Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

2

Աստծու անունը Քրիստոնեական Հունարեն Գրություններում

Աստծու անունը Քրիստոնեական Հունարեն Գրություններում

Աստվածաշնչագետներն ընդունում են, որ Աստծու անձնանունը (քառագիրը՝ יהוה) Եբրայերեն Գրությունների բնագրում հանդիպում է գրեթե 7000 անգամ։ Բայց նրանցից շատերի կարծիքով՝ Քրիստոնեական Հունարեն Գրությունների բնագրում չի եղել այդ անունը։ Այդ իսկ պատճառով, այսպես կոչված, Նոր Կտակարանի ժամանակակից թարգմանությունների մեծ մասում չի հանդիպում «Եհովա» անունը։ Նույնիսկ Եբրայերեն Գրություններից արված մեջբերումներում, որոնցում առկա է քառագիրը, թարգմանիչների մեծամասնությունը Աստծու անվան փոխարեն գործածել է «Տեր» բառը։

Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության թարգմանիչները չեն հետևել այս սովորությանը։ Այս թարգմանության Քրիստոնեական Հունարեն Գրություններում «Եհովա» անունը հանդիպում է 237 անգամ։ Թարգմանիչները որոշել են այդպես վարվել՝ հաշվի առնելով երկու կարևոր բան. 1) մեր ձեռքի տակ եղած հունարեն ձեռագրերը բնօրինակներ չեն, և այսօր առկա հազարավոր ձեռագրերի մեծ մասը գրվել է բնօրինակների գրվելուց առնվազն երկու դար անց, 2) այդ ժամանակ արտագրողները քառագիրը կա՛մ փոխարինել են Կյուրիոս բառով (հունարենից թարգմանվում է «Տեր»), կա՛մ արտագրել են այն ձեռագրերից, որոնցում Աստծու անվան փոխարինումն արդեն արված է եղել։

Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն համոզված է, որ հունարեն բնօրինակներում քառագիրը գրված է եղել։ Այս տեսակետը հիմնված է հետևյալ փաստերի վրա։

  • Հիսուսի և առաքյալների օրերում օգտագործվող Եբրայերեն Գրությունների օրինակները բազմաթիվ տեղերում պարունակել են քառագիրը։ Անցյալում քչերն են կասկածի տակ առել այս եզրակացությունը։ Իսկ հիմա, երբ առկա են Կումրանում հայտնաբերված Եբրայերեն Գրությունների այն ձեռագրերը, որոնք թվագրվում են առաջին դարով, որևէ կասկած չի մնում այս եզրակացության ճշմարտացիության մեջ։

  • Հիսուսի և առաքյալների օրերում քառագիրը առկա էր նաև Եբրայերեն Գրությունների հունարեն թարգմանություններում։ Դարեր շարունակ գիտնականները կարծել են, թե «Յոթանասնիցում», որը Եբրայերեն Գրությունների հունարեն թարգմանություն է, քառագիրը գրված չի եղել։ Հետագայում՝ 20-րդ դարի կեսերին, «Յոթանասնիցի» մի քանի շատ հին պատառիկներ, որոնք մեզ են հասել Հիսուսի օրերից, գրավեցին գիտնականների ուշադրությունը։ Այդ պատառիկները պարունակում են Աստծու անձնանունը՝ եբրայերեն տառերով։ Ուստի կարող ենք ասել, որ Հիսուսի օրերում Սուրբ Գրքերի հունարեն ձեռագրերում եղել է Աստծու անունը։ Բայց «Յոթանասնիցի»՝ 4-րդ դարով թվագրված հայտնի ձեռագրերում, օրինակ՝ Վատիկանյան և Սինայական ձեռագրերում («Ծննդոցից» մինչև «Մաղաքիա» գրքերում) Աստծու անունը չի հանդիպում (մինչդեռ ավելի վաղ շրջանի ձեռագրերում եղել է)։ Ուստի զարմանալի չէ, որ այդ ժամանակվանից պահպանված, այսպես կոչված, Նոր Կտակարանի, կամ՝ Աստվածաշնչի Հունարեն Գրությունների տեքստերում Աստծու անունը չի հանդիպում։

    Հիսուսը շատ պարզ ասաց. «Ես եկել եմ իմ Հոր անունով»։ Նա նաև շեշտեց, որ իր գործերն անում է «Հոր անունով»

  • Հենց Քրիստոնեական Հունարեն Գրություններն են վկայում, որ Հիսուսը հաճախ անդրադարձել է Աստծու անվանը և այն հայտնել մարդկանց (Հովհաննես 17։6, 11, 12, 26)։ Նա շատ պարզ ասաց՝ «ես եկել եմ իմ Հոր անունով», նաև շեշտեց, որ իր գործերն անում է «Հոր անունով» (Հովհաննես 5։43; 10։25

  • Քանի որ Քրիստոնեական Հունարեն Գրությունները Եբրայերեն Գրությունների պես ներշնչված են Աստծու կողմից և դրանց շարունակությունն են, տեքստերից Աստծու անվան անսպասելի անհետացումը հարցեր է առաջացնում։ Առաջին դարի կեսերին Հակոբոս աշակերտը Երուսաղեմի երեցներին ասաց. «Շմավոնը մանրամասն պատմեց, թե ինչպես Աստված առաջին անգամ իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար» (Գործեր 15։14)։ Հակոբոսն այս խոսքերը չէր ասի, եթե առաջին դարում ոչ ոք չիմանար կամ չօգտագործեր Աստծու անունը։

  • Քրիստոնեական Հունարեն Գրություններում առկա է Աստծու անվան կարճ ձևը։ Հայտնություն 19։1, 3, 4, 6 համարների բնագրում Աստծու անունը հանդիպում է «Յահ» ձևով «ալելուիա» բառում։ «Ալելուիա» բառը ծագում է եբրայերեն մի արտահայտությունից, որը բառացի նշանակում է «գովաբանեք Յահին»։ «Յահը» «Եհովա» անվան կարճ ձևն է։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում օգտագործված բազմաթիվ անուններ ծագում են Աստծու անունից։ Օրինակ՝ ըստ տարբեր աղբյուրների՝ Հիսուսի անունը նշանակում է «Եհովան փրկություն է»։

  • Վաղ շրջանի հրեական գրվածքներից երևում է, որ հրեա քրիստոնյաները գրավոր տեքստերում օգտագործել են Աստծու անունը։ «Տոսեֆտայում», որը բանավոր օրենքների ժողովածու է և ամբողջացվել է 300թ.-ին, խոսվում է այն մասին, թե ինչպես վարվել, երբ Շաբաթ օրը հրդեհ է լինում և քրիստոնեական գրվածքները այրվում են. «Ավետարանիչների և մինիմների [կարծիք կա, որ նրանք հրեա քրիստոնյաներ էին] գրքերը նրանք չեն փրկում կրակից։ Կարող են դրանք թողնել, որ այրվեն՝ այդ գրքերը և Աստծու Անունը, որ կա դրանցում»։ Այս նույն աղբյուրը մեջբերում է ռաբբի Յոսե Գալիլեացու խոսքերը, որն ապրել է երկրորդ դարի սկզբում։ Նա ասում է, որ շաբաթվա մյուս օրերին «մեկը կտրում է [հավանաբար, նկատի ունի քրիստոնեական գրվածքների միջից] այն տեղերը, որոնցում գրված է Աստծու Անունը, և պահում է դրանք, իսկ մնացածը այրում է»։

  • Որոշ աստվածաշնչագետների կարծիքով՝ Աստծու անունը եղել է Քրիստոնեական Հունարեն Գրությունների այն մասերում, որոնք մեջբերումներ են Եբրայերեն Գրություններից։ Մի աստվածաշնչյան բառարանում «Քառագիրը Նոր Կտակարանում» վերնագրի տակ ասվում է. «Կան ապացույցներ, որ Ն[որ] Կ[տակարանի] բնօրինակում քառագիրը՝ Աստծու Անունը՝ Յահվե, հանդիպում է բոլոր այն տեղերում (կամ որոշ տեղերում), որոնք մեջբերումներ են Հ[ին] Կ[տակարանից]» (The Anchor Bible Dictionary)։ Աստվածաշնչագետ Ջորջ Հովարդն ասում է. «Քանի որ քառագիրը դեռևս կար հունարեն Աստվածաշնչի [«Յոթանասնիցի»] օրինակներում (այս թարգմանությունն էր օգտագործում վաղ եկեղեցին), տրամաբանական է ենթադրել, որ Ն[որ] Կ[տակարանի] գրողները Սուրբ Գրքերից մեջբերումներ անելիս այն պահպանել են»։

  • Աստվածաշնչի ճանաչված թարգմանիչները Քրիստոնեական Հունարեն Գրությունները թարգմանելիս օգտագործել են Աստծու անունը։ Նրանցից մի քանիսը դա արել են «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայումից բավական ժամանակ առաջ։ Հաջորդիվ բերում ենք այդ թարգմանիչներից մի քանիսի անունները, ինչպես նաև նրանց աշխատությունները. Հերման Հայնֆետեր (A Literal Translation of the New Testament. . . From the Text of the Vatican Manuscript, 1863), Բենջամին Ուիլսոն (The Emphatic Diaglott, 1864), Ջորջ Բարկեր Ստիվենս (The Epistles of Paul in Modern English, 1898), Ու. Գ. Ռադերֆորդ (St. Paul’s Epistle to the Romans, 1900), Ջ. Ու. Չ. Ուոնդ, Լոնդոնի եպիսկոպոս (The New Testament Letters, 1946)։ 20-րդ դարի սկզբում Պաբլո Բեսոնը Քրիստոնեական Հունարեն Գրությունները թարգմանեց իսպաներեն։ Ղուկաս 2։15-ում և Հուդա 14-ում նա օգտագործում է Աստծու անվան «Jehová» տարբերակը, իսկ իր թարգմանության ծանոթագրություններում ավելի քան 100 անգամ որպես թարգմանական տարբերակ առաջարկում է Աստծու անունը։ Այս թարգմանություններից մի քանի դար առաջ՝ 16-րդ դարում, կային Քրիստոնեական Հունարեն Գրությունների հրեերեն թարգմանություններ, որոնցում բազմիցս հանդիպում է քառագիրը։ Իսկ գերմաներեն կա Քրիստոնեական Հունարեն Գրությունների առնվազն 11 թարգմանություն, որոնցում գրված է «Եհովա» անունը (կամ եբրայերեն «Յահվե»-ի տառադարձությունը), չորս թարգմանիչներ էլ Աստծու անունը գրել են փակագծերում «Տեր» բառից հետո։ 40-ից ավելի գերմաներեն թարգմանություններում անունը գրվել է ծանոթագրություններում։

    Աստծու անունը Գործեր 2։34-ում (The Emphatic Diaglott, by Benjamin Wilson, 1864)

  • Քրիստոնեական Հունարեն Գրությունների՝ հարյուրից ավելի լեզուներով թարգմանություններում Աստծու անունը գրվել է։ Աֆրիկական, բնիկ ամերիկյան, ասիական, եվրոպական և խաղաղօվկիանոսյան շատ լեզուներով թարգմանություններում Աստծու անունը ազատորեն գրված է (տե՛ս 12-րդ և 13-րդ էջերը)։ Այդ թարգմանիչները Աստծու անունը օգտագործել են նույնանման պատճառներով, ինչպիսիք որ նշվել են վերևում։ Այդ թարգմանություններից մի քանիսը լույս են տեսել վերջերս, օրինակ՝ ռոտուման լեզվով Աստվածաշնչում (1999թ.) Աստծու անունը (Jihova) հանդիպում է 51 անգամ 48 համարներում, իսկ բատակ (տոբա) լեզվով (որով խոսում են Ինդոնեզիայում) լույս տեսած թարգմանությունում (1989թ.) հանդիպում է 110 անգամ (Jahowa)։

    Աստծու անունը Մարկոս 12։29, 30-ում (հավայական լեզվով թարգմանություն)

Անկասկած, բոլոր հիմքերը կան Քրիստոնեական Հունարեն Գրություններում վերականգնելու Աստծու անունը՝ «Եհովա»։ «Նոր աշխարհ» թարգմանության թարգմանիչները հենց դա են արել։ Նրանք խոր հարգանք են զգում Աստծու անվան հանդեպ։ Ունենալով Աստծու հանդեպ առողջ վախ՝ նրանք ամենայն ուշադրությամբ հետևել են, որ բաց չթողնեն բնագիր տեքստում եղած որևէ միտք (Հայտնություն 22։18, 19