Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Մասնաճյուղ «ամպերում»

Մասնաճյուղ «ամպերում»

31-րդ հարկում գտնվող գրասենյակները

2008թ.-ին Ինդոնեզիայում քարոզիչների թիվը հասավ 21699-ի։ Իսկ մասնաճյուղի շենքերում այլևս տեղ չկար։ Եվ քանի որ այդ շենքերը կառուցվել էին արգելքի տարիներին, դրանք գտնվում էին մեկուսի մի վայրում։ Հստակ էր, որ ավելի մեծ և Ջակարտային ավելի մոտ գտնվող մասնաճյուղի կարիք կար։

Մոտ երկու տարի անց եղբայրները Ջակարտայի կենտրոնական մասից ոչ հեռու գնեցին մի տարածք, որը շատ էր տարբերվում մասնաճյուղի նախկին տարածքից։ Այդ տարածքը զբաղեցնում էր 42-հարկանի մի գրասենյակային շենքի ողջ 31-րդ հարկը։ Այնուհետև եղբայրները հարակից բարձրահարկ բնակելի շենքում 12 հարկեր գնեցին, որտեղ կարող էին ապրել 80-ից ավելի բեթելցիներ։ Նաև ձեռք բերեցին հինգհարկանի մի շենք, որտեղ պետք է լինեին Բեթելի տան բաժինները։

Բեթելի բնակելի սենյակները զբաղեցնում են 12 հարկեր

Տարբեր երկրներից եկած շինարարության ծառայողների մի խումբ վարձու շինարարների հետ ձևափոխեց գրասենյակներն ու բնակարանները։ Շինարարության վերակացու Դարեն Բերգը ասում է. «Եհովան բազմիցս օգնել է մեզ, երբ բախվել ենք անհաղթահարելի թվացող խնդիրների։ Օրինակ՝ մենք ցանկանում էինք տեղադրել կոյուղաջրերի մաքրման ժամանակակից մի սարքավորում, բայց տեղի իշխանությունները ծանոթ չէին այդ նոր տեխնիկային, ուստի հավանություն չտվեցին դրա տեղադրմանը։ Հետո տեղի Վկաներից մեկը, որը մասնագիտությամբ ինժեներ է, այդ հարցով դիմեց վերադաս մի պաշտոնյայի։ Վերջինս անմիջապես տվեց իր հավանությունը և ասաց, որ լիովին վստահում է մեր եղբայրների տված երաշխավորմանը»։

«Մենք այլևս չենք փորձում աննկատ մնալ։ Այժմ մարդիկ լավ են ճանաչում Եհովայի վկաներին և տեսնում են, որ մենք մեր տեղն ունենք այս երկրում»

Նոր մասնաճյուղի նվիրումը տեղի ունեցավ 2015թ. փետրվարի 14-ին։ Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը ներկայացրեց նվիրման ելույթը։ Մասնաճյուղի կոմիտեի անդամ Վինսենտ Վիտանտո Իպիկուսուման ասում է. «Այժմ մեր մասնաճյուղը գտնվում է ժամանակակից, բարեկարգ մի թաղամասում, որտեղ գործում են Ինդոնեզիայի մի քանի առաջատար ընկերություններ։ Մենք այլևս չենք փորձում աննկատ մնալ։ Այժմ մարդիկ լավ են ճանաչում Եհովայի վկաներին և տեսնում են, որ մենք մեր տեղն ունենք այս երկրում»։

Մասնաճյուղի կոմիտեն. ձախից աջ՝ Բուդի Սենտոսա Լիմ, Վինսենտ Վիտանտո Իպիկուսումա, Լոտար Միհանկ և Հիդեյուկի Մոտոի

«Այստեղ քարոզելը մեծ բավականություն է պատճառում»

Վերջին տարիներին աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ Վկաներ են տեղափոխվել Ինդոնեզիա։ Լոտար Միհանկը ասում է. «Այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է, մեծ դեր են խաղում այն եղբայրներն ու քույրերը, ովքեր պատրաստ են ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Իրենց փորձով, հասունությամբ ու եռանդով նրանք մեծապես նպաստում են իրենց ժողովների աճին և օգնում են, որ եղբայրներն ու քույրերը ավելի շատ գնահատեն համաշխարհային եղբայրությունը»։ Ի՞նչն է մղում այդ եռանդուն քարոզիչներին տեղափոխվելու այլ վայրեր։ Եվ արդյոք նրանք ուրա՞խ են նման որոշում կայացնելու համար։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

Քարոզիչների մեծ կարիք ունեցող վայրերում ծառայողներ

1. Ջանին և Դան Մուրեր

2. Մենդի և Ստյուարտ Ուիլյամսներ

3. Կեյսի և Ջեյսն Գիբսեր

4. Մերի (առջևում՝ աջ կողմում) և Տակահիրո (հետևում՝ աջ կողմում) Ակիյամաներ

Ջեյսն և Կեյսի Գիբսերը, որոնք Միացյալ Նահանգներից են, պատմում են. «Մենք «Տարեգրքում» աչքի անցկացրինք տարբեր երկրների քարոզիչների ու բնակչության թվերի հարաբերակցությունը և տեսանք, որ Ինդոնեզիան այն երկրներից է, որտեղ քարոզիչների շատ մեծ կարիք կա։ Հետո մեր ընկերներից մի քանիսը, ովքեր ծառայել էին այդպիսի տարածքներում, ասացին, որ Ինդոնեզիայում աճի մեծ պոտենցիալ կա։ Ուստի մենք զանգահարեցինք Ինդոնեզիայի մասնաճյուղ, և մեզ ասացին, որ կարող ենք տեղափոխվել Բալի։ Քանի որ Ինդոնեզիայի անգլիախոս դաշտում քարոզչական գործը նոր էր սկսվում, մենք կարող էինք նպաստել այդ գործի ընդլայնմանը։ Մտադրվել էինք մնալ մեկ տարի, բայց արդեն երեք տարի է՝ այստեղ ենք։ Շատերը, ում քարոզում ենք, երբեք չեն լսել Եհովայի վկաների մասին։ Այստեղ ծառայելը մեզ մեծ բավականություն է պատճառում»։

Ստյուարտ և Մենդի Ուիլյամսները՝ միջին տարիքի ամուսիններ Ավստրալիայից, ասում են. «Մենք ցանկանում էինք գտնել ճշմարտությանը ծարավ մարդկանց, ուստի որոշեցինք տեղափոխվել Ինդոնեզիա։ Այստեղ՝ Մալանգում (Արևելյան Ճավա), հանդիպում ենք հարյուրավոր անգլիախոս ուսանողների, որոնք մեծ հետաքրքրությամբ են լսում բարի լուրը։ Նրանց շատ է դուր գալիս մեր jw.org վեբ կայքը։ Քարոզչական գործը այստեղ ուղղակի հիանալի է»։

Տակահիրո և Մերի Ակիյամաները, ովքեր ծառայում են որպես ռահվիրա Ճավա կղզու Ջոկյակարտա քաղաքում, պատմում են. «Այստեղ մեզ ավելի ապահով ենք զգում, քան մեր երկրում՝ Ճապոնիայում։ Մարդիկ բարի են ու սիրալիր։ Շատերը, հատկապես երիտասարդները, հետաքրքրվում են այլ կրոններով։ Մի օր հրապարակային վկայության ժամանակ ընդամենը հինգ ժամում բաժանեցինք մոտ 2600 ամսագիր»։

Դան և Ջանին Մուրերը՝ 50-ն անց ամուսիններ, ասում են. «Ծառայության ժամանակ մարդիկ հավաքվում են մեր շուրջը։ Մենք ժպտում ենք նրանց, նրանք էլ մեզ են ժպտում։ Սկզբում պարզապես հետաքրքրվում են, հետո ցանկանում են ավելին իմանալ և նոր բաներ սովորելով՝ անչափ տպավորվում են։ Երբ Աստվածաշնչում ինչ-որ միտք ենք ցույց տալիս, ոմանք ասում են. «Կարո՞ղ եմ գրի առնել դա»։ Նրանք հիանում են Աստվածաշնչում գրված իմաստուն մտքերով։ Արդեն մեկ տարի է՝ այստեղ ենք և շատ ենք ափսոսում, որ ավելի շուտ չենք տեղափոխվել։ Մենք փնտրում էինք մի տարածք, որտեղ մարդիկ ծարավ են ճշմարտության, և ահա գտել ենք այն»։

Միշա և Կրիստինա Բիրենսները 2009թ.-ին եկան Ինդոնեզիա որպես միսիոներներ, իսկ այժմ շրջագայական ծառայություն են կատարում։ Նրանք պատմում են. «Նույնիսկ Արևելյան Ճավայի Մադուրա կղզում, որը բնակեցված է պահպանողական մուսուլմաններով, մարդիկ շատ լավ են արձագանքում մեր քարոզած լուրին։ Հաճախ մեքենայով անցնելիս կանգ են առնում և ամսագրեր խնդրում մեզանից։ Նրանք սովորաբար ասում են. «Ես մուսուլման եմ, բայց հաճույքով եմ կարդում այս ամսագրերը։ Կարո՞ղ եմ մի քանիսն էլ ընկերներիս համար վերցնել»։ Այստեղ քարոզելը մեծ բավականություն է պատճառում»։

Արտերը սպիտակել են հնձի համար

1931թ.-ին, երբ Ֆրենկ Ռայսը եկավ Ջակարտա, Ինդոնեզիայում ապրում էր մոտ 60000000 մարդ։ Այժմ բնակչության թիվը հասնում է 260000000-ի, ինչի շնորհիվ Ինդոնեզիան դարձել է ամենաշատ բնակչություն ունեցող չորրորդ պետությունը աշխարհում։

Ինդոնեզիայում զգալիորեն աճել է նաև Եհովայի վկաների թիվը։ 1946թ.-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երկրում կար ընդամենը տասը հավատարիմ քարոզիչ։ Իսկ այսօր Ինդոնեզիայում կա ավելի քան 26000 քարոզիչ, ինչը հստակ ցույց է տալիս, որ Եհովան օրհնում է իր ժողովրդին։ 2015թ.-ին Հիշատակի երեկոյին ներկա է եղել 55864 հոգի, և դա վկայում է այն մասին, որ երկրում աճի մեծ պոտենցիալ կա։

Հիսուսը ասել է. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։37, 38)։ Ինդոնեզիայում Եհովայի հավատարիմ ծառաները վարվում են այս հորդորին ներդաշնակ։ Նրանք վճռականորեն շարունակում են իրենց եռանդուն ծառայությունը, որպեսզի Եհովայի մեծ անունը փառաբանվի այդ կղզային պետության ամեն անկյունում (Ես. 24։15