼ ՇՆԱՁԿՆԵՐԻ ՀԵՏ» («WILLOW GLEN RESIDENT» ԱՄՍԱԳԻՐ)։

ԱՅՍ խոսքերից երևում է, թե որ սպորտաձևերն են գնալով ավելի հետաքրքրում մարդկանց։ Այնպիսի սպորտաձևերի տարածվածությունը, ինչպիսիք են թռիչքավազքը (սքայդայվինգ), սառցամագլցումը, պարապլաներիզմը և բեյսջամփինգը (BASE jumping), * ցույց է տալիս, որ այս աշխարհը սուր զգացողությունների սիրահար է։ Մարդիկ սնոուբորդների, լեռնային հեծանիվների, սքեյթբորդների և անվաչմուշկների միջոցով փորձում են գերազանցել իրենց հնարավորությունների սահմանը՝ թռչելով հսկայական բարձրությունից և մարտահրավեր նետելով զառիթափ ժայռերին ու վիթխարի լեռներին։ Ըստ ամերիկյան «Թայմ» հանդեսի՝ ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում «էքստրեմալ սպորտաձևերը», որոնցով զբաղվողները ռիսկի են ենթարկում իրենց կյանքը։ Սա ընդգծում է այն փաստը, որ միլիոնավոր մարդիկ մեծ ցանկություն ունեն հատելու այն «սահմանը, որտեղ վտանգը, հմտությունն ու վախը միաձուլվելով տվյալ սպորտի սիրահարների և պրոֆեսիոնալների մոտ այնպիսի զգացողություն են առաջացնում, ասես նրանք անում են անհնարինը»։

Այնուամենայնիվ, նմանատիպ սպորտաձևերի տարածվածությունը մարդկանց վրա թանկ է նստում։ Գնալով ավելի շատ մարդիկ են վնասվածքներ ստանում, քանի որ համեմատաբար անվտանգ սպորտաձևերում սուր զգացողություններ են փնտրում։ Միացյալ Նահանգներում 1997 թ. ընթացքում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում 33 տոկոսով աճել է սքեյթբորդինգի, 31 տոկոսով՝ սնոուբորդինգի և 20 տոկոսով՝ լեռնագնացության ժամանակ վնասվածք ստացածների թիվը։ Մյուս էքստրեմալ սպորտաձևերի դեպքում արդյունքներն ավելի աղետալի են։ Դա է փաստում վտանգավոր սպորտաձևերով պայմանավորված մահվան դեպքերի աճը։ Մասնակիցները շատ լավ գիտեն հնարավոր վտանգների մասին։ Լեռնադահուկային սպորտով զբաղվող մի կին ասում է. «Մահը անընդհատ աչքիս առաջ է»։ Իսկ պրոֆեսիոնալ սնոուբորդինգով զբաղվող մի մարզիկի խոսքերից շատ լավ երևում է, թե ինչպիսի տրամադրվածություն ունեն վտանգավոր սպորտաձևերով զբաղվողները։ Նա ասում է. «Եթե վնասվածք չես ստանում, ուրեմն ուժերդ մինչև վերջ չես լարել»։

Հաշվի առնելով այս ամենը՝ քրիստոնյան ինչպե՞ս պետք է վերաբերվի նմանատիպ սպորտաձևերին։ Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել մեզ, որպեսզի կողմնորոշվենք՝ արժե արդյոք զբաղվել վտանգավոր սպորտաձևերով, թե ոչ։ Կյանքի սրբության վերաբերյալ Աստծու տեսակետը կօգնի մեզ պատասխանել այս հարցերին։

Աստծու տեսակետը կյանքի վերաբերյալ

Աստվածաշունչն ասում է, որ «կյանքի աղբյուրը» Եհովան է (Սաղ. 36։9)։ Նա ոչ միայն ստեղծել է մեզ, այլև տվել է ամեն բան, որ վայելենք կյանքը (Սաղ. 139։14; Գործ. 14։16, 17; 17։24–28)։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ նա մեզնից ակնկալում է խնամքով վերաբերվել իր տված պարգևին։ Դա պարզ երևում է իսրայելացիներին տրված օրենքներից ու սկզբունքներից։

Մովսիսական օրենքը պահանջում էր, որ յուրաքանչյուր անհատ քայլեր ձեռնարկեր պաշտպանելու իր շրջապատի մարդկանց։ Բայց եթե ինչ-որ մեկը անտեսեր այդ օրենքը, և նրա պատճառով մարդ մահանար, ապա նա արյունապարտ կհամարվեր։ Օրինակ, երբ իսրայելացին տուն էր կառուցում, տանիքը պետք է եզրապատեր։ Հակառակ դեպքում, եթե ինչ-որ մեկը տանիքից ընկներ ու մահանար, տանտերը արյունապարտ կհամարվեր (2 Օրենք 22։8)։ Եթե ցուլը պատահաբար պոզահարեր որևէ կնոջ կամ տղամարդու, և նա մահանար, ցլի տերը պատասխանատվություն չէր կրի տեղի ունեցածի համար։ Սակայն եթե հայտնի էր, որ ցուլը նախկինում էլ է պոզահարել, և նրա տիրոջը տեղեկացրել են այդ մասին, բայց նա չի հսկել իր կենդանուն, և վերջինս սպանել է ինչ-որ մեկի, ապա ցլի տերը արյունապարտ էր համարվում և պետք է մահվան մատնվեր (Ելք 21։28, 29)։ Կյանքը թանկ է Եհովայի համար։ Այդ պատճառով էլ նրա Օրենքը մեծ տեղ էր տալիս կյանքը պահպանելուն և պաշտպանելուն։

Աստծու հավատարիմ ծառաները հասկանում էին, որ այս օրենքների հիմքում ընկած սկզբունքները վերաբերում էին նաև այն դեպքերին, երբ վտանգի էր ենթարկվում իրենց սեփական կյանքը։ Օրինակ՝ մի անգամ Դավիթը ցանկություն հայտնեց «ջուր խմել Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից»։ Սակայն Բեթլեհեմն այդ ժամանակ փղշտացիների տիրապետության տակ էր։ Իմանալով Դավթի ցանկության մասին՝ նրա զինվորներից երեքը ներխուժեցին փղշտացիների բանակատեղին, Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից ջուր հանեցին ու բերեցին Դավթին։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց Դավիթը։ Նա չխմեց այդ ջրից, այլ թափեց գետնին։ Դավիթն ասաց. «Անհնա՛ր է, որ ես այս բանն անեմ, որովհետև ակնածում եմ Աստծուց։ Մի՞թե կխմեմ իրենց հոգիները վտանգի ենթարկած մարդկանց արյունը, քանի որ նրանք իրենց հոգիները վտանգի ենթարկելով՝ այս ջուրը բերին» (1 Տարեգրություն 11։17–19)։ Դավթի համար միանգամայն անընդունելի էր սեփական ցանկությունը բավարարելու համար ռիսկի ենթարկել ուրիշների կյանքը։

Հիսուսն էլ նման կերպ արձագանքեց, երբ Սատանան, ամենայն հավանականությամբ տեսիլքում, փորձեց նրան՝ ասելով, որ ինքն իրեն ցած նետի տաճարի պարսպի վրայից, որպեսզի տեսնեն, թե արդյոք հրեշտակները կփրկեն նրան։ Հիսուսը պատասխանեց. «Մի՛ փորձիր Եհովային՝ քո Աստծուն» (Մատթեոս 4։5–7)։ Այո՛, թե՛ Դավիթը, թե՛ Հիսուսը գիտակցում էին, որ Աստծու տեսանկյունից սխալ է անտեղի վտանգի ենթարկել կյանքը։

Այս օրինակների շուրջ խորհրդածելով՝ գուցե հարցնենք. «Ե՞րբ է սպորտաձևը դառնում վտանգավոր կամ էքստրեմալ»։ Անգամ սովորական հանգիստը, որն ինքնին վտանգավոր չէ, կարող է հատել էքստրեմալի սահմանը։ Ինչպե՞ս կողմնորոշվել, թե որն է այդ սահմանը։

Արժե՞ ռիսկի դիմել

Ցանկացած զբաղմունքի անկեղծ վերլուծությունը կարող է օգնել մեզ ճիշտ որոշում կայացնել։ Օրինակ՝ կարող ես ինքդ քեզ հարցնել. «Որքա՞ն հաճախ են տվյալ սպորտաձևով զբաղվողները վնասվածքներ ստանում։ Ունե՞մ համապատասխան մարզում կամ պաշտպանիչ սարքավորումներ, որոնք կօգնեն խուսափել վնասվածքներից։ Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե ընկնեմ, ճիշտ չհաշվարկեմ թռիչքի բարձրությունը, կամ չաշխատեն պաշտպանիչ սարքավորումները։ Արդյոք թեթև քերծվածքնե՞ր կստանամ, թե՞ մեծ հավանականություն կա, որ լուրջ վնասվածքներ կունենամ կամ նույնիսկ կմահանամ»։

Զվարճանալու համար կյանքը անտեղի վտանգի ենթարկելով՝ քրիստոնյան կվնասի Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունները և գուցե չհամապատասխանի ժողովում որոշակի առանձնաշնորհումներ ունենալու պահանջներին (1 Տիմոթեոս 3։2, 8–10; 4։12; Տիտոս 2։6–8)։ Այսպիսով՝ անգամ զվարճանալիս լավ կլինի, որ քրիստոնյաները հաշվի առնեն կյանքի սրբության վերաբերյալ Արարչի տեսակետը։

[ծանոթագրություն]

^ պարբ. 4 BASE-ը հապավում է, որը կազմված է անգլերեն building (շենք), antenna (ալեհավաք), span (կամուրջ) և earth (երկիր) բառերից։ Ֆիքսված օբյեկտներից, օրինակ՝ շենքերից, կամուրջներից և ժայռերից պարաշյուտով թռիչք կատարելը այնքան վտանգավոր սպորտաձև է համարվում, որ այն արգելվել է ԱՄՆ ազգային պարկերի ծառայության կողմից։