Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ընդհանուր տեղեկություններ Ինդոնեզիայի մասին

Ընդհանուր տեղեկություններ Ինդոնեզիայի մասին

Տարածքը։ Ինդոնեզիան գտնվում է հասարակածային գոտում՝ Ասիայի մայրցամաքային հատվածի և Ավստրալիայի միջև։ Այն աշխարհի ամենամեծ կղզեխմբային պետությունն է։ Կազմված է ավելի քան 17500 կղզիներից, որոնց մեծ մասը աչքի է ընկնում քարքարոտ լեռներով և փարթամ արևադարձային անտառներով։ Ինդոնեզիան նաև երկրագնդի ամենաակտիվ տեկտոնական շրջաններից է, և այնտեղ կա մոտ 100 գործող հրաբուխ։

Բնակչությունը։ Ինդոնեզիան իր բնակչության թվով չորրորդ պետությունն է աշխարհում (Չինաստանից, Հնդկաստանից և Միացյալ Նահանգներից հետո)։ Այստեղ ապրում են ավելի քան 300 էթնիկ խմբեր։ Միայն ճավացիները և սունդացիները կազմում են երկրի բնակչության կեսից ավելին։

Կրոնը։ Ինդոնեզիայի բնակչության մոտ 90 տոկոսը մուսուլման է։ Մյուսները հիմնականում դավանում են հնդուականություն, բուդդայականություն կամ քրիստոնեություն։ Շատերը նաև հետևում են իրենց ցեղի ավանդական կրոնական սովորույթներին։

Լեզուն։ Երկրում խոսում են ավելի քան 700 լեզվով։ Պետական լեզուն ինդոնեզերենն է, որը ծագում է մալայերենից և հանդիսանում է միջցեղային հաղորդակցման լեզու (լինգվա-ֆրանկա)։ Շատերը ընտանեկան միջավայրում խոսում են նաև իրենց ցեղի լեզվով։

Տնտեսությունը։ Մարդկանց մեծ մասը զբաղվում է փոքր մասշտաբի գյուղատնտեսությամբ կամ առևտրով։ Երկիրը ունի հանքային նյութերի, փայտանյութի, հում նավթի և բնական գազի հարուստ պաշարներ, արտահանում է մեծ քանակությամբ կաուչուկ և արմավի յուղ։

Սնունդը։ Հիմնական սննդամթերքը բրինձն է։ Հայտնի ուտեստներից են նասի գորենգը (տապակած բրինձ և ձու բանջարեղենի հետ), սատեն (փոքր շամփուրների վրա խորոված միս) և գադո-գադոն (գետնանուշի սոուսով աղցան)։

Կլիման։ Երկիրը աչքի է ընկնում շոգ և խոնավ կլիմայով։ Մուսոնային քամիների պատճառով տարվա մեջ հիմնականում երկու եղանակ է լինում՝ անձրևային և չոր։ Հաճախ լինում են ամպրոպներ։