Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եղբայրներն ու քույրերը ջերմորեն ողջունում են տարբեր երկրներից ժամանած պատվիրակներին (Անգլիա)

ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Եվրոպա

Եվրոպա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 47

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 743421605

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1614244

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 842091

Թյուրիմացության արդյունքում Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվում

Լոնդոնում (Անգլիա) կայանալիք միջազգային համաժողովը անչափ ուրախալի իրադարձություն էր թե՛ պատվիրակների, թե՛ տեղի Վկաների համար։ Էնդրյուն և Էլիզաբեթը գնացին Լոնդոնի հյուրանոցներից մեկը՝ ողջունելու այլ երկրներից եկած պատվիրակներից մի քանիսին։ Ընդունարանում նկատելով գեղեցիկ ու կոկիկ հագնված մի կնոջ՝ Էլիզաբեթը մտածեց, որ նա պատվիրակներից մեկն է, ուստի մոտեցավ ու ջերմորեն գրկեց նրան։ Տեսնելով, որ կինը զարմացավ՝ Էլիզաբեթը ասաց. «Ներեցեք. ես մտածեցի, թե դուք պատվիրակներից մեկն եք»։

Կինը հարցրեց. «Ի՞նչ պատվիրակ»։

Էլիզաբեթը ցույց տվեց Եհովայի վկաներին ողջունելու համար նախատեսված ցուցանակը, որը դրված էր հյուրանոցի ընդունարանում։ Այդ ժամանակ ի զարմանս Էլիզաբեթի՝ կինն ասաց. «Ինձ շատ հաճելի է, որ մտածեցիք, թե ես էլ եմ Եհովայի վկա։ Իսկապե՞ս Եհովայի վկայի տպավորություն եմ թողնում»։

Զրույցի ընթացքում Էլիզաբեթը իմացավ, որ այդ կնոջ անունը Վիվյեն է, և որ նա ծագումով Նիգերիայից է, ինչպես նաև պարզեց, որ այդ կինը շատ մոտ է ապրում իրեն։ Վիվիենը ընդունեց Էլիզաբեթի՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը և ասաց, որ ցանկանում է, որ իր երեխաները նույնպես ուսումնասիրեն։ Էնդրյուն ու Էլիզաբեթը այցելեցին Վիվյենին, և այս անգամ նա ինքը ջերմորեն դիմավորեց նրանց։ Հստակ էր, որ հյուրանոցում այդ պատահական ու ջերմ հանդիպումը մեծ տպավորություն էր թողել Վիվյենի վրա։ Երբ Էնդրյուն և Էլիզաբեթը նրան ցույց տվեցին «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, պարզվեց, որ Վիվյենն արդեն ունի այդ գրքից և կարդում է այն իր չորս երեխաների հետ։ Իսկ երբ նրանք Վիվյենին ասացին, որ դա այն գիրքն է, որի միջոցով Աստվածաշունչ են ուսումնասիրում, Վիվյենը ոգևորված ասաց. «Դե, եկեք հենց հիմա էլ ուսումնասիրենք»։

Գնչու եղբոր նամակը

2014թ. նոյեմբերին Սլովակիայում հիմնվեց առաջին գնչուական ժողովը։ Վերջերս տեղի ունեցած շրջանային համաժողովի ժամանակ մկրտվեցին 21 գնչուախոս քարոզիչներ։ Բոլորը նույն գյուղից էին։ Իսկ Հիշատակի երեկոյին գնչուախոս ժողովում ներկա էին 495 հոգի։

Երկու քարոզիչ բարի լուրն են քարոզում մի գնչու կնոջ (Սլովակիա)

Նոր մկրտված մի եղբայր գրեց. «Ես Սլովակիայի Ժեհրա քաղաքի գնչուներից եմ։ Այն տարածքում որտեղ ապրում եմ, շատ սպիտակամորթներ մեզ համարում են քոչվոր կյանք վարող, թափթփված, ստախոս ու խաբեբա մարդիկ։ Մի անգամ, երբ ուզում էի եկեղեցի գնալ, այնտեղի պահակը ինձ ասաց, որ դա իմ նմանների տեղը չէ, և թույլ չտվեց՝ ներս մտնեմ։ Այդպիսի դեպքերի պատճառով իմ մեջ վատ կարծիք էր ձևավորվել սպիտակամորթների մասին։ Ավելի ուշ Եհովայի վկաները ինձ հրավիրեցին իրենց Թագավորության սրահ։ Ես գնացի, թեև թերահավատորեն էի տրամադրված ու մտածում էի, որ կրկին հիասթափություն եմ ապրելու։ Բայց անչափ զարմացա, որ դեռ Սրահ չմտած՝ ինձ ձեռքով ողջունեց մի սպիտակամորթ մարդ և ջերմորեն ներս հրավիրեց։ Չէի կարողանում ուշադրությունս կենտրոնացնել հանրային ելույթի վրա։ Անընդհատ մտածում էի. «Այդ ինչպես է, որ բոլորն այսքան ջերմ են իմ նկատմամբ»։

Ամբողջ գիշեր չկարողացա քնել, քանի որ մտածում էի այն ամենի մասին, ինչ տեսել էի Թագավորության սրահում։ Որոշեցի նորից գնալ այնտեղ՝ ստուգելու համար, թե արդյոք իմ հանդեպ դրսևորած բարությունը զուտ պատահականություն էր։ Այս անգամ նրանք ավելի ջերմորեն ընդունեցին ինձ, ասես իրենց հին ընկերը լինեի։ Ես շարունակեցի հաճախել ժողովներին և ի վերջո մկրտվեցի։ Իմ մկրտությունից հետո էլ հավատակիցներս շարունակում են ինձ շատ ջերմ վերաբերվել և միշտ ցույց են տալիս, որ շատ են գնահատում ու սիրում ինձ։ Նրանք իմ հանդեպ հոգատարություն են դրսևորում, և երբեմն նույնիսկ ինձ ավելի լավ կերակուր են հյուրասիրում, քան իրենք են սովորաբար ուտում։ Ուզում եմ միշտ լինել այս կազմակերպության անդամը, և ուզում եմ հավիտյան ծառայել Եհովա Աստծուն»։

Եհովան պատասխանեց նրա աղոթքին

Այսել անունով մի քույր ավտոբուսով Ադրբեջանի Գյանջա քաղաքից գնում էր Բաքու։ Նա աղոթեց Եհովային՝ խնդրելով, որ օգնի իրեն ճանապարհին որևէ մեկի հետ Աստվածաշնչից խոսել։ Թեև Այսելը արդեն ավտոբուսում ուներ իր տեղը, բայց մի կին խնդրեց նրան նստել իր կողքին։ Այսելը սկսեց խոսել այդ կնոջ հետ, և նրան հաջողվեց զրույցը տանել Աստվածաշնչի ուղղությամբ։ Կինն ասաց, որ սիրում է Հիսուսին և ցանկանում է ավելի շատ բան իմանալ նրա մասին։ Այսելը և այդ կինը փոխանակեցին իրենց հեռախոսահամարները և պայմանավորվեցին նորից հանդիպել։ Կինը խնդրեց, որ Այսելը իր համար Աստվածաշունչ բերի։

Երբ Այսելը վերադարձավ Գյանջա, այցելեց այդ կնոջը նրա աշխատավայրում։ Կինն ասաց, որ աղոթագիրք ունի, որը ամեն օր կարդում է։ Քույրը շատ զարմացավ, երբ իմացավ, որ այդ աղոթագիրքը իրականում 2013թ. «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկն է։ Այսելը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց այդ կնոջ հետ։ Նա անչափ ուրախ էր, որ Եհովան իրեն քաջություն տվեց անպաշտոն վկայություն տալու համար։

Շնորհակալական նամակ կալանավորից

Իսպանիայից ստացանք հետևյալ նամակը.

«Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ջանքեր եք թափում աստվածաշնչյան լուրը հասցնելու բոլոր տեսակի մարդկանց։

Առաջին անգամ Եհովայի վկաներին հանդիպեցի 15 տարի առաջ Ալբանիայի Տիրանա քաղաքում։ Այնքան էի զարմացել, որ Վկաներից մեկը քաջություն դրսևորեց ու մոտեցավ տասը երիտասարդներից բաղկացած մեր հանցախմբին։ Մենք զինված էինք, և ոչ ոք չէր համարձակվում խոսել մեզ հետ, բայց նա որոշեց մոտենալ ու սկսեց խոսել Աստվածաշնչի մասին։ Նրա քաջությունը ինձ շատ տպավորեց։

Հետո հայտնվեցի Իսպանիայի այս բանտում։ Չորս տարի առաջ մի Վկա այցելեց ինձ և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց։ Ես համաձայնվեցի։ Այդ օրվանից շատ դրական փոփոխություններ եմ արել։ Այլևս դաժան ու ագրեսիվ անձնավորություն չեմ։ Եվ արդեն քանի տարի է՝ ոչ մի անախորժություն չեմ ունեցել։ Եհովային ճանաչելու շնորհիվ կյանքս իմաստով է լցվել։ Ես ձգտում եմ խաղաղություն ունենալ ինձ շրջապատող մարդկանց հետ և արդեն մեկ տարուց ավելի է՝ չմկրտված քարոզիչ եմ։

Արդեն 12 տարի է, ինչ բանտում եմ, բայց վերջին 4 տարվա ընթացքում վայելում եմ այնպիսի ուրախություն ու մտքի խաղաղություն, որ նախկինում երբևէ չեմ ունեցել։ Ամեն օր Եհովային շնորհակալություն եմ հայտնում դրա համար։

Մի քանի շաբաթ առաջ որոշ տեսանյութեր էի դիտում jw.org կայքում։ Ինձ խորապես հուզեց Միացյալ Նահանգների բանտերից մեկում գտնվող մեր եղբոր մասին տեսանյութը։ Ես զգացմունքային մարդ չեմ, բայց երբ տեսա, թե այդ եղբայրը ինչ փոփոխություններ է արել իր կյանքում, չկարողացա զսպել արցունքներս։

Թող Եհովան օրհնի ձեր ջանքերը, որպեսզի կարողանաք բարի լուրը հասցնել ամեն տեսակ մարդկանց, և որ շարունակեք թարգմանել այդ լուրը բազմաթիվ լեզուներով և այցելել նրանց, ովքեր գտնվում են ուղղիչ հաստատություններում։

Անչափ շնորհակալ եմ ձեզ»։

«Վերջապես մտքի խաղաղություն գտա»

«Ես միշտ կյանքում դատարկություն եմ զգացել և փնտրել եմ ներքին խաղաղություն, որը ինձ անհասանելի էր թվում»,— ասում է 68-ամյա Ֆիլիսիթին, որը ապրում է Շվեդիայում։ Նա չէր գտնում իր հարցերի գոհացուցիչ պատասխանները կաթոլիկ եկեղեցում, ուստի սկսեց տարբեր կրոններ ուսումնասիրել, և ի վերջո ներգրավվեց կախարդության և գուշակության մեջ։

Չգտնելով կյանքի իմաստը՝ Ֆիլիսիթին այնքան էր հուսահատվել, որ անգամ մտածում էր ինքնասպանություն գործելու մասին։ «Լաց լինելով բարձրաձայն աղոթեցի Աստծուն և խնդրեցի, որ ինձ ուղղություն ցույց տա։ Երկու շաբաթ անց մեր դուռը թակեցին։ Երբ բացեցի, մի երիտասարդ, ժպիտը դեմքին, հարցրեց, թե արդյոք ինձ հետաքրքրում է Աստվածաշունչը։ Մտքումս ասացի. «Աստված իմ, միայն ոչ Եհովայի վկաները։ Հաստատ սա չէր իմ ուզածը»»։

Սկզբում նա ուզում էր փակել դուռը, բայց, այնուամենայնիվ, որոշեց լսել Վկաներին։ Ֆիլիսիթին համաձայնվեց ուսումնասիրել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով։ Նա ասում է. «Ինձ օգնեցին, որ նոր լույսի ներքո նայեմ Աստվածաշնչին»։ 2014թ.-ին Շվեդիայում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ Ֆիլիսիթին մկրտվեց։ Նա ասում է. «Սա հենց այն էր, ինչ ես այդքան ժամանակ փնտրում էի։ Վերջապես մտքի խաղաղություն գտա»։