Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բարի լուրը քարոզում են Մոսկվայում (Ռուսաստան)

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրավաբանական հաշվետվություն

Իրավաբանական հաշվետվություն

Պետական գրանցում

Պետական գրանցում ունենալը Եհովայի վկաների համար պարտադիր պայման չէ, որ կարողանան կրոնական գործունեություն ծավալել։ Սակայն գրանցումը հնարավորություն է տալիս հանդիպումների անցկացման համար տարածք գնել կամ վարձակալել, ինչպես նաև կրոնական գրականություն ներմուծել։

  • 2004թ.-ին Ռուսաստանի դատական մարմինները լուծարեցին Մոսկվայում Եհովայի վկաների իրավաբանական անձը, ինչի հետևանքով մեր հավատակիցների հանդեպ թշնամանքն ավելի սաստկացավ։ Ոստիկանները անհանգստացնում ու հետապնդում էին նրանց։ Մեր հավատակիցներից ոմանք էլ հարձակման ենթարկվեցին ծառայության ժամանակ։ Բացի այդ, մեր հանդիպումների անցկացման վայրերի սեփականատերերը չեղյալ համարեցին վարձակալման պայմանագրերը, ինչի հետևանքով մեր եղբայրները զրկվեցին երկրպագության համար հավաքվելու պատշաճ վայրերից։ 2010թ.-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հաստատեց, որ Ռուսաստանը խախտել է Մոսկվայի Եհովայի վկաների իրավունքը, և Ռուսաստանին պարտավորեցրեց վերագրանցել իրավաբանական անձը։ Ուրախ ենք տեղեկացնել, որ 2015թ. մայիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության Մոսկվայի վարչությունը գրանցեց Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությունը։

Հարկերի հետ կապված հարցեր

Աշխարհի տարբեր մասերում Եհովայի վկաների իրավաբանական անձինք, ինչպեսև կրոնական և բարեգործական կազմակերպությունների մեծ մասը, ազատված են հարկերից։ Սակայն լինում են դեպքեր, որ կառավարությունները հրաժարվում են ճանաչել մեր՝ հարկերից ազատված լինելու իրավունքը։

  • Շվեդիայում իշխանությունները պնդում են, որ Բեթելը հատուկ լիաժամ ծառայողների կրոնական համայնք չէ, այլ իրականացնում է կոմերցիոն գործունեություն՝ «աշխատանքի» վերցնելով բեթելցիների։ Պետությունը տասնյակ հազարավոր եվրոների հասնող եկամտային հարկ (աշխատավարձից գանձվող հարկ) է սահմանել Բեթելի և առանձին բեթելցիների նկատմամբ։ Այս հարցը լուծելու համար Շվեդիայի Վկաները բողոքներ են ներկայացրել ներպետական դատարաններ և վեց առանձին գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ։

Չեզոքություն և համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարում

Եհովայի ժողովուրդը լուրջ է վերաբերվում «սրերից խոփեր կոփելու» և «այլևս պատերազմել չսովորելու» աստվածաշնչյան պատվերին (Ես. 2։4)։ Նրանք պահում են իրենց չեզոքությունը նույնիսկ այն դեպքում, երբ կառավարությունը չի տրամադրում այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն։

  • Հարավային Կորեայի ներկայիս Սահմանադրությունը չի երաշխավորում համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունք։ Անցած 60 տարիների ընթացքում ավելի քան 18000 Վկա տղամարդիկ ազատազրկման են դատապարտվել զինծառայությունից հրաժարվելու համար։ Այս երկրում ապրող գրեթե ամեն Վկա ունեցել է կամ ունի ազատազրկված ընկեր կամ ընտանիքի անդամ։ Հարավային Կորեայի սահմանադրական դատարանի՝ 2004թ. և 2011թ. որոշումների համաձայն՝ նման ազատազրկումները չեն հակասում Սահմանադրությանը։ Սակայն 2015թ.-ին դատարանը դռնբաց դատաքննություն անցկացրեց այդ հարցը կրկին քննելու համար։ Ողջ աշխարհում Եհովայի վկաները աղոթում են, որ այս երկար ձգձգվող հարցը վերջապես լուծում ստանա, որպեսզի Հարավային Կորեայի մեր երիտասարդ եղբայրները այլևս իրենց հավատի համար չազատազրկվեն։

  • Արդեն 22-րդ տարին է, որ Էրիթրեայում երեք Եհովայի վկաներ՝ Պաուլոս Իյասուն, Իսակ Մոգոսը և Նեգեդե Տեկլեմարիամը, ազատազրկման մեջ են համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու պատճառով։ Նրանց դեմ երբեք պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, և նրանց հնարավորություն չի տրվել դատարանում պաշտպանելու իրենց։ Նրանք 50 այլ բանտարկված եղբայրների ու քույրերի հետ հավատարմորեն տոկում են՝ չնայած դաժան վերաբերմունքին և բանտի վատ պայմաններին։ Վստահ ենք, որ Եհովան լսում է հավատի համար բանտում «եղողների հառաչանքը» և անպայման կօգնի նրանց (Սաղ. 79։11

  • Ուկրաինայում զորահավաքի ժամանակ Վիտալի Շալայկոն 2014թ. օգոստոսին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագիր ստացավ։ Այնտեղ նա հայտնեց, որ համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվում է զինվորական ծառայությունից, բայց պատրաստ է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարել։ Դատախազը եղբայր Շալայկոյին մեղադրեց զորահավաքից խուսափելու մեջ, բայց առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը արդարացրին նրան։ Վերաքննիչ դատարանը նշեց, որ պետական անվտանգության մասին մտահոգությունը չի արդարացնում երաշխավորված իրավունքների սահմանափակումը, և որ «համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը չի կարող սահմանափակվել ազգային անվտանգության շահերի պատճառով»։ Դատախազը կրկին բողոքարկեց այդ որոշումը։ 2015թ. հունիսի 23-ին Ուկրաինայի Գերագույն դատարանի քաղաքացիական և քրեական գործերով պալատը անփոփոխ թողեց ավելի ցածր ատյանների որոշումները։ Այդպիսով այն հաստատեց, որ համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու և այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու իրավունքը երաշխավորված է անգամ պատերազմական իրավիճակներում։

Վիտալի Շալայկոն քարոզում է բարի լուրը (Ուկրաինա)

Գործի ելքի վերաբերյալ եղբայր Շալայկոն ասում է. «Ինձ շատ էին զորացնում Երեմիա 1։19-ի խոսքերը։ Ինչպիսին էլ լիներ գործի ելքը, ես պատրաստ էի դրան, և ինձ համար ամենակարևորը Եհովային հավատարիմ մնալն էր։ Միշտ վստահ եմ եղել, որ նա երբեք չի թողնի ինձ, այլ ուժ կտա, որ կարողանամ հավատարիմ մնալ։ Սակայն գործի ելքը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները։ Բոլոր երեք ատյաններն էլ ինձ արդարացրին։ Բոլոր դատաքննությունների ժամանակ եղբայրները աջակցել են ինձ։ Երբեք ինձ մենակ չեմ զգացել»։

Չեզոքություն և հայրենասիրական արարողություններ

Հայրենասիրական արարողությունները մեկ այլ դժվարություն են նրանց համար, ովքեր ուզում են քրիստոնեական չեզոքություն պահել։ Եհովայի հանդեպ հավատարմություն պահելու հարցում գուցե հատկապես մեծ ճնշումների ենթարկվեն դպրոցականները, քանի որ դպրոցի ղեկավարությունը հաճախ աշակերտներին պարտադրում է երգել ազգային հիմնը կամ պատիվ տալ դրոշին։

  • Ռուանդայի Կարոնգի շրջանում դպրոցի ղեկավարությունը մի քանի Վկա աշակերտների մեղադրեց ազգային հիմնի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ, քանի որ վերջիններս հրաժարվել էին երգել այն։ Աշակերտներին հեռացրին դպրոցից և անգամ բանտարկեցին։ 2014թ. նոյեմբերի 28-ին Կարոնգիի միջնորդ դատարանը արդարացրեց աշակերտներին և վճռեց, որ ազգային հիմնը երգելուց հրաժարվելը անհարգալից վերաբերմունքի դրսևորում չէ։ Աֆրիկյան ուրիշ երկրներում էլ, ինչպես, օրինակ, Կամերունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում և Մալավիում դպրոցահասակ Վկաները բախվել են նույն խնդրին, և ոմանք հեռացվել են դպրոցից։ Այս երկրներում մեր եղբայրները քայլեր են ձեռնարկում, որ պետական պաշտոնյաներն ու դպրոցների տնօրինությունները տեղեկացված լինեն Եհովայի վկաների չեզոք դիրքորոշման մասին։

  • Միրնա Պազը և Բեսի Սերանոն ավարտական վկայականներ ստացան (Հոնդուրաս)

    2013թ. դեկտեմբերին Լեպաերայում (Հոնդուրաս) միջնակարգ դպրոցներից մեկի տնօրինությունը որոշեց ավարտական վկայական չտալ երկու Վկա աշակերտների, քանի որ նրանք հրաժարվել էին երգել ազգային հիմնը և պատիվ տալ դրոշին։ Այդ հարցը լուծելու համար երկու Եհովայի վկա իրավաբաններ հանդիպեցին կրթության նախարարության ներկայացուցչի հետ և նրան ներկայացրին այլ երկրների նախադեպային որոշումներ, որոնք թիկունք են կանգնում Վկա աշակերտների դիրքորոշմանը։ Պաշտոնյան շատ բարեհամբույր էր և թույլ տվեց, որ աշակերտներն ու նրանց ծնողները գրավոր փաստեր ներկայացնեն Հոնդուրասի կրթության նախարարության իրավաբանական վարչության պետին։ Վերջինս, քննելով ներկայացված բողոքը, 2014թ. հուլիսի 29-ին հրապարակեց մի շրջաբերական, որում նշվում էր, որ կրթությունը «պետք է մատչելի լինի հասարակության [բոլոր անդամներին] առանց որևէ խտրականության»։ Վարչության պետը նաև կարգադրեց, որ այդ Վկա աշակերտներին տրվեն ավարտական վկայականներ։

Խտրականություն պետական մարմինների կողմից

Ցանկացած երկրում, մենք՝ Եհովայի վկաներս, հնազանդվելով Հիսուսի պատվերին, Թագավորության բարի լուրն ենք քարոզում, միասին հավաքվում ենք Աստծուն երկրպագելու համար և կանոնավորաբար ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը։ Նաև լրջորեն ենք վերաբերվում Եհովայի օրենքները մեր երեխաների մեջ սերմանելու և արյունից հեռու մնալու աստվածաշնչյան պատվերներին (Գործ. 15։20; 2Օրենք 6։5–7)։ Սակայն երբեմն այս պատվերներին հնազանդվելու պատճառով խնդիրներ ենք ունենում պետական իշխանությունների հետ, որոնք հաճախ սխալ են հասկանում մեր դիրքորոշումը։

  • ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում առաջին ատյանի դատարանը ոչ Վկա մորը իր երեք երեխաներին կրոնական դաստիարակություն տալու բացառիկ իրավունք շնորհեց։ Իսկ հորը, որը Վկա է, կարգադրեց կաթոլիկ հավատալիքներին հակասող որևէ հոգևոր կրթություն չտալ երեխաներին։ Հայրը բողոքարկեց դատարանի վճիռը, և 2014թ. օգոստոսի 18-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի դրած սահմանափակումները։ Հիմնվելով արդեն հաստատված նախադեպային որոշման վրա՝ դատարանը նշեց. «Երեխային կրոնական հավատալիքներ ուսուցանելու հարցում ոչ խնամակալ ծնողի իրավունքի վրա դրված սահմանափակումները հետևողականորեն չեղյալ են համարվել, երբ չի եղել որևէ հստակ ապացույց, որ խնդրո առարկա կրոնական կրթությունը վտանգավոր է երեխայի համար»։

    Այս որոշմամբ երեխաները իրավունք են ստանում առանց որևէ սահմանափակման օգուտներ քաղելու Եհովա Աստծու տված բարերար հոգևոր կրթությունից և առաջնորդությունից։ Նրանք այժմ ընկերակցում են տեղի ժողովի հետ և հոգևորապես առաջադիմում են։ Հայրն ասում է. «Այս դժվարության միջով անցնելը կոփել է ինձ։ Վերջերս հավատս փորձվել է տարբեր առիթներով, բայց Եհովան օգնել է, որ ամուր մնամ։ Ես գիտեմ, որ բոլոր նրանք, ովքեր որոշում են ծառայել Եհովային, անխուսափելիորեն բախվում են հալածանքի ու դժվարությունների»։

  • Էֆիջինյա Սիմենտեն իր երեք երեխաների հետ (Նամիբիա)

    Նամիբիայում ապրող մի քույր՝ Էֆիջինյա Սիմենտեն, որը երեք երեխաների մայր է, լուրջ փորձության առաջ կանգնեց։ Երբ նա ծննդաբերում էր երրորդ երեխային, բարդություններ առաջացան, և բուժանձնակազմի որոշ աշխատողներ, ինչպես նաև ընտանիքի ոչ Վկա անդամները դատարանի կարգադրությամբ փորձեցին ստիպել նրան արյան փոխներարկում ընդունել։ Բայց քույր Սիմենտեն հաստատակամորեն հրաժարվեց փոխներարկումից և քայլեր ձեռնարկեց, որ օրինականորեն պաշտպանի բուժման ձև ընտրելու իր իրավունքը։ 2015թ. հունիսի 24-ին Նամիբիայի Գերագույն դատարանը բավարարեց քրոջ ներկայացրած բողոքը՝ սահմանելով, որ «մարդն իր մարմինը սեփական հայեցողությամբ տնօրինելու անքակտելի իրավունք ունի՝ անկախ նրանից ծնող է, թե ոչ»։ Քույր Սիմենտեն ասաց. «Մենք առավել քան երբևէ զգացինք, որ Եհովան մեզ հետ է։ Այնքան ուրախ եմ, որ այս եղբայրության մաս եմ կազմում։ Եհովան իսկապես հոգ է տանում մեր մասին»։

  • Շվեյցարիայում Վկաները միշտ ազատորեն կազմակերպել են մեծ քաղաքների հրապարակային վկայություն։ Բայց Ժնևի իշխանությունները արձակեցին մի հրաման, որով արգելվում էր գործածել «ցուցատախտակներ, որոնց միջոցով ուղղակիորեն կամ անուղղակի կերպով կրոնական բնույթի տեղեկություններ են տարածվում հասարակական վայրերում»։ Վկաները հայց ներկայացրին դատարան՝ նշելով, որ շարժական ցուցատախտակների միջոցով կրոնական տեղեկություններ տարածելու վերաբերյալ ընդհանուր արգելքը «դավանանքի և մտքի ազատության լուրջ ոտնահարում է»։ Դատարանը ընդունեց նրանց բերած փաստարկը։ Եվ այժմ Վկաները հաջողությամբ համագործակցում են տեղի իշխանությունների հետ տեղեկատվական ցուցատախտակների միջոցով հրապարակային վկայություն տալու համար համապատասխան վայր և ժամ ընտրելու հարցում։

  • Ադրբեջանի պետական պաշտոնյաները ամեն կերպ փորձում են արգելել Եհովայի վկաների գործունեությունը։ Ազգային անվտանգության նախարարությունը անընդհատ հարցաքննության է կանչում առանձին Վկաների։ Այն նաև խուզարկում է Վկաների տները և փնտրում կրոնական գրականություն, որի ներմուծման համար պետության կողմից թույլտվություն չկա։ Միջազգային հանրությունը իր զարմանքն արտահայտեց, երբ 2015թ. փետրվարին ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալեցին երկու Վկայի՝ Իրինա Զախարչենկոյին և Վալիդա Ջաբրայիլովային, զուտ այն բանի համար, որ իրենց հայրենակիցների հետ զրուցել էին Աստվածաշնչի մասին։ Նման վերաբերմունքը, ինչ խոսք, մեզ շատ է տխրեցնում, բայց ուրախ ենք, որ Ադրբեջանի մեր հավատակիցները պահպանում են իրենց եռանդը և շարունակում են համարձակորեն քարոզել «Թագավորության բարի լուրը» (Մատթ. 24։14

  • Ռուսաստանում Եհովայի վկաները ուժգին հակառակության են բախվում կառավարության կողմից։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունը Եհովայի վկաների 80 հրատարակություններ ճանաչել է «ծայրահեղական»։ Սա նշանակում է, որ «ծայրահեղական» համարվող այդ հրատարակություններից որևէ մեկը, ինչպես, օրինակ, «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը ունենալը կամ տարածելը, արգելված է օրենքով։ Բացի այդ, 2014թ. դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը «ծայրահեղական» ճանաչեց մեր jw.org կայքը։ Ինտերնետ կապի մատակարարները ամբողջ Ռուսաստանում արգելափակեցին կայքը, և այժմ երկրի ներսում այն տարածելը հանցագործություն է համարվում։ 2015թ. մարտից սկսած՝ մաքսային մարմինները թույլ չեն տալիս, որ երկիր ներմուծվի Վկաների որևէ գրականություն, նույնիսկ Աստվածաշնչերն ու այն հրատարակությունները, որոնք Ռուսաստանի դատարանների կողմից քննության են ենթարկվել և չեն ճանաչվել ծայրահեղական։

Տագանրոգ քաղաքում իշխանությունները 16 քարոզիչների նկատմամբ մեղադրանք ներկայացրին կրոնական բնույթի հանդիպումներ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար։ Այդ դատական գործի քննությունը դեռ շարունակվում է։ Սամարայի իշխանությունները դատարանի կարգադրությամբ լուծարեցին այդ քաղաքում մեր իրավաբանական անձը՝ այն համարելով «ծայրահեղական»։ Չնայած այս բոլոր դժվարություններին՝ Ռուսաստանում մեր եղբայրներն ու քույրերը վճռակամորեն շարունակում են «Աստծունը Աստծուն» տալ և չեն պատրաստվում որևէ փոխզիջման գնալ այս հարցում (Մատթ. 22։21