Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Արևմտյան Ճավան պտուղ է բերում

Թիոդորոս Ռատու

Արևմտյան Ճավան պտուղ է բերում

1933թ.-ին Ֆրենկ Ռայսը Հյուսիսային Սուլավեսիի տեղաբնակներից մեկին՝ Թիոդորոս (Թիո) Ռատուին խնդրեց օգնել իրեն Ջակարտայի գրականության պահեստի մասին հոգ տանելու գործում։ Թիոն պատմում է. «Ինձ շատ հետաքրքրեց Թագավորության նվիրական գործը, և ես սկսեցի քարոզել եղբայր Ռայսի հետ։ Հետագայում Բիլ Հանթերի հետ գնացի Ճավա՝ քարոզչական շրջագայության։ Նաև «Լուսակիր» առագաստանավի անձնակազմի հետ ուղևորվեցի դեպի Սումատրա»։ Թիոն առաջին ինդոնեզացին էր, որ ընդունեց ճշմարտությունը։ Նա տասնամյակներ շարունակ ծառայեց որպես ռահվիրա Ճավայում, Հյուսիսային Սուլավեսիում և Սումատրայում։

Հաջորդ տարի Բիլ Հանթերը Ջակարտայում ապրող մի ուսանողի՝ Ֆելիքս Թանին, տվեց «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գրքույկը։ Հետո Ֆելիքսը վերադարձավ իր հայրենի քաղաք՝ Բանդունգ (Արևմտյան Ճավա)։ Նա գրքույկը ցույց տվեց իր կրտսեր եղբորը՝ Դոտոյին։ Ֆելիքսն ու Դոտոն զարմացան, երբ գրքույկի մեջ կարդացին, որ առաջին մարդ Ադամը անմահ հոգի չուներ, այլ հենց ինքն էր հոգի (Ծննդ. 2։7)։ Նրանց հոգևոր ախորժակը բացվել էր, և նրանք ցանկանում էին ավելին իմանալ։ Դիտարանի ընկերության ավելի շատ հրատարակություններ գտնելու համար եղբայրները մտան օգտագործված գրքերի բոլոր խանութները Բանդունգում։ Նրանք իրենց ընտանիքի մյուս անդամներին էլ պատմեցին այն ամենը, ինչ սովորել էին։ Այդ երկու եղբայրները մի շնչով կարդացին իրենց գտած բոլոր գրքերը, իսկ հետո նամակ ուղարկեցին Ջակարտայում գտնվող գրականության պահեստ։ Ի զարմանս եղբայրների՝ շատ չանցած նրանց այցելեց Ֆրենկ Ռայսը՝ իր հետ բերելով նոր գրականություն։

Թաների ընտանիքը

Եղբայր Ռայսը վերադարձավ Ջակարտա։ Դրանից կարճ ժամանակ հետո 15 օրով Բանդունգ եկան Քլեմ և Ջին Դեյշանները՝ նոր ամուսնացած մի զույգ։ Ֆելիքսը պատմում է. «Եղբայր Դեյշանը հարցրեց մեր ընտանիքին, թե ցանկանում ենք արդյոք մկրտվել։ Ես ու մեր ընտանիքից երեք հոգի՝ Դոտոն, կրտսեր քույրս՝ Ժոզեֆինան (Փին Նիոն) և մայրս՝ Կանգ Նիոն, մկրտվեցինք»։ * Մկրտությունից հետո Թաների ընտանիքը միացավ Քլեմին և Ջինին՝ մասնակցելու իննօրյա քարոզարշավի։ Քլեմը նրանց ցույց տվեց, թե ինչպես քարոզեն վկայության քարտի միջոցով, որը պարունակում էր աստվածաշնչյան կարճ տեղեկություն՝ երեք լեզվով։ Շուտով Բանդունգի այդ փոքր խումբը դարձավ ժողով. դա արդեն երկրորդ ժողովն էր Ինդոնեզիայում։

Հռոմի պապի գլխադիրը

Երբ քարոզչական գործը թափ առավ, քրիստոնեական աշխարհի հոգևորականները սկսեցին լրջորեն անհանգստանալ։ Նրանք և նրանց համախոհները թերթերում հոդվածներ հրապարակեցին, որոնցում քննադատում էին Եհովայի վկաների հավատալիքներն ու գործունեությունը։ Կրոնական հարցերով նախարարության պաշտոնյաները կանչեցին Ֆրենկ Ռայսին, որ այդ հոդվածների հետ կապված որոշ հարցեր տան։ Լիովին բավարարված Ֆրենկի պատասխաններով՝ պաշտոնյաները նրան թույլ տվեցին ազատորեն շարունակել իր գործունեությունը։ *

1930-ականների սկզբներին գաղութային իշխանությունները հիմնականում կա՛մ անտեսում, կա՛մ պարզապես հանդուրժում էին քարոզչական գործը։ Բայց երբ նացիստական Գերմանիան Եվրոպայում տարածեց իր իշխանությունը, որոշ բյուրոկրատներ, հատկապես նրանք, ովքեր մոլեռանդ կաթոլիկներ էին, փոխեցին իրենց մոտեցումը։ Քլեմ Դեյշանը պատմում է. «Մաքսատան աշխատակիցներից մեկը, որը կաթոլիկ էր, բռնագրավեց մեր գրքերի մի խմբաքանակ՝ պատճառաբանելով, թե դրանք նացիզմի վերաբերյալ բացասական մտքեր են պարունակում։ Ես գնացի մաքսային վարչություն՝ բողոք ներկայացնելու։ Այդ ժամանակ թշնամաբար տրամադրված աշխատակիցը արձակուրդ էր գնացել, և նրան փոխարինում էր մի բարյացակամ ոչ կաթոլիկ մարդ։ Վերջինս անհապաղ վերադարձրեց մեր գրքերը և ասաց. «Ինչքան կարող եք, վերցրեք, քանի դեռ հիմնական աշխատողն այստեղ չէ»»։

«Մեկ ուրիշ անգամ,— պատմում է Ջին Դեյշանը,— պաշտոնյաները գրաքննության ենթարկեցին «Թշնամիներ» գիրքը։ Նրանք դեմ էին երկու ծաղրանկարների, որոնցից մեկում պատկերված էր օձ (Սատանան), իսկ մյուսում՝ հարբած պոռնիկ կին (կեղծ կրոնը), երկուսի գլխին էլ Հռոմի պապի գլխադիր (խույր) կար։ * Մենք ցանկանում էինք անպայման տարածել այդ գիրքը։ Ուստի հեղձուցիչ տապին երեք հոգով նստեցինք նավամատույցին և սկսեցինք հատ-հատ բացել հազարավոր գրքերը ու սևացնել Հռոմի պապի գլխադիրները»։

«Թշնամիներ» գրքի երկու նկարները, որոնք գրաքննության էին ենթարկվել պաշտոնյաների կողմից

Մինչ Եվրոպայի գլխին կուտակվում էին պատերազմի սև ամպերը, մեր հրատարակությունները շարունակում էին բացահայտորեն խոսել քրիստոնեական աշխարհի կեղծավորության, ինչպես նաև այն մասին, որ հոգևորականները խառնվում են քաղաքականությանը։ Իրենց հերթին հոգևորականները ավելի մեծ ճնշում էին բանեցնում իշխանությունների վրա, որ վերջիններս սահմանափակեն մեր գործունեությունը։ Արդյունքում՝ մեր հրատարակություններից մի քանիսը արգելվեցին։

Սակայն եղբայրները վճռել էին շարունակել քարոզչական գործը, և այդ հարցում նրանց շատ օգնեց Ավստրալիայից ստացած տպագրահաստոցը (Գործ. 4։20)։ Ջին Դեյշանը պատմում է, թե ինչպես էին նրանք գործում այն ժամանակ։ Նա ասում է. «Երբ նոր գրքույկ կամ պարբերագիր էինք տպագրում, պետք է մի օրինակ ներկայացնեինք իշխանություններին՝ հավանություն ստանալու համար։ Մենք շաբաթվա սկզբին տպում էինք հրատարակությունը և այն ուղարկում ժողովներին։ Իսկ շաբաթվա վերջին մի օրինակ տանում էինք գլխավոր դատախազի գրասենյակ։ Եթե հրատարակությունը հավանություն չէր ստանում, ափսոսանքով տարուբերում էինք մեր գլուխները և շտապում տպագրատուն՝ հաջորդ հրատարակությունը տպագրելու»։

Արգելված գրականություն տարածող եղբայրներն ու քույրերը հաճախ, այսպես ասած, մուկ ու կատու էին խաղում ոստիկանության հետ։ Մի անգամ, երբ Չարլզ Հարիսը վկայություն էր տալիս Արևելյան Ճավայի Կեդիրի քաղաքում, պատահմամբ թակեց ոստիկանության տեսուչի դուռը։

Տեսուչն ասաց. «Ամբողջ օրը քեզ էի փնտրում։ Սպասիր, հիմա կբերեմ ձեր արգելված գրքերի ցուցակը»։

Չարլզը պատմում է. «Մինչ տեսուչը զբաղված էր փնտրտուքներով, ես արգելված գրականությունը թաքցրի վերարկուիս գաղտնի գրպաններում։ Երբ նա վերադարձավ, նրան տվեցի 15 գրքույկներ, որոնք արգելված չէին։ Նա դժկամությամբ տվեց իր նվիրաբերությունը։ Դրանից հետո ես շարունակեցի տարածել արգելված գրականությունը մյուս տներում»։

Գրականություն են տպագրում՝ չնայած հակառակությանը

Երբ Եվրոպայում բռնկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Նիդերլանդներից այլևս գրականություն չէր ուղարկվում Ինդոնեզիա։ Սակայն եղբայրները կանխատեսել էին վերահաս դժվարությունները և խոհեմություն դրսևորելով՝ քայլեր էին ձեռնարկել, որ Ջակարտայում մի կոմերցիոն կազմակերպություն տպագրի պարբերագրերը։ «Մխիթարություն» (այժմ՝ «Արթնացե՛ք») պարբերագրի առաջին ինդոնեզերեն թողարկումը լույս տեսավ 1939թ. հունվարին, իսկ «Դիտարան» պարբերագիրը՝ դրանից կարճ ժամանակ հետո։ Այնուհետև եղբայրները ձեռք բերեցին մի փոքր տպագրահաստոց և սկսեցին ինքնուրույն տպագրել պարբերագրերը։ 1940թ.-ին նրանք Ավստրալիայից ստացան հարթ տպագրության ավելի մեծ հաստոց։ Դրանով գրքույկներ և պարբերագրեր էին տպագրում ինդոնեզերենով և հոլանդերենով, ընդ որում բոլոր ծախսերը իրենք էին փակում։

Առաջին տպագրահաստոցը բերվում է Ջակարտայի գրականության պահեստ

1941թ. հուլիսի 28-ին իշխանությունները արգելեցին Դիտարանի ընկերության բոլոր հրատարակությունները։ Ջին Դեյշանը պատմում է. «Մի առավոտ ես գրասենյակում մեքենագրում էի, երբ հանկարծ դռները բացվեցին, ու ներս մտան երեք ոստիկան և ոստիկանության մի բարձրաստիճան հոլանդացի սպա՝ պաշտոնական ողջ հանդերձանքով՝ շքանշաններով, սպիտակ ձեռնոցներով, շքերթային թրով և փետրազարդ գլխարկով։ Մենք անակնկալի չեկանք։ Երեք օր առաջ գաղտնի տեղեկություն էինք իմացել, որ մեր հրատարակությունները շուտով արգելվելու են։ Պերճաշուք հանդերձանքով այդ սպան կարդաց մի երկար ծանուցում, իսկ հետո պահանջեց, որ իրեն ուղեկցենք դեպի տպագրատուն, որ կնիք դնի մեր տպագրահաստոցի վրա։ Բայց ամուսինս ասաց, որ նա ուշացել է. տպագրահաստոցը մեկ օր առաջ վաճառվել էր»։

Բայց Աստվածաշունչը չէր արգելվել։ Ուստի եղբայրները շարունակում էին քարոզել տնից տուն՝ օգտագործելով միայն Աստվածաշունչը։ Նրանք նաև Աստվածաշնչի ուսումնասիրություններ էին անցկացնում։ Բայց քանի որ Ասիայում աստիճանաբար կուտակվում էին պատերազմի մութ ամպերը, օտարերկրացի ռահվիրաներին խնդրեցին վերադառնալ Ավստրալիա։

^ պարբ. 1 Հետագայում Ֆելիքսի հայրը և երեք կրտսեր եղբայրները նույնպես դարձան Վկաներ։ Նրա քույրը՝ Ժոզեֆինան, ամուսնացավ Անդրե Էլիասի հետ, և նրանք սովորեցին Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում։ Ժոզեֆինայի կենսագրությունը հրատարակվել է «Արթնացե՛ք»-ի 2009թ. սեպտեմբերի թողարկման մեջ (անգլ., ռուս.)։

^ պարբ. 1 Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Ֆրենկ Ռայսը վերադարձավ Ավստրալիա և ընտանիք կազմեց։ Նա ավարտեց իր երկրային կյանքը 1986թ.-ին։

^ պարբ. 3 Այդ նկարները հիմնված էին Հայտնություն 12։9 և 17։3–6 համարների վրա։