Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Աստվածաշնչի ընթերցանություն. ինչպե՞ս հետաքրքիր դարձնել

Աստվածաշնչի ընթերցանություն. ինչպե՞ս հետաքրքիր դարձնել

Ձեզանից է կախված՝ ինչպիսին կլինի Աստվածաշնչի ձեր ընթերցանությունը՝ ձանձրալի, թե թարմացնող։ Ի՞նչ կարող եք անել, որ Աստծու Խոսքը հետաքրքրությամբ կարդաք ու դրանից բավականություն ստանաք։

Ընտրեք ճշգրիտ և ժամանակակից թարգմանություն։ Եթե այնպիսի նյութ եք կարդում, որում հնացած և անհասկանալի շատ բառեր կան, դժվար թե հաճույք ստանաք դրանից։ Ուստի նյութը հեշտությամբ ընկալելու համար Աստվածաշնչի այնպիսի թարգմանություն ընտրեք, որը բնական ու հասկանալի լեզվով է գրված, բայց միևնույն ժամանակ ճշգրիտ է։ *

Օգտվեք ժամանակակից տեխնոլոգիաներից։ Այսօր Աստվածաշունչը առկա է ոչ միայն տպագիր, այլև էլեկտրոնային տարբերակով։ Կան Աստվածաշնչի թարգմանություններ, որոնք կարելի է կարդալ օնլայն կամ բեռնել համակարգիչների, պլանշետների և բջջային հեռախոսների մեջ։ Որոշ թվային Աստվածաշնչեր հնարավորություն են տալիս նույն թեմային վերաբերող այլ աստվածաշնչյան համարներ տեսնելու կամ դրանք այլ թարգմանությունների հետ համեմատելու։ Իսկ եթե կարդալու փոխարեն՝ նախընտրում եք լսել, ապա Աստվածաշունչը որոշ լեզուներով հասանելի է նաև ձայնագրված տարբերակով։ Շատերը լսում են այն, երբ երթևեկում են հասարակական տրանսպորտով, զբաղված են տնային կամ այլ գործերով։ Աստվածաշունչն ընթերցելու այս ձևերից ո՞րն եք նախընտրում։

Օգտվեք Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված միջոցներից։ Դրանք կարող են օգնել, որ օգուտ քաղեք ձեր ընթերցանությունից։ Օրինակ՝ քարտեզների օգնությամբ կարող եք տեսնել, թե որտեղ են գտնվում Աստվածաշնչում նշված վայրերը, և կարդացածն ավելի լավ պատկերացնել։ Իսկ «Դիտարան» ամսագրի հոդվածները կամ jw.org/hy կայքի «Աստվածաշնչյան ուսմունքներ» բաժնում լույս տեսնող նյութերը կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալու Աստվածաշունչը։

Ընթերցանության տարբեր ձևեր փորձեք։ Եթե դժվարանում եք Աստվածաշունչը կարդալ սկզբից մինչև վերջ, ընթերցելու ախորժակ զարգացրեք. սկսեք կարդալ այն հատվածից, որը ձեզ ավելի շատ է հետաքրքրում։ Օրինակ՝ գուցե ավելի շատ բան եք ուզում իմանալ աստվածաշնչյան հայտնի կերպարների մասին։ Այդ դեպքում ձեր ընթերցանությունը սկսեք նրանց նվիրված հատվածներից (տես « Ծանոթացեք աստվածաշնչյան կերպարների հետ» շրջանակը)։ Աստվածաշունչը կարող եք ընթերցել նաև այն հաջորդականությամբ, որով զարգացել են դեպքերը, կամ էլ կարդալ ըստ թեմաների։ Չէի՞ք ցանկանա փորձել այս առաջարկներից որևէ մեկը։

^ պարբ. 4 Շատ մարդիկ, կարդալով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», եկել են այն եզրահանգման, որ այն ճշգրիտ և դյուրընթեռնելի թարգմանություն է։ Այս Աստվածաշունչը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է ավելի քան 130 լեզվով։ Դուք այն կարող եք բեռնել jw.org/hy կայքից կամ կարող եք բեռնել JW Library (JW Գրադարան) հավելվածը։ Իսկ եթե ցանկանաք, Եհովայի վկաները ձեզ տպագիր օրինակ կբերեն։