Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը
ԻՍԿ ինչի՞ մասին։ Մի շարք կարևոր հարցերի, որոնք հետաքրքրում են մարդկանց, թերևս նաև ձեզ։ Ահա դրանցից մի քանիսը.
-
Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
-
Կգա՞ մի օր, երբ պատերազմ ու տառապանք չեն լինի
-
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
-
Ի՞նչ հույս կա մահացածների համար
-
Ինչպե՞ս աղոթեմ և ի՞նչ անեմ, որ Աստված լսի ինձ
-
Ինչպե՞ս կարող եմ հասնել երջանկության
Որտե՞ղ կարող ենք գտնել այս հարցերի պատասխանները։ Ինչ խոսք, այս թեմաներին նվիրված բազմաթիվ գրքեր կան գրադարաններում և գրախանութներում։ Բայց դրանք հաճախ հակասում են իրար։ Որոշ դեպքերում էլ այդ գրքերում գրված տեղեկությունները ժամանակի ընթացքում հնանում են, և հարկ է լինում դրանք վերանայել կամ փոխել։
Սակայն կա մի գիրք, որը հիմնավոր պատասխաններ է տալիս։ Դա այն գիրքն է, որը միշտ ճշմարտությունն է հայտնում։ «Քո խոսքը ճշմարտություն է»,— Աստծուն աղոթելիս մի անգամ ասաց Հիսուս Քրիստոսը (Հովհաննես 17։17)։ Այդ «խոսքը» Աստվածաշունչն է։ Տեսնենք, թե ինչպես է այն պատասխանում վերոհիշյալ հարցերին։
Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Մենք ապրում ենք դաժան ու անարդար աշխարհում։ Շատ կրոններ սովորեցնում են, թե Աստծու կամքն է, որ մենք տառապենք։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Մեր երկնային Հայրը երբեք տառապանք չի պատճառում։ «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի»,— ասվում է Հոբ 34։10-ում։ Մեր Արարիչը մարդկանց հետ կապված մի հիանալի նպատակ ունի։ Հենց այդ նպատակը ի մտի ունենալով՝ Հիսուսը սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես.... Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Աստված այնքան է սիրում մեզ, որ մեծ զոհողություն է արել այդ նպատակն իրագործելու համար (Հովհաննես 3։16)։
Տե՛ս նաև Ծննդոց 1։26–28; Հակոբոս 1։13; 1 Պետրոս 5։6, 7։
Կգա՞ մի օր, երբ պատերազմ ու տառապանք չեն լինի
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Պատերազմն անհամար կյանքեր է խլում։ Այս աշխարհում ոչ ոք զերծ չէ տառապանքից։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Աստված խոստացել է, որ մոտ ապագայում երկրի վրա խաղաղություն կհաստատի։ Նրա Թագավորության՝ երկնային կառավարության ներքո մարդիկ «այլևս չեն սովորի պատերազմել» և «իրենց սրերից խոփեր կկոփեն» (Եսայիա 2։4)։ Աստված վերջ կդնի տառապանքին ու անարդարությանը։ Նրա Խոսքում ասվում է. «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները [այդ թվում այսօրվա անարդարությունն ու տառապանքը] անցան» (Հայտնություն 21։3, 4)։
Տե՛ս նաև Սաղմոս 37։10, 11; 46։9; Միքիա 4։1–4։
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Աշխարհի կրոնների մեծ մասը սովորեցնում է, թե մարդու մեջ ինչ-որ բան շարունակում է ապրել մահից հետո։ Ոմանք կարծում են՝ մահացածները կարող են վնաս հասցնել ապրողներին։ Ոմանք էլ հավատում են, թե Աստված չարերին հավիտյան տանջում է դժոխքում։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Մահանալով՝ մարդը դադարում է գոյություն ունենալուց։ «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում»,— ասվում է Ժողովող 9։5-ում։ Քանի որ նրանք ոչ մի բան չեն գիտակցում և զգացումներ չունեն, չեն կարող վնասել կամ օգնել ապրողներին (Սաղմոս 146։3, 4)։
Տե՛ս նաև Ծննդոց 3։19; Ժողովող 9։6, 10։
Ի՞նչ հույս կա մահացածների համար
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Բոլորս էլ ուզում ենք ապրել, նաև ուզում ենք, որ միշտ մեր կողքին լինեն նրանք, ում սիրում ենք։ Ուստի բնական է, որ ցանկանում ենք նորից տեսնել մեր մահացած հարազատներին։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Մահացած մարդկանց մեծ մասը հարություն է առնելու։ Հիսուսը խոստացել է, որ «նրանք, ովքեր գերեզմաններում են.... դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։ Աստծու սկզբնական նպատակն էր, որ մարդիկ բնակվեին երկրային դրախտում, ուստի հարություն առածները երկրի վրա ապրելու հեռանկար կունենան (Ղուկաս 23։43)։ Հնազանդ մարդիկ կատարելապես առողջ կլինեն և կապրեն հավիտյան։ Աստվածաշունչն ասում է. «Արդարները կժառանգեն երկիրը։ Եվ հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։
Տե՛ս նաև Հոբ 14։14, 15; Ղուկաս 7։11–17; Գործեր 24։15։
Ինչպե՞ս աղոթեմ և ի՞նչ անեմ, որ Աստված լսի ինձ
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Աղոթում են գրեթե բոլոր կրոններին պատկանող մարդիկ։ Սակայն շատերն այնպիսի զգացում ունեն, որ իրենց աղոթքներն անպատասխան են մնում։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Հիսուսը սովորեցրեց, որ անգիր արած բառերով չաղոթենք։ Նա ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթեոս 6։7)։ Եթե ուզում ենք, որ Աստված մեզ լսի, ապա պետք է նրան ընդունելի ձևով աղոթենք։ Ուստի հարկավոր է նախ իմանալ, թե որն է նրա կամքը, և ապա աղոթել դրա համաձայն։ 1 Հովհաննես 5։14-ում ասվում է. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք [Աստծու] կամքի համաձայն, լսում է մեզ»։
Տե՛ս նաև Սաղմոս 65։2; Հովհաննես 14։6, 14; 1 Հովհաննես 3։22։
Ինչպե՞ս կարող եմ հասնել երջանկության
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Շատերը կարծում են, թե հարստությունը, գեղեցկությունը և մեծ ճանաչումը կարող են երջանկություն բերել, ուստի ձգտում են նման բաների, բայց այդպես էլ չեն հասնում երջանկության։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Հիսուսը նշեց, թե որն է երջանկության բանալին, երբ ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Մենք իսկական երջանկության կհասնենք միայն այն դեպքում, եթե բավարարենք մեր ամենագլխավոր կարիքը՝ հոգևոր կարիքը, այսինքն՝ սովորենք ճշմարտությունը Աստծու և նրա նպատակների մասին։ Իսկ դրա համար հարկավոր է ուսումնասիրել Աստվածաշունչը։ Իմանալով այդ ճշմարտությունը՝ կհասկանանք, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Եթե մեր որոշումներն ու գործերը ներդաշնակ լինեն Աստծու Խոսքին, մեր կյանքը իմաստալից կդառնա (Ղուկաս 11։28)։
Տե՛ս նաև Առակներ 3։5, 6, 13–18; 1 Տիմոթեոս 6։9, 10։
Մատթեոս 5։3)։ Գուցե ձեզ հետաքրքրեն նաև այլ հարցեր։ Օրինակ՝ եթե Աստված հոգ է տանում մեր մասին, ապա ինչո՞ւ է այսքան երկար հանդուրժում չարությունն ու տառապանքը։ Կամ ինչպե՞ս կարող եմ ավելի երջանիկ ընտանեկան կյանք ունենալ։ Այս և շատ ուրիշ հարցերի գոհացուցիչ պատասխաններ կարող եք գտնել Աստվածաշնչում։
Այս թերթիկում համառոտ ներկայացվեց, թե ինչ է ասում Աստվածաշունչը վերոհիշյալ վեց հարցերի վերաբերյալ։ Ցանկանո՞ւմ եք ավելի շատ տեղեկություն ստանալ։ Անկասկած կցանկանաք, եթե դուք էլ այն մարդկանց թվում եք, ովքեր «գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Սակայն այսօր մարդիկ չեն ցանկանում դիմել Աստվածաշնչին, քանի որ մտածում են, որ այն դժվար է հասկանալ։ Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ գտնելու այդ հարցերի պատասխանները Աստվածաշնչից։ Դրա համար կա երկու միջոց։
Առաջին՝ նրանք առաջարկում են «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, որի նպատակն է օգնել մարդկանց գտնելու իրենց հուզող հարցերի պատասխանները։ Երկրորդ՝ նրանք առաջարկում են Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն։ Ձեր տարածքում ապրող որևէ Եհովայի վկա կարող է ամեն շաբաթ այցելել ձեզ և ձեր տանը կամ մեկ այլ հարմար վայրում ձեզ հետ կարճ քննարկել աստվածաշնչյան որևէ թեմա։ Ամբողջ աշխարհում այս կրթական ծրագրից օգուտներ են քաղել միլիոնավոր մարդիկ։ Նրանցից շատերը համոզվել են, որ գտել են ճշմարտությունը։
Աստվածաշնչյան ճշմարտությունը ազատում է սնահավատությունից, մոլորությունից և վախից։ Այն տալիս է հույս, իմաստավորում է մեր կյանքը և ուրախություն է պարգևում։ Այդ ճշմարտությունն իմանալուց ավելի թանկ բան չկա։ Հիսուսն ասաց. «Ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։