ՄԱՐՏԻ 23, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՐԱՆԸ ԲԵԿԱՆԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ | Եհովան մեր վեց քույրերի և եղբայրների կողքին է
2024 թ. հոկտեմբերի 10-ին Խաբարովսկի երկրամասի դատարանը հայտարարեց քույր Մայա Կարպուշկինայի, եղբայրներ Ստանիսլավ Կիմի, Նիկոլայ Պոլևոդովի, քույր Սվետլանա Սեդովայի, եղբայր Վիտալի Ժուկի ու նրա կնոջ՝ Տատյանայի գործով բողոքի վերաբերյալ որոշումը։ Մայայի, Սվետլանայի և Տատյանայի նկատմամբ նշանակված պայմանական ազատազրկման ժամկետները կրճատվեցին մեկ տարով։ Ստանիսլավի, Վիտալիի և Նիկոլայի նկատմամբ նշանակված ազատազրկումը փոխարինվեց յոթ տարի ու երկու ամսվա, յոթ տարի ու չորս ամսվա և յոթ տարի ու վեց ամսվա պայմանական ազատազրկմամբ՝ համապատասխանաբար։ Նույն օրը՝ ավելի ուշ, եղբայրները ազատ արձակվեցին բանտից։
2024 թ. հունիսի 20-ին Խաբարովսկի երկրամասի Ինդուստրիալնի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Մայա Կարպուշկինային, եղբայրներ Ստանիսլավ Կիմին և Նիկոլայ Պոլևոդովին, քույր Սվետլանա Սեդովային և եղբայր Վիտալի Ժուկին ու նրա կնոջը՝ Տատյանային։ Մայան դատապարտվեց չորս տարվա պայմանական ազատազրկման։ Սվետլանան և Տատյանան դատապարտվեցին հինգ տարվա պայմանական ազատազրկման։ Քույրերը չեն կալանավորվի։ Ստանիսլավը, Վիտալին և Նիկոլայը դատապարտվեցին ութ տարի և երկու ամսվա, ութ տարի և չորս ամսվա, ութ տարի և վեց ամսվա ազատազրկման՝ համապատասխանաբար։ Սրանք 2017 թ. արգելքից ի վեր նշանակված ամենախիստ պատիժներից են։ Եղբայրներին նիստերի դահլիճից տարան կալանավայր։
Ժամանակագրություն
Նոյեմբերի 10, 2018
Ոստիկանները ներխուժեցին սրճարան, որտեղ 55 հոգանոց հավաքույթ էր։ Նրանք հարցաքննեցին, նկարեցին ներկաներին և վերցրին բոլորի մատնահետքերը, անգամ երեխաներինը։
Նոյեմբերի 12, 2018
Ստանիսլավին, Նիկոլային և Վիտալիին վերցրին նախնական կալանքի։ Մայայի, Սվետլանայի և Տատյանայի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հունվարի 14, 2019
Նիկոլայի և Վիտալիի նախնական կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Հունվարի 29, 2019
Ստանիսլավի կալանքը նույնպես փոխարինվեց տնային կալանքով։
Հուլիսի 18, 2019
Գործն ուղարկվեց Խաբարովսկի երկրամասի Ինդուստրիալնի շրջանի դատարան։
Օգոստոսի 2, 2019
Նիկոլայը ազատ արձակվեց տնային կալանքից։
Սեպտեմբերի 9, 2019
Մեկ այլ գործ, որը հարուցվել էր Ստանիսլավի և Նիկոլայի դեմ, նույնպես ուղարկվեց Խաբարովսկի երկրամասի Ինդուստրիալնի շրջանի դատարան։
Նոյեմբերի 5, 2019
Նիկոլայի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հունվարի 18, 2020
Ստանիսլավը և Վիտալին ազատ արձակվեցին տնային կալանքից։
Փետրվարի 4, 2020
Ստանիսլավը և Նիկոլայը այլ քրեական գործում մեղավոր ճանաչվեցին, յուրաքանչյուրը դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման։ Խաբարովսկի Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանը նրանց նկատմամբ նշանակեց փորձաշրջան։
Օգոստոսի 3, 2020
Ինդուստրիալնի շրջանի դատարանը գործը վերադարձրեց դատախազություն։ Դատախազը որոշեց բողոքարկել այն։
Սեպտեմբերի 29, 2020
Խաբարովսկի շրջանային դատարանը քննեց դատախազի բողոքը։ Ստանիսլավին և Նիկոլային թույլ տրվեց խոսել դատարանի հետ։ Նրանք ասացին, որ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, ստորագրել է միջազգային համաձայնագիր, ըստ որի՝ պետք է հարգել քաղաքացիների պաշտամունքի ազատության իրավունքները։
Հոկտեմբերի 12, 2020
Խաբարովսկի շրջանային դատարանը ուժի մեջ է թողել Ինդուստրիալնի շրջանի դատարանի որոշումը, և գործը վերադարձվել է դատախազություն։
Դեկտեմբերի 15, 2021
Գործը նորից ուղարկվեց Ինդուստրիալնի շրջանի դատարան։
Տվյալներ
Վստահ ենք, որ Եհովան կշարունակի աջակցել մեր սիրելի եղբայրներին և քույրերին, ովքեր շատ այլ հավատարիմների հետ կազմում են «վկաների մեծ բազմություն» (Եբրայեցիներ 12։1)։