Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պլանշետի միջոցով քարոզում են Աստծու Թագավորության մասին (Իսրայել)

ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ասիա

Ասիա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 49

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 4409131383

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 718716

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 766364

Հարյուր ժամ հարյուրամյակի առթիվ

Ասիական երկրներից մեկում ապրող մի կին, որը հայտնի հեռուստաաստղ էր և մոդել, Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ Նա անմիջապես սկսեց կիրառել այն, ինչ սովորում էր, և ձերբազատվեց ոգեհարցական գրականությունից և բուդդայականության մեջ գործածվող կուռքերից։

Այդ կնոջ մտերիմ ընկերուհիներից մեկն ասաց նրան. «Ի՞նչ կլինի, որ ընդամենը երեք տարով դադարեցնես ուսումնասիրությունդ և կենտրոնանաս կարիերայիդ վրա։ Հետո կարող ես վերսկսել ուսումնասիրությունդ»։

Կինը պատասխանեց. «Ես միշտ ցանկացել եմ ճանաչել Աստծուն։ Էլ ինչո՞ւ պետք է երեք տարի սպասեմ, որ նոր միայն սովորեմ նրա մասին»։

Հենց այն շաբաթ, երբ նա պատրաստվում էր առաջին անգամ երկխոսություն ներկայացնել Աստվածապետական ծառայության դպրոցում, առաջարկ ստացավ մի կինոընկերությունից։ Նրանք կնոջը չորսամյա շահավետ պայմանագիր առաջարկեցին այն պայմանով, որ ընդունի ցանկացած դեր, որ կտան իրեն։ Նա մերժեց այդ առաջարկը։ 2014թ. մայիսին այդ կինը դարձավ չմկրտված քարոզիչ և որոշեց օգոստոս ամսին ծառայել 100 ժամ։ Երբ նրան հարցրին, թե ինչու է նման բան որոշել, նա ասաց. «Ես ցանկանում եմ Հիսուսի իշխանության հարյուրամյակը տոնել՝ նրա կառավարման յուրաքանչյուր տարվա համար մեկ ժամ ծառայելով»։ Նա հասավ իր այդ նպատակին։ Իսկ 2015թ. հունվարին մկրտվեց և այժմ ծառայում է որպես ենթառահվիրա։

Արդյունավետ քարոզչություն բանտախցում

Շրի Լանկայում չորս քույրեր ավտոբուսով գնացին քարոզելու չնշանակված մի տարածքում, որտեղ բնակչության գերակշռող մասը բուդդայականություն է դավանում։ Ծառայության երկրորդ օրը մի վանական ու մի տաքսու վարորդ մոտեցան քույրերին ու սկսեցին ագրեսիվ տոնով խոսել նրանց հետ։ Շուտով մոտ երեսուն հոգուց բաղկացած մի կատաղի ամբոխ հավաքվեց նրանց շուրջը։ Իսկ շատ չանցած՝ եկան ոստիկանները ու քույրերին տարան ոստիկանատուն։ Քույրերին գիշերը պահեցին բանտախցերում, թեև նրանց դեմ ոչ մի մեղադրանք չէր ներկայացվել։ Նրանց բանտարկել էին հանցագործների հետ, որոնց միջավայրում նրանք ստիպված էին լսել վիրավորական խոսքեր ու կեղտոտ բառեր։ Սակայն այդտեղ լինելով՝ քույրերը վկայություն տալու հնարավորություն ունեցան։ Նրանցից մեկն ասաց. «Թեև մարդասպանների հետ էի բանտարկված, բայց դրա շնորհիվ կարողացա խոսել նրանց հետ ճշմարտության մասին։ Նրանք շատ էին զարմացել, որ ինձ բանտարկել են, և բազում հարցեր էին տալիս իմ հավատալիքների մասին։ Իսկ մի մարդ նույնիսկ հարցրեց, թե այդ ինչպես է, որ ես ուրախ եմ»։

Չորս քույրեր ավտոբուսով գնացել են չնշանակված տարածք՝ քարոզելու (Շրի Լանկա)

Շրի Լանկայի Գերագույն դատարանը վերջերս ընդունեց մարդու հիմնարար իրավունքների խախտման հետ կապված Վկաների հայցադիմումը։ Այն ուղղված է ոստիկանության դեմ՝ մարդկանց առանց հիմնավոր պատճառի կալանքի տակ պահելու համար։ Այդ դատական գործը դեռ ընթացքի մեջ է։

Նա օգնեց անկողնուն գամված կնոջը

Միչիկոն՝ Ճապոնիայում ծառայող ռահվիրա մի քույր, հիվանդանոցում ժեստերի լեզվով ուսումնասիրություն էր անցկացնում մի տարեց կնոջ հետ։ Քույրը հիվանդանոցի աշխատողներին հարցրեց, թե կարող է արդյոք զրուցել ուրիշ հիվանդների հետ։ Նա հանդիպեց Կազումի անունով մի կնոջ հետ, որը լսում էր, բայց չէր կարողանում խոսել։ Կազումին 23 տարեկանում ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով չէր կարողանում որևէ սնունդ կուլ տալ, ոչ էլ կարողանում էր ջուր խմել։ Նա շատ հարցեր ուներ և սիրով համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

Կազումին ջերմ, քաջալերական նամակներ է գրում (Ճապոնիա)

Միչիկոն տալիս էր հարցերը, իսկ Կազումին պարբերությունների մեջ ձեռքով ցույց էր տալիս պատասխանը կամ այն գրում էր թղթի վրա։ Երբ Կազումին բջջային հեռախոս գնեց, Միչիկոն կարողանում էր նրա հետ ամեն առավոտ քննարկել օրվա խոսքը։ Թեև Կազումիի առողջությունը գնալով վատանում էր, բայց նա շարունակում էր հոգևորապես աճել, և նրա մեջ ցանկություն առաջացավ դառնալու Եհովայի վկա։ 13 տարի ուսումնասիրելուց հետո՝ 61 տարեկանում, Կազումին վերջապես դարձավ չմկրտված քարոզիչ։

Քանի որ Կազումին գամված է անկողնուն, ժողովի եղբայրները հոգ են տարել, որ նա կարողանա լսել բոլոր հանդիպումների և համաժողովների ծրագրերը։ Իսկ հանդիպումների ժամանակ տարբեր քույրեր կարդում են Կազումիի պատրաստած մեկնաբանությունները։

Կազումին ժողովի հանդիպումներին հաճախող բոլոր ուսումնասիրողների համար ջերմ, քաջալերական նամակներ է գրում՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կարիքները։ Նա քարոզում է հիվանդանոցի աշխատողներին և իրեն այցելող մարդկանց։ Կազումին նրանց ասում է. «Եթե ուսումնասիրեք Աստվածաշունչը, երջանիկ կլինեք»։

Վանականը լսում է ճշմարտությունը

Հարավարևելյան Ասիայի երկրներից մեկում մի քույր գնաց հիվանդանոց՝ օպտիկայի մասնագետի մոտ։ Այնտեղ նա հանդիպեց մի վանականի։ Քույրը հարցրեց նրան. «Կցանկանայի՞ք ունենալ կատարյալ առողջություն և ապրել հավիտյան գեղեցիկ մի վայրում»։ Հաճելի զրույց սկսվեց, և քույրը նրան տվեց «Լսիր Աստծուն» գրքույկը։ Վանականը տվեց իր հեռախոսահամարը, և քույրը այն փոխանցեց իրենց ժողովի մի եղբոր։ Շատ չանցած՝ եղբայրը զանգահարեց վանականին և նրան հրավիրեց լսելու Հիշատակի երեկոյից հետո ներկայացվող հատուկ ելույթը։ Վանականին շատ դուր եկավ հանդիպման ծրագիրը, հատկապես Թագավորության երգերի կատարումը։ Նրան նաև շատ էր տպավորել այն, որ բոլորը ջերմորեն ողջունում էին իրեն։

Երբ վանականը հարցրեց, թե արդյոք Վկաները հոգևոր համալսարաններ, կամ՝ ճեմարաններ ունեն, եղբայրը բացատրեց, որ մենք Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում մարդկանց հետ անհատապես, և նրան էլ առաջարկեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հաջորդ շաբաթ, երբ եղբայրը գնաց՝ վանականի հետ ուսումնասիրություն անցկացնելու, վերջինս արդեն կարդացել էր «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի առաջին գլուխը։ Նա շարունակեց ուսումնասիրել և սկսեց հաճախել հանդիպումներին։ Նաև մեկնաբանություններ էր տալիս «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ։

Երբ վանականը ներկա եղավ շրջանային համաժողովի, մասնաճյուղի ներկայացուցիչը նրան հրավիրեց Բեթել՝ էքսկուրսիայի։ Հաջորդ շաբաթ վանականը մոտ տասը ժամվա ճանապարհ անցավ, որ հասնի Բեթել, որտեղ նրան շատ ջերմ ընդունեցին։ 2015թ. փետրվարի վերջին նա թողեց վանականի ծառայությունը։ Այժմ նա շարունակում է ուսումնասիրել Աստվածաշունչը և մասնակցել ժողովի հանդիպումներին։

Կորած էր, բայց գտնվեց

Վերջերս ռահվիրաներ ուղարկվեցին Հնդկաստանի հյուսիսարևելյան շրջաններ, որտեղ երկար տարիներ չէր քարոզվել բարի լուրը։ Ռահվիրաները տեսան, որ այնտեղ շատերն են հետաքրքրություն ցույց տալիս, ուստի որոշեցին հարմար մի վայր գտնել հանդիպումներ անցկացնելու համար։ Մի անգամ Աստվածաշնչի ուսումնասիրության գնալիս նրանք տեսան մի շինություն, որի շինարարությունը դեռ ընթացքի մեջ էր, և մտածեցին, որ կարելի է դրա վերաբերյալ հարցուփորձ անել։ Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը, բայց հետո որոշեցին վերադառնալ ու մանրամասներ իմանալ այդ շինության մասին։ Այդ շենքի մոտ նրանք հանդիպեցին մի տարեց կնոջ և ասացին, որ իրենք Եհովայի վկաներ են։ Կնոջ դեմքը պայծառացավ։ «Ես էլ եմ Եհովայի վկա»,— ասաց նա և ուրախությամբ իր տուն հրավիրեց ռահվիրաներին։ Կինը նրանց ցույց տվեց 1970-ականների և 1980-ականների գրականության իր հավաքածուն։ 30 տարի առաջ նա ուսումնասիրել էր այդ տարածքում ծառայող ռահվիրաների հետ և չնայած ամուսնու հակառակությանը՝ ներկա էր եղել մի քանի հանդիպումների։ Նա համոզվել էր, որ գտել է ճշմարտությունը, բայց, ցավոք, հետագայում, երբ ռահվիրաները մեկնել էին այդ տարածքից, կորցրել էր կապը կազմակերպության հետ։ Նրա բոլոր երեխաները դարձել էին տարբեր եկեղեցիների անդամներ, բայց ինքը հրաժարվել էր որևէ եկեղեցու անդամագրվելուց։

Ճշմարտությամբ հետաքրքրվող մի կին ցույց է տալիս 1970-ականների և 1980-ականների գրականության իր հավաքածուն (Հնդկաստան)

Իսկ որոշ ժամանակ առաջ այդ կնոջ երեխաները սկսել էին ճնշում բանեցնել նրա վրա, որ դառնար կաթոլիկ եկեղեցու անդամ, որպեսզի նրա մահից հետո նրան կաթոլիկական ծիսակարգով թաղեին։ Նրա քույրը անգամ ցանկացել էր անձամբ տանել նրան կաթոլիկ եկեղեցի՝ անդամագրվելու, բայց ճանապարհին ընկել էին խցանման մեջ և ստիպված էին եղել վերադառնալ տուն։ Քույրն ասել էր, որ հաջորդ օրը կգնան, բայց հիվանդացել էր։ Հենց այդ օրն էլ ռահվիրաները հանդիպեցին կնոջը։ Այժմ նա կրկին Աստվածաշունչ է ուսումնասիրում և հաճախում է հանդիպումներին։ Նա նաև իր երեխաներին ու թոռներին է հորդորում ուսումնասիրել Աստվածաշունչը։