Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Համաժողով արգելքի ժամանակ. ներկաների մի մասը ծրագիրը լսում է նավից

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Լի են հավատարիմ մնալու վճռականությամբ

Լի են հավատարիմ մնալու վճռականությամբ

Երբ մասնաճյուղի եղբայրները իմացան արգելքի մասին, անմիջապես գործի անցան։ Ռոնալդ Ջական պատմում է. «Մեր կոնֆիդենցիալ թղթերը, գրականության պաշարը և մասնաճյուղի ֆինանսական միջոցները տեղափոխեցինք ապահով տեղեր։ Այնուհետև մասնաճյուղը տեղափոխեցինք գաղտնի տարածք և առանց ավելորդ ուշադրություն գրավելու վաճառեցինք նախկին շինությունները»։

Տեղի եղբայրներից շատերը չէին վախենում և շարունակում էին ակտիվորեն գործել։ Նախքան արգելքը նրանք տոկացել էին մեծ դժվարությունների և այժմ էլ շարունակում էին ապավինել Եհովային։ Սակայն որոշ եղբայրներ պատրաստ չէին այդ փորձություններին։ Մի քանի երեցներ վախեցան ու ստորագրեցին մի գրություն, որով համաձայնվում էին այլևս չքարոզել։ Ոմանք էլ մատնեցին ժողովի անդամներին՝ հայտնելով նրանց անունները։ Մասնաճյուղը ուղարկեց մի քանի հասուն եղբայրների, որ նրանք քաջալերեն ու ամրացնեն ժողովներին, և օգնեն նրանց, ովքեր փոխզիջումների էին գնացել։ Կառավարիչ մարմնի անդամ Ջոն Բուտը նույնպես այցելեց Ինդոնեզիա և տվեց հայրական խորհուրդներ, որոնց կարիքը եղբայրները շատ ունեին։

Ակնհայտ էր, որ Եհովան՝ Մեծ Հովիվը, զորացնում էր ու մխիթարում իր ժողովրդին (Եզեկ. 34։15)։ Երեցները սկսեցին ավելի լավ կատարել իրենց պատասխանատվությունները ժողովում և առաջնորդություն վերցնել քարոզչական գործում։ Իսկ քարոզիչները քարոզելու նոր և ավելի զգուշավոր մեթոդներ էին գտնում (Մատթ. 10։16)։ Բազմաթիվ եղբայրներ ու քույրեր Ինդոնեզիայի աստվածաշնչյան ընկերությունից գնում էին ոչ շատ թանկ ժամանակակից Աստվածաշնչեր ու առաջարկում տանտերերին և հնարավորության դեպքում նրբանկատորեն քարոզում էին Թագավորության լուրը։ Որոշ քարոզիչներ մեր գրականության միջից կտրում էին տիտղոսաթերթը և գրականությունը տալիս էին ճշմարտությամբ հետաքրքրվող անհատներին։ Շատ ռահվիրաներ էլ տնետուն էին գնում որպես ապրանք վաճառողներ և միաժամանակ քարոզում էին, ինչպես իրենցից առաջ իրենց հավատակիցներն էին արել ճապոնական օկուպացիայի ժամանակ։

Մարգարետե և Նորբերտ Հաուսլերները

Հետո՝ 1977թ.-ին, կրոնական հարցերով նախարարությունը մեկ ուրիշ հարված հասցրեց Վկաներին՝ հրաժարվելով երկարացնել միսիոներների վիզաների ժամկետները։ Միսիոներների մեծ մասը նշանակվեց այլ երկրներ։ * Նորբերտ Հաուսլերը, որը իր կնոջ՝ Մարգարետեի հետ ծառայել է միսիոներ Մանադոյում (Հյուսիսային Սուլավեսի), պատմում է. «Հարյուրավոր եղբայրներ ու քույրեր եկել էին օդանավակայան՝ մեզ ճանապարհելու։ Մենք մոտեցանք ինքնաթիռի սանդուղքին, ապա մի պահ կանգ առանք ու հետ նայեցինք։ Եղբայրներն ու քույրերը, ի նշան հրաժեշտի, թափահարում էին իրենց ձեռքերը, և ինքնաթիռների ողջ կայանատեղում արձագանքում էին նրանց սրտաբուխ բացականչությունները. «Շնորհակալությո՜ւն։ Շնորհակալությո՜ւն, որ մեզ հետ էիք»։ Մենք բարձրացանք ինքնաթիռ և չկարողացանք զսպել մեր արցունքները»։

Սումբայում ծառայող եղբայրները բռնության են ենթարկվում

Երբ արգելքի մասին լուրերը տարածվեցին ողջ կղզեխմբում, Ինդոնեզիայի եկեղեցիների խորհուրդը իր անդամներին հորդորեց, որ նրանք իշխանություններին տեղեկացնեն Վկաների ցանկացած գործունեության մասին։ Շատ կղզիներում ձերբակալությունների և հարցաքննությունների ալիք բարձրացավ։

Սումբա կղզու Վաինգապու քաղաքում զինվորական օկրուգի հրամանատարը 23 եղբայրների կանչեց տեղի ռազմական ճամբար և պահանջեց, որ նրանք ստորագրեն իրենց հավատից հրաժարվելու մասին մի գրություն։ Երբ եղբայրները չկատարեցին հրամանատարի պահանջը, նա հրամայեց, որ հաջորդ օրը նրանք նորից գան ճամբար. դա նշանակում էր, որ գնալու և հետ գալու համար եղբայրները պետք է ոտքով անցնեին 14 կիլոմետր։

Հաջորդ օրը վաղ առավոտյան եղբայրները ներկայացան հրամանատարին։ Նրանց հրամայեցին մեկ առ մեկ առաջ գալ ու ստորագրել գրությունը։ Երբ եղբայրը հրաժարվում էր ստորագրելուց, զինվորները նրան ծեծում էին փշոտ ճյուղերով։ Մոլեգնած զինվորները այնքան վայրագորեն էին հարվածում եղբայրներին, որ նրանցից ոմանք նույնիսկ կորցնում էին գիտակցությունը։ Այդ ընթացքում մյուս եղբայրները սպասում էին իրենց հերթին։ Մի երիտասարդ եղբայր՝ Մոնի Կելին, առաջ գնաց և սկսեց ինչ-որ բան գրել հրաժարագրի վրա։ Այդ պահին եղբայրների սիրտը տակնուվրա եղավ։ Բայց երբ հրամանատարը կարդաց եղբոր գրածը, գազազեց։ Մոնին գրել էր. «Ես վճռել եմ ընդմիշտ մնալ Եհովայի վկա»։ Եղբորը այնքան դաժանորեն ծեծեցին, որ նա ընկավ հիվանդանոց։ Այդուհանդերձ, նա մնաց անդրդվելի։

11 օր շարունակ հրամանատարը փորձում էր կոտրել եղբայրների վճռականությունը։ Նա հրամայում էր, որ նրանց ամբողջ օրը կանգնեցնեն կիզիչ արևի տակ։ Նաև ստիպում էր եղբայրներին չորեքթաթ անցնել մի քանի կիլոմետր և երկար տարածություն վազել ծանր բեռներով։ Սվինը դրած եղբայրների կոկորդին՝ նա պահանջում էր, որ պատիվ տան դրոշին։ Բայց նրանք մնում էին անսասան։ Այդ ժամանակ նա կարգադրում էր ավելի շատ ծեծել նրանց։

Ամեն առավոտ եղբայրները, հազիվհազ քարշ գալով, հասնում էին ճամբար՝ չիմանալով, թե ինչ նոր չարչարանքներ են սպասում իրենց։ Ճանապարհին միասին աղոթում էին ու միմյանց հորդորում, որ հավատարիմ մնան։ Թեև ամեն երեկո նրանք տուն էին գնում կապտուկներով ու արնաթաթախ, բայց ուրախ էին, որ հավատարիմ են մնացել Եհովային։

Երբ մասնաճյուղում իմացան, թե եղբայրները ինչ անարդար վերաբերմունքի են ենթարկվում, հեռագրերի միջոցով անմիջապես բողոք հայտնեցին Վաինգապույի զինվորական օկրուգի հրամանատարին, Թիմորի և Բալիի երկու բարձրաստիճան զորահրամանատարների, Ջակարտայում գտնվող գերագույն հրամանատարին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Վաինգապույի զինվորական օկրուգի հրամանատարը, վախենալով, որ իր դաժան ու անմարդկային արարքները ամբողջ Ինդոնեզիայում հայտնի կդառնան, դադարեց եղբայրներին հալածելուց։

«Եհովայի վկաները նման են մեխի»

Հաջորդ տարիներին ողջ Ինդոնեզիայում բազմաթիվ Վկաների ձերբակալեցին, հարցաքննեցին ու ֆիզիկական բռնության ենթարկեցին։ Միսիոներներից մեկը՝ Բիլ Պերին, պատմում է. «Մի տարածքում շատ եղբայրներ, դաժան ծեծի ենթարկվելով, կորցրել էին դիմացի ատամները։ Երբ նրանք հանդիպում էին մի եղբոր, որի դիմացի ատամները կոտրված չէին, կատակով ասում էին. «Կամ նոր Վկա ես, կամ էլ հանձնվել ես»։ Չնայած ծանր փորձություններին և հալածանքներին՝ մեր հավատակիցները երբեք չէին կորցնում իրենց ուրախությունը և Եհովային ծառայելու վճռականությունը»։

«Բանտում լինելով՝ սովորեցի ավելի շատ ապավինել Եհովային, և դա ինձ հոգևորապես ամրացրեց»

13 տարիների ընթացքում 93 Վկաներ դատապարտվեցին ազատազրկման երկու ամսից մինչև չորս տարի ժամկետով։ Սակայն այդպիսի անարդար վերաբերմունքի ենթարկվելով՝ նրանք լցվեցին Եհովային հավատարիմ մնալու ավելի մեծ վճռականությամբ։ Երբ ութամսյա ազատազրկումից հետո Մուսա Ռադեն ազատ արձակվեց, այցելեց իր տարածքում ապրող եղբայրներին և քաջալերեց նրանց, որ շարունակեն քարոզչական գործը։ Նա ասում է. «Բանտում լինելով՝ սովորեցի ավելի շատ ապավինել Եհովային, և դա ինձ հոգևորապես ամրացրեց»։ Զարմանալի չէ, որ Վկաների հետ առնչված որոշ մարդիկ ասել են. «Եհովայի վկաները նման են մեխի։ Որքան նրանց «գլխին հարվածում են», այնքան ավելի խորն են գնում ու ամրանում»։

Քարոզիչները գնում են Ամբոն (Մալուկու)՝ քարոզելու

^ պարբ. 1 Երկար տարիներ միսիոներ ծառայած Պիտեր Վանդերհագենը և Լեն Դեյվիսը թոշակառության տարիքի էին, իսկ Մերիան Տամբունանը (նախկինում՝ Սթուվեյ) ամուսնացել էր ինդոնեզացու հետ, ուստի նրանց թույլ տվեցին մնալ Ինդոնեզիայում։ Նրանք երեքն էլ մնացին հոգևորապես ակտիվ և արգելքի ողջ ընթացքում շարունակեցին արդյունավետորեն ծառայել։