Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեր խորհրդավոր արցունքները

Մեր խորհրդավոր արցունքները

ԼԱՑՆ ուղեկցում է մեզ՝ ծնվելու պահից սկսած։ Մի մասնագետ նորածնի լացն անվանում է «ակուստիկ պորտալար»՝ նկատի ունենալով, որ լացի միջոցով երեխան հուշում է, որ պետք է հոգան իր էմոցիոնալ ու ֆիզիկական կարիքները։ Իսկ ինչո՞ւ ենք լաց լինում, եթե մեծանալուն զուգընթաց՝ կարողանում ենք այլ կերպերով հաղորդակցվել։

Մենք լաց ենք լինում զանազան պատճառներով։ Օրինակ՝ հուզական արցունքների պատճառ կարող են լինել տխրությունը, հուսահատությունը, ֆիզիկական կամ հոգեկան ցավը։ Հուզական արցունքներ են առաջանում նաև այն դեպքում, երբ մեր սիրտը ցնծում է, երբ թեթևություն ենք զգում կամ ինչ-որ ձեռքբերումներ ենք ունենում, բայց դրանք, ինչ խոսք, ուրախության արցունքներ են։ Տեսնելով դիմացինի արցունքները՝ գուցե մենք էլ հուզվենք։ «Երբ ինչ-որ մեկը լաց է լինում, ինչն էլ լինի պատճառը, իմ աչքերն էլ են լցվում»,— ասում է Մարիան։ Թերևս մարդուն լաց լինելու մղի նաև ֆիլմի կամ գրքի սյուժեն։

Լացն ազդու լեզու է, որում բառեր չկան։ Մի գրքում ասվում է. «Քիչ կան այլ միջոցներ, որոնցով հնարավոր է կարճ ժամանակում շատ բան արտահայտել» (Adult Crying)։ Բացի այդ, մեզանից շատերը չեն կարողանում անտարբեր մնալ՝ տեսնելով, օրինակ, տխրության արցունքներ, քանի որ դրանք ցույց են տալիս, որ անհատը տառապում է։ Եվ մենք մղվում ենք մխիթարելու կամ օգնելու նրան։

Որոշ մասնագետներ կարծում են, որ լաց լինելը օգտակար է, քանի որ այդպես արտահայտում ենք մեր հույզերը, մինչդեռ արցունքներն անընդհատ զսպելը կարող է վնասակար լինել առողջության համար։ Ոմանք էլ այն կարծիքի են, թե գիտությունը լիովին չի ապացուցել, որ լացը դրական ազդեցություն է թողնում մարդու ֆիզիկական կամ հոգեկան առողջության վրա։ Սակայն հարցումները ցույց են տվել, որ կանանց 85 տոկոսը և տղամարդկանց 73 տոկոսը լաց լինելուց հետո ավելի լավ են զգում։ «Երբեմն զգում եմ, որ լաց լինելու կարիք ունեմ։ Լաց լինելուց հետո խոր շունչ եմ քաշում, կարողանում եմ հստակ հասկանալ իրավիճակը և իրերին ճիշտ տեսանկյունից նայել»։

Հարցումները ցույց են տվել, որ կանանց 85 տոկոսը և տղամարդկանց 73 տոկոսը լաց լինելուց հետո ավելի լավ են զգում

 Իհարկե, միայն արցունքների շնորհիվ չէ, որ թեթևություն ենք զգում։ Կարևոր դեր է խաղում նաև ուրիշների արձագանքը։ Օրինակ՝ երբ մեր արցունքները տեսնելիս մարդիկ մղվում են մխիթարելու կամ օգնելու մեզ, մենք սփոփվում ենք, իսկ երբ բացասաբար են արձագանքում, ամաչում ենք և անտեսված ենք զգում մեզ։

Ինչ խոսք, արցունքների առեղծվածը դեռևս լիովին բացահայտված չէ։ Բայց մի բան հստակ է. արտասվելը հույզերն արտահայտելու զարմանահրաշ միջոց է, որը պարգևել է մեզ Աստված։