Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վկաները Ճավայի Սեմարանգ քաղաքում (մոտ 1937թ.)

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Հենց այստեղից էլ կսկսեմ

Հենց այստեղից էլ կսկսեմ

Ալեքսանդր Մաք-Գիլիվրեյը, որը Ավստրալիայի մասնաճյուղի ծառայողն էր, կամ՝ վերակացուն, մտքերի մեջ խորասուզված, այս ու այն կողմ էր քայլում իր գրասենյակում։ Մի քանի օր շարունակ նա մտորում էր մի խնդրի շուրջ։ Այժմ գտել էր լուծումը և պետք է խոսեր Ֆրենկ Ռայսի հետ։

Ֆրենկը 28-ամյա համարձակ մի երիտասարդ էր, որը ծառայում էր որպես գրքեր տարածող (ռահվիրա)։ Նա մի քանի շաբաթ առաջ էր եկել մասնաճյուղ։ Ֆրենկը ճշմարտությունն իմացել էր պատանեկան տարիքում և շատ չանցած՝ սկսել էր ծառայել որպես գրքեր տարածող։ Այնուհետև ավելի քան տասը տարի քարոզել էր Ավստրալիայի տարբեր տարածքներում՝ ճանապարհորդելով ձիով, հեծանվով, մոտոցիկլետով և բնակելի ավտոֆուրգոնով։ Այժմ՝ Բեթելում մի կարճ ժամանակ մնալուց հետո, նա պատրաստ էր սկսել իր ծառայությունը նոր տարածքում։

Եղբայր Մաք-Գիլիվրեյը, Ֆրենկին կանչելով իր գրասենյակ, նրան ցույց տվեց Ավստրալիայից հյուսիս ընկած կղզիների քարտեզը և ասաց. «Ֆրենկ, կուզե՞ս այս տարածքում սկիզբ դնել քարոզչական գործին։ Այս կղզիներում ոչ մի քարոզիչ չկա»։

Ֆրենկը աչքերը հառել էր Հնդկական օվկիանոսում մարգարիտների նման շողացող այդ կղզիներին՝ Նիդերլանդական Օստ Ինդիային (այժմ՝ Ինդոնեզիա)։ * Այդ կղզիներում ապրում էին միլիոնավոր մարդիկ, որոնք դեռ չէին լսել Աստծու Թագավորության բարի լուրը։ Մատնացույց անելով երկրի մայրաքաղաքը՝ Բատավիան (այժմ՝ Ջակարտա)՝ Ֆրենկն ասաց. «Հենց այստեղից էլ կսկսեմ»։

Քարոզում են Ճավայում

1931թ.-ին Ֆրենկ Ռայսը եկավ Ջակարտա՝ Ճավա կղզում գտնվող մի մեծ, աշխույժ քաղաք։ Նա քաղաքի կենտրոնին մոտ մի բնակարան վարձեց և ի զարմանս տանտիրուհու՝ այն լցրեց աստվածաշնչյան գրականությամբ լի արկղերով։

Ֆրենկ Ռայսը և Քլեմ Դեյշանը Ջակարտայում

Ֆրենկը պատմում է. «Սկզբում ինձ օտար ու միայնակ էի զգում, և կարոտը տանջում էր ինձ։ Մարդիկ շրջում էին սպիտակ խտակտավե հագուստներով և արմավենու միջուկից պատրաստված գլխարկներով, իսկ ես իմ ավստրալիական հաստ հագուստի մեջ շոգից խեղդվում էի։ Հոլանդերեն կամ ինդոնեզերեն մի բառ անգամ չգիտեի։ Սակայն աղոթքով Եհովայից առաջնորդություն խնդրելուց հետո որոշեցի քարոզել քաղաքի գործարար շրջանում. մտածեցի, որ այնտեղ անպայման կլինեն անգլերեն իմացող մարդիկ։ Սկսեցի քարոզել և պարզվեց, որ դա իսկապես «պտղաբեր» տարածք է»։

Քանի որ Ջակարտայի բնակիչների մեծ մասը հոլանդերեն էր խոսում, Ֆրենկը շատ ջանք էր թափում, որ սովորեր այդ լեզուն, և շուտով սկսեց քարոզել տնից տուն։ Ֆրենկը աստիճանաբար սովորեց նաև ինդոնեզերենը։ Նա ասում է. «Մեծ դժվարություն էր այն, որ ինդոնեզերեն ոչ մի գրականություն չունեի։ Բայց Եհովայի առաջնորդությամբ հանդիպեցի մի ինդոնեզացի ուսուցչի, որը սկսեց հետաքրքրվել ճշմարտությամբ ու համաձայնեց թարգմանել «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գրքույկը։ Նա այլ գրքույկներ էլ թարգմանեց։ Շուտով ինդոնեզերեն խոսող շատ մարդիկ սկսեցին հետաքրքրվել ճշմարտությամբ»։

1931թ. նոյեմբերին Ավստրալիայից Ջակարտա եկան երկու այլ ռահվիրաներ՝ 25-ամյա Քլեմ Դեյշանը և 19-ամյա Բիլ Հանթերը։ Քլեմն ու Բիլը բերել էին իրենց ռահվիրայական անվավոր տունը՝ մի մեքենա-տնակ, որն այդ ժամանակներում հազվագյուտ բան էր Ինդոնեզիայում։ Հոլանդերեն մի քանի արտահայտություններ սովորելուց հետո նրանք քարոզչական շրջագայություն ձեռնարկեցին և քարոզեցին Ճավայի խոշոր քաղաքներում։

Չարլզ Հարիսը քարոզելու էր գնում հեծանվով և բնակելի ավտոֆուրգոնով (ներքևում՝ աջ կողմում)

Քլեմից ու Բիլից հետո Ճավա եկավ մեկ ուրիշ ջանասեր ավստրալիացի ռահվիրա՝ Չարլզ Հարիսը։ 1935թ.-ից սկսած՝ Չարլզը բնակելի ավտոֆուրգոնով և հեծանվով անցավ Ճավայի գրեթե ողջ տարածքը՝ քարոզելով և տարածելով գրականություն հինգ լեզվով՝ անգլերեն, արաբերեն, ինդոնեզերեն, հոլանդերեն և չինարեն։ Եղել են տարիներ, որ նա տարածել է աստվածաշնչյան գրականության ավելի քան 17000 օրինակ։

Չարլզն այնքան շատ գրականություն էր տարածում, որ դա շարժեց բազմաթիվ մարդկանց հետաքրքրությունը։ Մի անգամ Ջակարտայում մի պաշտոնյա հարցրեց Քլեմ Դեյշանին. «Ձերոնցից քանի՞ հոգի է քարոզում Արևելյան Ճավայում»։

«Միայն մի հոգի»,— պատասխանեց եղբայր Դեյշանը։

«Քեզ թվում է՝ կհավատա՞մ դրան,— զայրացած բղավեց պաշտոնյան,— դատելով այնտեղ տարածվող գրականության քանակից՝ կարող եմ հաստատ ասել, որ դուք մի ամբողջ բանակ ունեք»։

Ճավայում քարոզող առաջին ռահվիրաները անընդհատ մի վայրից մյուսն էին տեղափոխվում, որպեսզի կարողանային հնարավորինս շատ մարդկանց քարոզել։ Բիլ Հանթերն ասում է. «Մենք քարոզելով ծայրից ծայր անցել ենք ողջ կղզին և հազվադեպ է եղել, որ ինչ-որ մեկի հետ երկու անգամ խոսենք»։ Մի վայրից մյուսը տեղափոխվելով՝ այդ ռահվիրաները մեծ քանակությամբ հոգևոր սերմեր ցանեցին, որոնք հետագայում առատ բերք տվեցին (Ժող. 11։6; 1 Կորնթ. 3։6

Բարի լուրը քարոզվում է Սումատրայում

1936թ.-ին Ճավայում ծառայող ռահվիրաները քննարկեցին այն հարցը, թե ինչպես սկսեն քարոզչական գործը Սումատրայում, որն իր մեծությամբ վեցերորդ կղզին է աշխարհում։ Այդ լեռնոտ կղզում, որն ընկած է հասարակածի երկու կողմերում, կան մեծ քաղաքներ ու պլանտացիաներ, ինչպես նաև ընդարձակ ճահճուտներ ու խոնավ արևադարձային անտառներ։

Ռահվիրաները որոշեցին այնտեղ ուղարկել Ֆրենկ Ռայսին, ուստի հավաքեցին իրենց ունեցած աղքատիկ միջոցները՝ նրա ճանապարհածախսը հոգալու համար։ Շուտով Ֆրենկը եկավ Հյուսիսային Սումատրայի Մեդան քաղաք։ Նա իր հետ վերցրել էր ծառայության համար նախատեսված երկու պայուսակ, 40 արկղ գրականություն և մի քիչ փող։ Ֆրենկը ամուր հավատի տեր անձնավորություն էր։ Նա անհապաղ գործի անցավ՝ լիովին համոզված, որ Եհովան կօգնի իրեն ունենալ ամեն անհրաժեշտ բան իր ծառայությունը կատարելու համար (Մատթ. 6։33

Մեդանում քարոզելու վերջին շաբաթվա ընթացքում Ֆրենկը հանդիպեց մի բարեհամբույր հոլանդացու, որը նրան ներս հրավիրեց՝ սուրճ խմելու։ Զրույցի ընթացքում Ֆրենկն այդ մարդուն ասաց, որ իրեն մեքենա է հարկավոր բարի լուրը կղզու ողջ տարածքում քարոզելու համար։ Մատնացույց անելով իր այգում կանգնած մեքենան, որը փչացած էր՝ հոլանդացին ասաց. «Եթե կարողանաս սարքել, ես այն քեզ կվաճառեմ 100 գուլդենով»։ *

«Ես այդքան գումար չունեմ»,— ասաց Ֆրենկը։

Հոլանդացին խորազնին հայացքով նայեց Ֆրենկին ու հարցրեց. «Իսկապե՞ս ուզում ես քարոզել Սումատրայի ողջ տարածքում»։

«Այո՛»,— պատասխանեց Ֆրենկը։

«Լավ, այդ դեպքում եթե սարքես մեքենան, կարող ես վերցնել այն, իսկ գումարը հետո կտաս, երբ փող ունենաս»,— ասաց հոլանդացին։

Ֆրենկը անմիջապես գործի անցավ, ու շատ չանցած՝ մեքենան արդեն անխափան աշխատում էր։ Ավելի ուշ նա գրեց. «Ես ճանապարհ ընկա՝ քարոզելու Սումատրայի բնակիչներին. մեքենան լի էր գրականությամբ, բաքը՝ վառելանյութով, իսկ սիրտս՝ հավատով»։

Հենրի Քոկմանը Ջին և Քլեմ Դեյշանների հետ Սումատրայում (1940թ.)

Մեկ տարի անց՝ ամբողջ կղզին ծայրից ծայր քարոզելուց հետո, Ֆրենկը վերադարձավ Ջակարտա։ Այնտեղ նա վաճառեց մեքենան 100 գուլդենով և գումարը փոստով ուղարկեց հոլանդացուն։

Մի քանի շաբաթ անց Ֆրենկը Ավստրալիայից նամակ ստացավ, որում նշված էր նրա նշանակման նոր վայրը։ Նա անմիջապես հավաքեց իրերը ու մեկնեց Հնդկաչին (ներկայիս՝ Կամբոջա, Լաոս և Վիետնամ)՝ այնտեղ սկիզբ դնելու քարոզչական գործին։

^ պարբ. 4 Նախկինում կոչվել է նաև Հոլանդական Օստ Ինդիա։ Մոտ 300 տարի առաջ հոլանդացիները այստեղ հաստատել էին իրենց գաղութային տիրապետությունը, որի հիմքում ընկած էր համեմունքների շահութաբեր առևտուրը։ Այս պատմության մեջ օգտագործվում են ժամանակակից տեղանունները։

^ պարբ. 3 Համարժեք է այսօրվա 1100 ԱՄՆ դոլարին։