Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արևադարձային խոնավ անտառների թռչող «այգեպանները»

Արևադարձային խոնավ անտառների թռչող «այգեպանները»

ՑԱՆԿԱՑԱԾ այգեպան գիտի, որ հողից լավ արդյունք ստանալու համար հարկավոր է սերմերը ցանել ճիշտ տեղում և ճիշտ ժամանակ։ Գուցե զարմանալի թվա, բայց խոնավ անտառներում կան «այգեպաններ», որոնք ցանք են անում գիշերով՝ սերմերը գցելով թռիչքի ընթացքում։ Այդ «այգեպանները» պտղակեր չղջիկներն են, որոնց որոշ տեսակներ կոչվում են թռչող աղվեսներ *։

Ինչպես է տեղի ունենում ցանքը

Պտղակեր չղջիկներից շատերը գիշերով թռչում են անտառում՝ փնտրելով ծառեր, որոնք համեղ պտուղներ ունեն, կամ ծաղիկներ, որոնք հարուստ են նեկտարով։ Նրանք ուտում են պտուղները, և չմարսված փափկամիսն ու սերմերը որոշ ժամանակ անց դուրս են գալիս արտաթորանքի հետ։ Բացի այդ, ծաղիկներից նեկտար խմելիս նրանք փոշոտում են ծաղիկները։

Գիշերվա ընթացքում պտղակեր չղջիկները կարողանում են մեծ տարածություններ անցնել. այդպես նրանք սերմերը «ցանում են» հսկայական տարածքներում։ Քանի որ կուլ տված սերմերը դուրս են գալիս արտաթորանքի հետ, հողը «պարարտանյութ» է ստանում, ինչն էլ նպաստում է այդ սերմերի աճին։ Զարմանալի չէ, որ խոնավ անտառների բազմաթիվ բույսերի կյանքը կախված է  չղջիկներից, որոնք փոշոտում են ծաղիկները կամ տարածում սերմերը։

Քանի որ չղջիկները թռչում են տարբեր ուղղություններով, նրանք պետք է ունենան տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն և բացառիկ տեսողություն։ Մթության մեջ նրանք մարդկանցից լավ են տեսնում և նույնիսկ տարբերում են որոշ գույներ։ Չղջիկները կարողանում են թռչել նաև ցերեկով։

Չղջիկների «ընտանեկան կյանքը»

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Ի տարբերություն այլ չղջիկների, պտղակեր չղջիկները սնունդ են հայթայթում ոչ թե իրենց ձայնային ազդանշանների, այլ տեսողության և հոտառության միջոցով։ Նրանց խոշոր աչքերը իդեալական են գիշերային կյանքի համար։

Սամոական թռչող աղվեսները (Pteropus samoensis) զուգընկեր են ընտրում ողջ կյանքի համար։ Ինչպես նկատվել է, որոշ տեսակների էգեր շատ լավ են հոգ տանում իրենց ձագերին։ Նրանք մի քանի շաբաթ ձագերին իրենց մոտ են պահում և կաթ են տալիս, մինչև որ մեծանան։ Պտղակեր չղջիկների երկու տեսակների էգեր երբեմն նույնիսկ «մանկաբարձուհու» դեր են տանում և օգնում են ծննդաբերող էգին։

Ցավոք, պտղակեր չղջիկների շատ տեսակներ բնաջնջման վտանգի առաջ են կանգնած մասամբ այն պատճառով, որ ոչնչացվում է նրանց բնական միջավայրը։ Պտղակեր չղջիկների ոչնչացումը Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանների կղզիների համար աղետալի կլինի, քանի որ այդ կղզիներում աճող բույսերի որոշ տեսակներ, ըստ երևույթին, չեն կարող փոշոտվել՝ առանց չղջիկների օգնության։ Հստակ է, որ այս թռչող «այգեպանները» շատ արժեքավոր գործ են կատարում։

^ պարբ. 2 Պտղակեր չղջիկները բնակվում են Աֆրիկայում, Ասիայում, Ավստրալիայում և Խաղաղօվկիանոսյան կղզիներից մի քանիսում։