Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վալդիրան մոմի լույսի տակ հեռախոսով Աստվածաշունչ է ուսումնասիրում (Բրազիլիա)

ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ամերիկա

Ամերիկա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 57

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 982501976

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 4102272

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 4345532

Ուսումնասիրություն գիշերային երկնքի տակ

Հատուկ ռահվիրա մի զույգ, որը ծառայում էր Բրազիլիայի հեռավոր տարածքներից մեկում, իմացավ Վալդիրա անունով մի կնոջ մասին, որը 13 տարի առաջ Աստվածաշունչ էր ուսումնասիրել։ Անցնելով փոշոտ ճանապարհով և վտանգավոր գետանցումներով՝ ռահվիրա այդ զույգը հանդիպեց Վալդիրային։ Նա շատ էր ցանկանում վերսկսել ուսումնասիրությունը, բայց քանի որ ապրում էր այդ հեռավոր տարածքում, հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեին, որպեսզի կարողանար ուսումնասիրել Աստվածաշունչը։ Թեև Վալդիրան բջջային հեռախոս ուներ, սակայն միակ վայրը, որտեղ հեռախոսակապը լավ էր աշխատում, իր տնից հեռու մի ամայի տեղ էր։ Վալդիրան կարող էր Աստվածաշունչ ուսումնասիրել միայն երեկոյան ժամը իննից հետո։ Միայն պատկերացրեք. երիտասարդ կինը, գիշերային երկնքի տակ մենակ նստած, մոմի լույսի ներքո հեռախոսով Աստվածաշունչ է ուսումնասիրում։

Կիրակի օրերին Վալդիրան հեռախոսով լսում է ժողովի հանդիպումները։ Նա գնում է այդ ամայի վայրը՝ իր հետ վերցնելով Աստվածաշունչը, «Դիտարանը» և երգարանը, իսկ անձրևոտ եղանակին՝ նաև անձրևանոցը։

Մարտ ամսին Վալդիրան, անցնելով մոտ 100 կմ, գնաց Թագավորության սրահ, որպեսզի ներկա լինի հատուկ մի հանդիպման, որի ժամանակ հայտարարվեց պորտուգալերեն «Նոր աշխարհ թարգմանության» վերանայված տարբերակի լույսընծայման մասին։ Նա անչափ ուրախացավ՝ ստանալով նոր Աստվածաշնչի իր օրինակը։ Իսկ երբ եղբայրներն ու քույրերը գովեցին նրան, որ մեծ ջանքեր է թափում Աստվածաշունչ ուսումնասիրելու համար, Վալդիրան համեստորեն պատասխանեց. «Դե, այդքան էլ մեծ բան չեմ անում»։

«Գիտեի, որ մի օր անպայման կգաք»

Յուկպանները Կոլումբիայում ապրող ամերիկյան հնդկացիական ժողովուրդ են։ Ֆրենկ անունով մի հատուկ ռահվիրա պատրաստվում էր այցելել այդ ժողովրդի համայնքներից մեկը։ Սակայն նրան ասացին, որ զգույշ լինի տեղի առաջնորդից՝ Ջոն Խայրոյից։ Ջոնը այդ տարածքից քշել էր ավետարանչական մի քանի խմբերի, որոնք փորձել էին քարոզել այնտեղ։ Իսկ մի անգամ, երբ նա իմացել էր, որ այդ կրոնի անդամներից մեկը տասանորդ է հավաքում մարդկանցից, ատրճանակից օդ կրակելով՝ քշել էր նրան այդ տարածքից։

Ֆրենկը, որը հատուկ ռահվիրա է, Աստվածաշունչ է ուսումնասիրում յուկպա ցեղի մարդկանց հետ (Կոլումբիա)

Ֆրենկը պատմում է. «Երբ հասանք այդ համայնք, առաջին անհատը, որ լսեց մեզ, հենց Խայրոյի աղջիկներից մեկն էր։ Մենք նրան ցույց տվեցինք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Այդ ժամանակ նա ասաց. «Սա հենց այն կրոնն է, որին կցանկանամ հետևել»։ Այնուհետև աղջիկը վազելով գնաց իր հոր մոտ, որ պատմի մեր մասին։ Նրա հայրը անմիջապես կանչեց մեզ։ Մենք անհանգստացանք, բայց որոշեցինք հանդիպել նրա հետ։ Նախքան կհասցնեինք խոսել, նա ասաց. «Գիտեմ, որ ձեր կրոնը ճիշտ է։ Ութ տարի առաջ Բեսերիլում աղբի կույտի մեջ գտա այս նույն գրքից, որը դուք իմ աղջկան եք տվել։ Ես ամբողջությամբ կարդացի այն, և այդ օրվանից սպասում էի ձեզ։ Գիտեի, որ մի օր անպայման կգաք։ Շատ եմ ուզում, որ օգնեք ինձ ու իմ ընտանիքին, ինչպես նաև ողջ համայնքին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մեր դռները միշտ բաց են ձեր առաջ»։

Երբ լսեցինք այդ խոսքերը, մեր աչքերը արցունքով լցվեցին։ Ողջ համայնքը հավաքվեց՝ լսելու մեր քարոզած լուրը, իսկ Ջոն Խայրոն մեր ասածները թարգմանում էր տեղի լեզվով։ Երբ պատրաստվում էինք հեռանալ, մեր իրերը տեղափոխելու համար նա տրամադրեց իր ավանակը։ Այսօր 47 Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում յուկպա ցեղի 120 մարդկանց հետ, որոնք տարբեր համայնքներից են, այդ թվում Ջոն Խայրոյի և նրա աղջկա հետ»։

Հալածողը փոխվում է

Խոսեն, որն ապրում է Էկվադորում, նախկինում ջերմեռանդ կաթոլիկ էր։ Նա գրում է. «Ես ատում էի Եհովայի վկաներին։ Տասը տարի շարունակ հալածում էի նրանց։ Հավաքում էի մի խումբ մարդկանց և հարձակվելով Վկաների վրա՝ ծեծում նրանց։ Բացի այդ, մեղադրում էի նրանց գողության մեջ։ Իսկ երբ Վկաներին ոստիկանատուն էին տանում, իմ ձեռքով էի փակում նրանց բանտախցի կողպեքը։ Մի անգամ էլ ջարդուփշուր արեցինք մի Վկայի ավտոմեքենա։ Իսկ մեկ ուրիշ անգամ Վկաներից մեկի մոտոցիկլետը ձորը գցեցինք։

2010թ.-ին վարակվեցի «խոզի գրիպով»։ Բժիշկն ասաց, որ պետք է թողնեմ Անդերում գտնվող իմ տունը և տեղափոխվեմ ծովափնյա մի տաք տեղ, որպեսզի կազդուրվեմ։ Ես տեղափոխվեցի մեր բարեկամուհու տուն, որն ապրում էր ծովափի մոտ գտնվող մի փոքրիկ ֆերմայում։ Ավելի ուշ ստիպված եղա ինքս հոգ տանել այդ ֆերմայի մասին։ Ես բոլորովին միայնակ էի և շատ էի ուզում ինչ-որ մեկի հետ զրուցել։ Եվ գիտե՞ք ովքեր եկան այդ ժամանակ։ Եհովայի վկաները։ Միայնությունս գոնե մի փոքր փարատելու համար որոշեցի զրուցել նրանց հետ և անչափ տպավորվեցի՝ տեսնելով, թե որքան հմտորեն են գործածում Աստվածաշունչը։ Հետաքրքրասիրությունից մղված՝ որոշեցի նրանց օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Վեց ամիս հետո առաջին անգամ ժողով գնացի։ Մարդիկ այնքան ջերմ ու բարի էին իմ հանդեպ, որ ինքս ինձ ասացի. «Գուցե նրանք իրո՞ք Աստծու ճշմարիտ ծառաներն են»։ Ես շարունակեցի առաջադիմել և 2014թ. ապրիլին մկրտվեցի։

Խիղճս շատ էր տանջում, որ այդքան հալածել եմ Վկաներին։ Սակայն Եհովան ինձ հնարավորություն տվեց, որ ինչ-որ չափով մեղմեմ մեղավորության զգացումս։ 2014թ. հոկտեմբերի 4-ին՝ շրջանային համաժողովի ժամանակ տված հարցազրույցում պատմեցի իմ անցյալի մասին։ Եղբայրը հարցրեց ինձ. «Եթե հնարավորություն ունենայիր ներողություն խնդրելու մեկից, ում հալածել ես, ամենից շատ ո՞ւմից կցանկանայիր ներողություն խնդրել»։ Ես անմիջապես պատասխանեցի. «Էդմունդո անունով մի եղբորից, բայց գաղափար անգամ չունեմ, թե ինչպես կարելի է գտնել նրան»։ Ես չգիտեի, որ շրջանային վերակացուն կանչել է նրան, և նա կանգնած է հետնաբեմում։ Եղբայրը Էդմունդոյին բեմ հրավիրեց։ Մենք գրկախառնվեցինք ու լաց եղանք. լաց էին լինում նաև դահլիճում նստածները»։

«Խնդրում եմ Եհովա, օգնիր, որ քո Վկաները գտնեն ինձ»

Մի կին հարցնում է քույրերին, թե արդյոք նրանք Եհովայի վկաներ են (Պարագվայ)

Ասունսիոնում (Պարագվայ) մի խումբ քույրեր մինչև կեսօր ամբողջությամբ մշակեցին իրենց նշանակված տարածքը։ Եվ չնայած կիզիչ արևին՝ որոշեցին հարևանությամբ գտնվող մի քանի տներում էլ վկայություն տալ։ Վկաներից մեկն ասաց. «Գուցե ինչ-որ մեկը աղոթում է Աստծուն և օգնություն է խնդրում»։ Փողոցի անկյունի տներից մեկում մի երիտասարդ կին ժպիտով դիմավորեց քույրերին և հարցրեց, թե արդյոք նրանք Եհովայի վկաներ են։ Նա ասաց, որ մի ամիս առաջ աշխատանքի հետ կապված Բոլիվիայից տեղափոխվել է Պարագվայ։ Նախքան տեղափոխվելը այդ կինը Աստվածաշունչ էր ուսումնասիրել։ Բայց այդ նոր տարածքում հարևաններից ոչ ոք չէր կարողացել օգնել նրան գտնելու Եհովայի վկաներին։ Ուստի նա աղոթել էր. «Խնդրում եմ, Եհո՛վա, օգնիր, որ քո Վկաները գտնեն ինձ»։ Այդ նույն օրը քույրերը հանդիպեցին նրան, և նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։