Անցնել բովանդակությանը

Եկավ Բոսերթ հյուրանոցից դուրս գալու ժամանակը

Եկավ Բոսերթ հյուրանոցից դուրս գալու ժամանակը

2012թ.-ին Եհովայի վկաները վաճառեցին Բոսերթ հյուրանոցը։ Բանալիները հանձնեցին նոր տիրոջը և ինչպես բազմաթիվ հյուրերը իրենցից առաջ, Վկաները դուրս գրվեցին և հեռացան։ Վաճառքից ստացված գումարը կօգտագործվի ի նպաստ Եհովայի վկաների Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործին։

Վկաները վաճառեցին իտալական ռենեսանսի ոճով կառուցված 14 հարկանի այս շինությունը, քանի որ իրենց գլխավոր վարչությունը Բրուքլինից տեղափոխվում է Ուորվիք։ Այս տեղափոխությունը կտևի մի քանի տարի։

Հարյուրամյա պատմություն

Լուիս Բոսերթը՝ Նյու Յորքի անտառանյութի մի հարուստ առևտրական, կառուցեց Բոսերթը 1909թ.-ին։ Այն պետք է լիներ «բնակարան-հյուրանոց» մշտական և ժամանակավոր բնակիչների համար։ Քանի որ բոլոր սենյակները շատ արագ գտան իրենց «տերերին», 1914-ին կառույցը գրեթե կրկնակի չափով մեծացվեց։ Իսկ 1916-ին շենքի տանիքում բացվեց մի ռեստորան, որը կոչվեց Մերայն Րուֆ (Նավատորմային տանիք)։

1980-ականներին Եհովայի վկաները վերանորոգեցին շինությունը այնպես, որ այն համապատասխանի իրենց կարիքներին, քանի որ հյուրանոցի շենքում ապրելու էին գլխավոր վարչությունում ծառայողները։ Վերանորոգողները հանդիսությունների սրահները դարձրին ճաշասենյակներ, իսկ տանիքի ռեստորանը՝ հանգստի սրահ՝ բնակիչների և նրանց հյուրերի համար։

Սկսած 2010-ից՝ շինությունը հյուրընկալում էր աշխարհի տարբեր ծայրերից եկած Եհովայի վկաների, ովքեր գալիս էին էքսկուրսիայի գլխավոր վարչությունում։

Նոր սեփականատերը ծրագրում է շինությունը կրկին դարձնել հյուրանոց։ Մեկ սենյականոց բնակարաններից բաղկացած Բոսերթի շենքը գեղեցիկ կացարանից ճոխ հյուրանոցի վերածելը դժվար չի լինի՝ հաշվի առնելով շինության հիանալի վիճակը։

Վերականգնեցին վեհաշուք տեսքը

Նախքան Վկաների այստեղ տեղափոխվելը, շենքը տարիներ շարունակ անտեսված լինելու պատճառով անմխիթար վիճակում էր հայտնվել։ Արտաքին սպիտակ պատերը խամրել էին փոշուց ու կեղտից։ Թրծակավից (տեռակոտա) պատրաստված հսկայական քիվը, որը երիզում էր կտուրի ողջ երկայնքը, կոտրված էր և խարխլված։ Պատուհանները հնացած էին ու ոչ հերմետիկ։ Իսկ ռեստորանի միակ հաճախորդները աղավնիներն էին։ Պարզ էր, որ Վկաները շատ գործ ունեին անելու։ Միացյալ Նահանգների տարբեր մասերից եկած Վկաները իրենց ժամանակը և ունակությունները ներդրեցին այս նախագծում, որն ավարտվեց 1991-ին։

Նախագծի ընթացքում Վկաները մաքրեցին և վերանորոգեցին շենքի արտաքին կրաքարե և գրանիտե պատերը։ Նրանք քիվը ամբողջությամբ փոխարինեցին ապակեթելից ձուլված կրկնօրինակով, որն ավելի թեթև էր, և տեղադրեցին կարմրածառի փայտից պատուհաններ։

Վկաները նաև ամբողջովին վերանորոգեցին շենքի ներսը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նախասրահին։ Վնասված մարմարե պատերը վերականգնելու համար քարերը ձեռք բերվեցին հենց քարհանքից, որը գտնվում էր Իտալիայում։ Աշխատողները նաև վերանորոգեցին առաստաղի զարդանախշը, ինչը վնասվել էր ջրի արտահոսքից։

Նախասրահի հսկայական երկաթե սյուների վերանորոգումը, սակայն, բավական լուրջ խնդիր էր։ Ի սկզբանե դրանք ծեփված են եղել իտալական այնպիսի տեխնոլոգիայով, որ ծեփվածքին տալիս է մարմարի տեսք (վենեցիանկա)։ Սակայն հետագայում սյուները մի քանի անգամ պարզապես ներկվել էին։ Կամավորներից ոչ ոք ծանոթ չէր այս տեխնոլոգիային։ Մոտակա համալսարանի գրադարանը տրամադրեց մի գիրք, որտեղ մանրամասնորեն բացատրվում էր նմանակված մարմարի «գաղտնիքը»։ Գիտելիքներով զինվելուց հետո վերանորոգողները շաբաթներ շարունակ աշխատում էին սյուների վրա, որպեսզի հնարավորինս դրանց տան սկզբնական տեսքը։

Երբ 1991-ին ավարտվեցին վերանորոգման աշխատանքները, շենքը ոչ միայն հարմարավետ էր, այլև շքեղ տեսք էր ստացել։ Որպես կատարված հսկայածավալ աշխատանքի գնահատական՝ Բոսերթին շնորհվեց Լուսի Մոուզեսի անվան մրցանակ։