Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Մեզ շատ է դուր գալիս JW Հեռարձակումը»

«Մեզ շատ է դուր գալիս JW Հեռարձակումը»

ԿԱՌԱՎԱՐԻՉ ՄԱՐՄՆԻ որոշմամբ 2014թ. հոկտեմբերի 6-ին փորձնական եթեր դուրս եկավ անգլերեն լեզվով մի ինտերնետային հեռուստակայան, որը կոչվում է JW Հեռարձակում։ * 2015թ. օգոստոսից ծրագիրը սկսեց թարգմանվել ավելի քան 70 լեզուներով, որպեսզի ավելի շատ եղբայրներ ու քույրեր կարողանան օգուտներ քաղել այդ կերտիչ հեռարձակումներից։ Ամբողջ աշխարհում այս ծրագիրը դիտող բազմաթիվ մարդիկ իրենց գնահատանքն են արտահայտել այս հիանալի նախաձեռնության համար։ Իսկ ի՞նչ աշխատանքներ են կատարվել հեռուստակայանը ստեղծելու համար։

Նախ անհրաժեշտ էր համապատասխան վայր գտնել։ Ընտրվեց հարմար մի տեղ Եհովայի վկաների գլխավոր վարչության (Բրուքլին, Նյու Յորք) շենքերից մեկում, որը գտնվում էր Կոլումբիա Հայթս 30 հասցեում։ Ընդամենը մեկ շաբաթում այդ տարածքը մաքրվեց, և տեխսպասարկման բաժինը սկսեց այն նախապատրաստել հեռարձակումների համար։ Իսկ ձևավորման համար պատասխանատու խումբը պատրաստեց նկարահանման տաղավարը, որն ունի վայելուչ տեսք և ժամանակակից դիզայն։ Միացյալ Նահանգներից շատ եղբայրներ և քույրեր, օրեր շարունակ տքնաջան աշխատելով, կազմեցին նկարահանման ստուդիայի նախագծերը և ծրագրեցին, թե ինչպես կարելի է շատ արագ կառուցել այն։ Բոլոր մանրամասների հետ կապված ուսումնասիրությունները, որ սովորաբար ամիսներ են տևում, արվեցին մի քանի օրում, իսկ մատակարարման բաժինը արագ գործի անցավ և պատվիրեց հարյուրավոր անհրաժեշտ պիտույքներ և սարքավորումներ։

Կիլոմետրերով հաղորդալարեր անցկացվեցին, իսկ նշանակված խումբը հոգ տարավ, որ բոլոր սարքավորումներն ու համակարգերը անխափան աշխատեն։ Այդ ընթացքում Պատերսոնում գտնվող ձայնագրման/տեսագրման ստուդիաներում մեր նվագախումբը արդեն սկսել էր ձայնագրել հեռարձակումների հիմնական մեղեդին։ Նրանց օգնում էին տարբեր երկրներից ժամանած եղբայրներ ու քույրեր, որոնք եկել էին՝ կազմակերպության նվագախմբի հերթական ձայնագրությանը մասնակցելու։ Առաջին ամսվա հեռարձակման ծրագրի համար պատրաստվեցին սցենարներ և կազմակերպվեցին բեմականացումներ։ Իսկ Բրուքլինում, Պատերսոնում, Ուոլքիլում և աշխարհի տարբեր երկրներում ձայնագրման և տեսագրման խմբերը զբաղված էին տեսանյութերի պատրաստման գործով։ Երբ նկարահանման տաղավարը պատրաստ էր, և բոլոր սարքավորումները տեղադրված էին, սկսվեցին նախապատրաստական աշխատանքներ նաև հաջորդ մի քանի ամիսների ծրագրի համար։

JW Հեռարձակման ձայնագրման ստուդիան (Բրուքլին, Նյու Յորք)

Երբ մենք այդ ոլորտի մի մասնագետի հարցրինք, թե սովորաբար որքան ժամանակ է պահանջվում նման մեծության ստուդիա կառուցելու համար, նա ասաց, որ այդ աշխատանքները հիմնականում տևում են մեկուկես տարի։ Մինչդեռ մեր ջանասեր եղբայրներն ու քույրերը այդ ամբողջ գործը կատարեցին ընդամենը երկու ամսում։

Այս նոր նախաձեռնության բերած արդյունքները ապշեցուցիչ էին։ Ամենամսյա ծրագիրը եթեր է դուրս գալիս ամսվա առաջին երկուշաբթի օրը։ Այդ ծրագրի դիտումների քանակը ամսվա ընթացքում հասնում է ավելի քան երկու միլիոնի։ Իսկ հեռարձակման բոլոր տեսանյութերը միասին վերցրած ամեն ամիս դիտում են ավելի քան տասը միլիոն անգամ։

«Այս ծրագրի շնորհիվ ինձ ավելի մոտ եմ զգում Եհովայի կազմակերպությանը և Կառավարիչ մարմնին։ Ես տեսնում եմ, որ ունեմ մի մեծ ընտանիք, որտեղ բոլորը ջերմորեն սիրում են իրար» (Քենիա)։

Իսկ ինչպիսի՞ն է եղել Եհովայի ժողովրդի արձագանքը։ Շատ շատերը երախտագիտության խոսքեր են ասել այս նոր նախաձեռնության համար։ Ահա դրանցից մի քանիսը։

  • «Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Այս երեկո ես ու կինս դիտեցինք 2015թ. մայիս ամսվա հեռարձակման ծրագիրը։ Չեմ կարող բառերով նկարագրել իմ ուրախությունը։ Սա ամենաթանկ նվերներից մեկն է, որ ես երբևէ ստացել եմ Եհովայից։ Մենք շնորհակալ ենք Կառավարիչ մարմնին և այն բոլոր քույրերին ու եղբայրներին, ովքեր տքնաջան աշխատել են այս հիանալի հոգևոր ծրագիրն իրականացնելու համար» (Ինդոնեզիա)։

  • «Շատ եղբայրներ ու քույրեր երբևէ չէին լսել Կառավարիչ մարմնի որևիցե անդամի ելույթ։ Իսկ այժմ մենք կարող ենք ոչ միայն լսել նրանց, այլ նաև տեսնել։ Երբևէ մեզ այսքան մոտ չենք զգացել Կառավարիչ մարմնին և մեր համաշխարհային եղբայրությանը» (Քենիա)։

  • «Ամուսինս ճշմարտության մեջ չէ, այդ պատճառով ինձ համար դժվար է ընտանեկան երկրպագություն անցկացնել երկու դեռահաս տղաներիս հետ։ Հեռարձակումները ինձ համար ուղղակի անգնահատելի օգնություն են։ Դրանց շնորհիվ զգում եմ, որ կազմակերպության մի մասնիկն եմ, նաև ես ու երեխաներս մեծ քաջալերություն ենք ստանում, ինչի կարիքը շատ ունենք։ Սա իսկական օրհնություն է Եհովայից» (Մեծ Բրիտանիա)։

  • «Մեզ շատ է դուր գալիս JW Հեռարձակումը։ Երբ ծրագիրը սկսեց թարգմանվել տարբեր լեզուներով, մենք ուղղակի ցնծում էինք, որովհետև Եհովան պատասխանել էր մեր աղոթքներին։ Մենք հատկապես քաջալերվում ենք, երբ տեսնում ենք, թե դուք, սիրելի՛ եղբայրներ, ինչ հրճվանքով ու ջերմությամբ եք խոսում Եհովայի երկրպագության մասին։ Այս հեռուստատեսային ծրագրի եթեր դուրս գալուց ի վեր մենք առավել քան երբևէ զգում ենք, որ Եհովայի հիասքանչ կազմակերպության անդամներն ենք» (Չեխիայի Հանրապետություն)։

  • «Կառավարիչ մարմնի անդամների ելույթները իմ մայրենի լեզվով լսելը օգնել է, որ ինձ ավելի մոտ զգամ Եհովային» (Բրազիլիա)։

  • «Արդեն 16 տարի է, ինչ ծառայում եմ Եհովային, բայց այսօր զգում եմ այնպիսի ուրախություն, ինչպիսին զգացել եմ միայն իմ մկրտության օրը։ Սիրելի՛ եղբայրներ, շատ շնորհակալ եմ JW Հեռարձակման համար» (Բրազիլիա)։

Մենք վստահ ենք, որ Եհովայի աջակցությամբ JW Հեռարձակումը կշարունակի առատ հոգևոր օրհնություններ բերել մեր համաշխարհային եղբայրությանը և ավելի մեծ գովաբանություն ու փառք՝ Եհովային։

^ պարբ. 1 JW Հեռարձակումը դիտելու համար այցելեք tv.pr418.com։