Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դուք կարող եք հաղթանակ տանել հոռետեսության դեմ

Դուք կարող եք հաղթանակ տանել հոռետեսության դեմ

Դուք կարող եք հաղթանակ տանել հոռետեսության դեմ

ԻՆՉՊԵ՞Ս եք արձագանքում, երբ անհաջողության եք մատնվում։ Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ այս հարցի պատասխանից կարելի է հասկանալ՝ լավատես եք, թե հոռետես։ Բոլորս էլ կյանքում դժվարությունների ենք բախվում. ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ։ Այդ դեպքում ինչո՞ւ որոշ մարդիկ անհաջողությունների մատնվելիս չեն հանձնվում և պատրաստ են կրկին ջանքեր թափել, մինչդեռ մյուսները անգամ համեմատաբար փոքր դժվարությունների բախվելիս թևաթափ են լինում և դադարում են պայքարել։

Օրինակ՝ ենթադրենք՝ աշխատանք եք փնտրում։ Գնում եք հարցազրույցի, բայց ձեզ աշխատանքի չեն վերցնում։ Ի՞նչ եք զգում։ Հնարավոր է՝ անմիջապես ենթադրում եք, թե պատճառը դուք եք, որ իրավիճակն անհույս է, և ինքներդ ձեզ ասում եք. «Ինձ նմանին ոչ ոք աշխատանքի չի ընդունի։ Ես երբեք գործ չեմ գտնի»։ Կամ, որ ավելի վատ է, այս անհաջող փորձի պատճառով գուցե սկսում եք մռայլ գույների ներքո դիտել ձեր ողջ կյանքը՝ մտածելով. «Ես կատարյալ անհաջողակ եմ ու ոչ մեկին պետք չեմ»։ Երկու դեպքում էլ նման մտածելակերպը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոռետեսություն։

Պայքար հոռետեսության դեմ

Ինչպե՞ս կարող եք պայքարել հոռետեսության դեմ։ Առաջին՝ սովորեք տարբերակել բացասական մտքերը։ Երկրորդ՝ պայքարեք դրանց դեմ։ Փորձեք իրավիճակի համար հավանական այլ բացատրություն գտնել։ Օրինակ՝ հարցազրույցից հետո մերժում ստանալու պատճառն իսկապե՞ս այն էր, որ ոչ ոք չի ուզում աշխատանքի ընդունել ձեզ։ Թե՞ գործատուն պարզապես մասնագիտական այլ որակավորում ունեցող աշխատող էր փնտրում։

Փաստերը հաշվի առնելուց հետո ձեզ կհաջողվի տարբերակել այն բացասական մտքերը, որոնց պատճառով չափազանցրել էիք խնդիրը։ Մի՞թե մեկ մերժումը հիմք է եզրակացնելու, որ դուք կատարյալ ձախողակ եք։ Մտածեք ձեր կյանքի մյուս բնագավառների մասին, որտեղ որոշակի հաջողությունների եք հասել. օրինակ՝ մտածեք Աստծու, ընտանիքի անդամների և ընկերների հետ ունեցած ձեր փոխհարաբերությունների մասին։ Սովորեք նկատել, թե ձեր մռայլ կանխատեսումների ընթացքում «Կիկոսի մահը» որ պահից է սկսվում, և մի կողմ դրեք այդ մտքերը։ Ի վերջո, դուք չեք կարող հաստատ իմանալ՝ երբևէ աշխատանք կգտնեք, թե ոչ։ Մռայլ մտքերից ազատվելու այլ միջոցներ էլ կան։

Դրական տրամադրվածություն և նպատակասլացություն

Վերջին տարիներին հետազոտողները սահմանել են, թե ինչ է հույսը։ Նրանց տված սահմանումը թեև հետաքրքիր է, բայց թերի է։ Ըստ նրանց՝ հույսը համոզվածությունն է, որ դու կարող ես հասնել քո դրած նպատակներին։ Հաջորդ հոդվածից կիմանանք, որ հույսը շատ ավելին է ներառում։ Բայց որոշ իրավիճակներում հետազոտողների տված այս սահմանումը համապատասխանում է իրականությանը։ Օրինակ, եթե մարդ ուզում է հասնել որոշակի նպատակի, ապա նման հույսը՝ համոզվածությունը, օգնում է նրան դրական տրամադրվածություն պահպանել և լինել նպատակասլաց։

Երբ հաճախ ենք նպատակներ դնում և հասնում ենք դրանց, փորձ ենք ձեռք բերում, իսկ փորձի հետ մեկտեղ՝ նաև համոզվածություն, որ մեր ապագա նպատակներին էլ կհասնենք։ Եթե այդպիսի փորձ դեռ չունենք, կարող ենք լրջորեն մտածել նպատակներ դնելու մասին։ Օրինակ՝ կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ես որևէ նպատակ ունե՞մ»։ Կյանքի հորձանքի մեջ հայտնվելով՝ հեշտ է աչքաթող անել, թե իրականում ինչ ենք ուզում կյանքից, թե ինչն է ամենից կարևոր մեզ համար։ Հստակ առաջնահերթություններ սահմանելու վերաբերյալ այս պարզ սկզբունքը դեռևս դարեր առաջ գրված էր Աստվածաշնչում. «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

Ճիշտ առաջնահերթություններ սահմանելը օգնում է, որ ավելի հեշտությամբ կարողանանք իմաստուն նպատակներ դնել, որոնք առնչվում են մեր հոգևոր գործունեությանը, ընտանեկան կյանքին, աշխատանքին կամ կրթությանը։ Սակայն անչափ կարևոր է, որ միանգամից շատ նպատակներ չդնենք։ Բացի այդ՝ լավ կլինի այնպիսի նպատակ դնել, որին կարող ենք հեշտությամբ հասնել, հակառակ դեպքում հնարավոր է՝ վհատվենք և հանձնվենք։ Ուստի սովորաբար խորհուրդ է տրվում հեռահաս նպատակի ճանապարհին փոքր նպատակներ դնել, որոնց հնարավոր է կարճ ժամանակում հասնել։

Մի հայտնի խոսք կա. «Մարդու մտքի՛ն տեղ լինի»։ Այս խոսքերի մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա։ Նպատակ դնելուց հետո մեզ կամքի ուժ, այսինքն՝ ցանկություն և վճռականություն է անհրաժեշտ դրան հասնելու համար։ Մենք կարող ենք ավելի մեծ վճռականությամբ լցվել, եթե խորհրդածենք, թե որքանով է կարևոր մեր դրած նպատակը, և թե ինչ ձեռք կբերենք՝ հասնելով դրան։ Իհարկե, մեր ճանապարհին խոչընդոտներ կհանդիպեն, բայց դրանք հարկավոր է դիտել ոչ թե որպես փակուղիներ, այլ որպես բարձունքներ, որոնք հարկավոր է գրավել։

Մենք նաև պետք է մտածենք, թե գործնականում ինչ միջոցներ կարող ենք կիրառել մեր նպատակներին հասնելու համար։ Ռիկ Սնայդերը, որը խոր ուսումնասիրություններ է արել այն թեմայով, թե որքանով է արժեքավոր հույսը, խորհուրդ է տալիս դրված նպատակին հասնելու համար միաժամանակ մի քանի ճանապարհ ընտրել։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե ճանապարհներից մեկը փակվի, հնարավոր կլինի գնալ երկրորդով, երրորդով և այլն։

Ռիկ Սնայդերը նաև խորհուրդ է տալիս անհրաժեշտության դեպքում մի նպատակը փոխարինել մեկ այլով։ Եթե դրված նպատակը ինչ-ինչ պատճառներով գրեթե անհասանելի է դարձել, ապա դրան ձգտելը միայն հիասթափություններ կբերի։ Մինչդեռ այն ավելի հասանելի նպատակով փոխարինելը կարող է մեզ նոր հույսով լցնել։

Այս առումով Աստվածաշնչում վառ օրինակ կա։ Դավիթ թագավորը անձկագին մի նպատակի էր ձգտում. նա ուզում էր տաճար կառուցել իր Աստված Եհովայի համար։ Բայց Աստված թագավորին ասաց, որ այդ առանձնաշնորհումը նրա որդի Սողոմոնին է բաժին ընկնելու։ Դա լսելով՝ Դավիթը ոչ թե վհատվեց կամ փորձեց իրենը պնդել, այլ փոխեց իր նպատակը։ Նա իր ուժերը ներդրեց ապագա շինարարության համար գումար և շինանյութ կուտակելու գործում (1 Թագավորներ 8։17–19; 1 Տարեգրություն 29։3–7

Նույնիսկ եթե այլևս հոռետես չենք, դրական տրամադրվածություն ունենք և նպատակասլաց ենք, չի բացառվում, որ դեռ հույսի խիստ կարիք ունենք։ Ինչո՞ւ։ Քանի որ այս աշխարհում հուսալքությանը նպաստող պատճառների մեծ մասը բխում է այնպիսի գործոններից, որոնք լիովին դուրս են մեր վերահսկողությունից։ Ինչպե՞ս է հնարավոր հույսով նայել ապագային, եթե մարդկությունը տառապում է աղքատության, պատերազմների, անարդարությունների, անդադար սպառնացող հիվանդությունների և, ի վերջո, մահվան պատճառով։

[նկար 7-րդ էջի վրա]

Եթե ձեզ աշխատանքի չեն վերցրել այնտեղ, որտեղ ուզում էիք, արդյո՞ք դա նշանակում է, թե ձեզ երբեք աշխատանքի չեն ընդունի

[նկար 8-րդ էջի վրա]

Երբ հանգամանքները փոխվեցին, փոխվեցին նաև Դավիթ թագավորի նպատակները