Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ես բռնություն էի սիրում

Ես բռնություն էի սիրում

Ես բռնություն էի սիրում

ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱԼՎԱԴՈՐ ԳԱՐՍԱՆ

ԵՐԲ փոքր էի, բռնություն էի սիրում, և ով ճանապարհիս կանգներ, կռվում էի նրա հետ։ Հետո ինձ նկատեց բռնցքամարտի մի չեմպիոն ու առաջարկեց բոքս սովորեցնել։ Շատ չանցած՝ սկսեցի ճանապարհորդել Միացյալ Նահանգներում՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Հետագայում սկսեցի աշխատել որպես մի գանգստերի թիկնապահ։

Բռնության հանդեպ սերս շարունակվեց անգամ ամուսնանալուց և վեց երեխա ունենալուց հետո։ Այդ ժամանակ գիշերային ակումբ էի աշխատեցնում։ Մի քանի անգամ ինձ ուզեցել են սպանել, այդուհանդերձ ինձ դուր էր գալիս այդպիսի կյանքը։ Մի անգամ կռվի ժամանակ երկու տղամարդու կրակեցի, նրանք լուրջ վիրավորվեցին։ Ընկերներիս հետ նույնիսկ ծրագրել էինք ազդեցիկ մի քաղաքական գործչի առևանգել։ Սակայն ոստիկանությունը իմացավ մեր ծրագրի մասին և ձերբակալեց ինձ։ Հետո ոստիկանները հետապնդեցին ընկերներիս, դժբախտաբար կրակոց եղավ, և բոլոր ընկերներս սպանվեցին։ Ուստի ուրախ եմ, որ այդ ժամանակ բանտում էի։

Տարիներ անց ազատ արձակվեցի ու աշխատանք գտա։ Մի օր աշխատանքից տուն վերադառնալիս ուժգին գլխացավ սկսվեց։ Այնքան անհանգստացած էի, որ սկսեցի աղոթել։ Կինս՝ Դոլորեսը, այդ ժամանակ Աստվածաշունչ էր ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ։ Նա ինձ ասաց, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Սկսեցի կոնկրետ նրան աղոթել։

Երբ ապաքինվեցի, Դոլորեսը առաջարկեց ինձ հաճախել ժողովի հանդիպումներին, որոնք անցկացվում են Եհովայի վկաների Թագավորության սրահում։ Երբ տեսա Վկաների ջերմ և անկեղծ հետաքրքրությունը իմ հանդեպ, աչքերս արցունքներով լցվեցին։ Ես էլ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, և կյանքի հանդեպ իմ տեսակետը ամբողջովին փոխվեց։ Ինձ դուր էին գալիս իմ սովորած բաները։

Սակայն հեշտ չէր ինքնատիրապետում սովորել։ Մի օր, երբ տնետուն ծառայության էի մասնակցում ընկերոջս՝ Անտոնիոյի հետ, մի տղամարդու հանդիպեցինք, որը հայհոյեց մեզ։ Ես բորբոքվեցի ու հարձակվեցի նրա վրա։ Բարեբախտաբար, Անտոնիոն ինձ հետ պահեց։ Հետո համբերատարությամբ բացատրեց, թե ինչպես է Հիսուսը տոկացել, երբ ծաղրվել ու հալածվել է։ Նաև մեջբերեց Պետրոս առաքյալի խոսքերը, որը սերտորեն շփվել էր Հիսուսի հետ. «Երբ նրա մասին չարախոսում էին, փոխարենը՝ նա չէր չարախոսում» (1 Պետրոս 2։23)։ Այս խոսքերը մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։

Երբ հետ եմ նայում ու տեսնում, թե ինչ փոփոխություններ եմ արել իմ կյանքում, շնորհակալություն եմ հայտնում Եհովային, որ սուրբ ոգով օգնել է ինձ ինքնատիրապետում զարգացնելու և խաղաղարար մարդ դառնալու (Գաղատացիներ 5։22, 23)։ Մեր ընտանիքը միասնական է, երջանիկ ու վայելում է խաղաղ և հանգիստ կյանք։ Ավելին, ես մեծ պատիվ ունեմ ծառայելու որպես լիաժամ քարոզիչ և օգնելու ուրիշներին նույնպես գտնելու Աստծու խաղաղությունը։

[նկար 9-րդ էջի վրա]

Աստվածաշունչ ուսումնասիրելը օգնեց Սալվադորին գտնելու խաղաղություն