Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բռնության պատճառները

Բռնության պատճառները

Բռնության պատճառները

ԱՅԴՔԱՆ էլ հեշտ չէ միանգամից ասել, թե որոնք են բռնության պատճառները, քանի որ բռնությունը հաճախ մեկ գործոնով չէ պայմանավորված, օրինակ՝ միայն ընկերակցությամբ, զվարճությամբ կամ միջավայրով։ Պատճառները կարող են շատ տարբեր լինել։ Քննենք մի քանիսը։

Հուսահատություն և վհատություն։ Երբեմն մարդիկ բռնության են դիմում, երբ կեղեքված են, խտրական վերաբերմունքի զոհ են դարձել, հասարակությունից մեկուսացած են, տնտեսական վատ պայմաններում են ապրում կամ երբ զգում են, որ չեն կարողանում վերահսկել իրենց կյանքը։

Ամբոխի ոգի։ Ինչպես հաճախ տեսնում ենք սպորտային իրադարձությունների ժամանակ, ամբոխներին ոչինչ չի արգելում վատ վարք դրսևորել։ Ինչո՞ւ։ Նրանք «մոռանում են իրենց բարոյական չափանիշների մասին և ավելի շատ հակված են արձագանքելու բռնի կամ ագրեսիվ ակնարկներին»,— գրված է «Սոցիալական հոգեբանություն» գրքում (Social Psychology)։ Այդպիսի մարդիկ, ինչպես նշվում է մեկ ուրիշ աշխատությունում, դառնում են անգիտակից խաղատիկնիկներ, որոնք «սոցիալական պատասխանատվություն չեն զգում»։

Ատելություն և նախանձ։ Պատմության մեջ արձանագրված առաջին սպանությունը գործեց Կայեն անունով մի տղամարդ (Ծննդոց 4։1–8)։ Նախանձից ու ատելությունից բորբոքված՝ Կայենը սպանեց իր եղբորը, չնայած որ Աստված զգուշացրել էր նրան, որ հսկի իր էմոցիաները, և խոստացել էր, որ կօրհնի, եթե այդպես վարվի։ Որքա՜ն ճշմարիտ են աստվածաշնչյան խոսքերը. «Որտեղ նախանձ ու կռվասիրություն կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան» (Հակոբոս 3։16

Ալկոհոլի չարաշահում և թմրանյութերի օգտագործում։ Ալկոհոլի չարաշահումը և թմրանյութերի օգտագործումը ոչ միայն քայքայում են մտավոր և ֆիզիկական առողջությունը, այլև արգելափակում են ուղեղի կենտրոնների գործունեությունը։ Արդյունքում անհատը ավելի հակված է լինում բռնի վարք դրսևորելու և ավելի ագրեսիվ է արձագանքում սադրանքին։

Թույլ իրավական համակարգեր։ «Քանի որ չար գործի դատավճիռը արագ չի կայացվում, մարդկանց որդիների սիրտը ավելի վճռական է դառնում չարիք գործելու»,— գրված է Ժողովող 8։11-ում։ Իրավական թույլ, անիրավասու կամ ապականված համակարգերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն բռնություն են հրահրում։

Կեղծ կրոն։ Բռնություն հաճախ տեղի է ունենում նաև կրոնական հողի վրա, ինչը ներառում է պայքար աղանդների միջև և ահաբեկչություն։ Սակայն դրա համար միայն կույր մոլեռանդները և ծայրահեղականները մեղավոր չեն։ Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ գլխավոր կրոնների անդամները՝ «քրիստոնյա» և ոչ քրիստոնյա, հաճախ սպանում էին իրար իրենց կրոնական առաջնորդների օրհնությունը ստանալուց հետո։ Նման վարքը վիրավորում է Աստծուն (Տիտոս 1։16; Հայտնություն 17։5, 6; 18։24

Հնարավո՞ր է արդյոք դառնալ խաղաղարար անձնավորություն բռնությամբ լեցուն այս աշխարհում։ Կարդալով հաջորդ հոդվածները՝ կտեսնենք, որ այո՛։

[շրջանակ 6-րդ էջի վրա]

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈՒՄ Է ՆԵՐՍՈՒՄ

Թեև շատ բաներ կարող են բռնության պատճառ լինել, բայց հիմնական պատճառը հենց մենք ենք։ Ինչպե՞ս։ Հիսուս Քրիստոսը, որը խորաթափանց էր ու գիտեր, թե ինչ կա մարդու սրտում, ասել է. «Մարդու սրտից են դուրս գալիս վնասակար մտքերը, որոնց էլ հետևում են պոռնկությունը, գողությունը, սպանությունը, շնությունը, ուրիշի ունեցածը ցանկանալը, չար գործերը, նենգությունը, անառակ վարքը, նախանձոտ աչքերը, հայհոյանքը, գոռոզությունը, անխոհեմությունը» (Մարկոս 7։21, 22)։ Երբ անընդհատ վատ բաներ ենք նայում, լսում կամ մտածում դրանց մասին, մեր մեջ սխալ հակումների ծնունդ ենք տալիս (Հակոբոս 1։14, 15

Իսկ երբ մեր միտքը սնում ենք առողջ բաներով, ինչպիսիք են 8-րդ էջում նշվածները, «սպանում» ենք վատ ցանկությունները և զարգացնում լավերը (Կողոսացիներ 3։5; Փիլիպպեցիներ 4։8)։ Եթե այդպես վարվենք, Աստված կօգնի մեզ, որ «մեր ներսի մարդը ուժեղանա» (Եփեսացիներ 3։16

[շրջանակ 7-րդ էջի վրա]

ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԳՑՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ

Ինչո՞ւ է որոշ երկրներում մարդասպանության ցուցանիշը 60 անգամ ավելի բարձր։ Ինչո՞ւ են պատմության ընթացքում միշտ եղել պատերազմներ և բռնության այլ դրսևորումներ։ Շփոթեցնող հարցերը շատ են, իսկ համոզիչ պատասխանները՝ քիչ։

Կան մասնագետներ, որոնք մտածում են, թե աղքատությունը և անհավասարությունը բռնություն են բորբոքում։ Որոշ տվյալների համաձայն՝ 2000թ.-ին բռնության պատճառով տեղի ունեցած մահացությունների, այդ թվում նաև ինքնասպանությունների մոտ 90 տոկոսը գրանցվել է ոչ այդքան բարգավաճող երկրներում, իսկ տարբեր քաղաքների աղքատ թաղամասերում հանցագործություններ հաճախ են լինում։ Բայց արդյո՞ք աղքատ մարդիկ ավելի բռնի են։ Թե՞ ավելի շատ նրանք են բռնության զոհ դառնում, քանի որ իշխանությունները չեն կարողանում հանրօգուտ օրենքներ սահմանել։ Միանշանակ չի կարելի պնդել, որ բռնության պատճառը միայն աղքատությունն է։ Օրինակ՝ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում միլիոնավոր մարդիկ ծայրահեղ չքավորության մեջ են ապրում։ Սակայն մարդասպանության ցուցանիշը Կալկաթայում աշխարհում ամենացածրերից է։

Այլ մասնագետներ էլ կարծում են, որ զենքի հասանելիությունն է հասարակության մեջ նպաստում բռնության։ Ինչ խոսք, զենքը բռնի մարդկանց ավելի վտանգավոր է դարձնում։ Այդուհանդերձ, ինչո՞ւ է մարդը բռնություն գործում։ Մասնագետները կրկին չեն կարողանում համաձայնության գալ։