Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՎԻՇՏԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչ կարելի է սպասել

Ինչ կարելի է սպասել

Թեև որոշ մասնագետներ վիշտ ապրելու պրոցեսը բաժանում են մի քանի հիմնական փուլերի, բայց փաստն այն է, որ յուրաքանչյուր անհատ յուրովի է տանում վիշտը։ Արդյո՞ք տարբեր արձագանքներից կարելի է եզրակացնել, որ ոմանք այդքան էլ խոր ցավ չեն ապրում կամ պարզապես ճնշում են իրենց հույզերը։ Պարտադիր չէ։ Ճիշտ է, ապաքինման համար անհրաժեշտ է ընդունել կորստի փաստը և արտահայտել սրտի ցավը, բայց վիշտ ապրելու ինչ-որ կոնկրետ «ճիշտ» ձև չկա։ Շատ բան կախված է սգացող անհատի մշակույթից, անհատականությունից, կյանքում պատահած դեպքերից, ինչպես նաև այն բանից, թե ինչպես է մահացել հարազատը։

Ի՞ՆՉ ԱՊՐՈՒՄՆԵՐ ՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Հարազատ կորցնելուց հետո մարդիկ հաճախ գուցե անորոշության մեջ լինեն՝ չիմանալով, թե ինչ վիճակում կլինեն իրենք։ Այդուհանդերձ, որոշ հույզեր և դժվարություններ սովորաբար ի հայտ են գալիս գրեթե բոլորի պարագայում և կանխատեսելի են։ Նկատի առնենք դրանցից մի քանիսը։

Հուզական խառնաշփոթ վիճակ։ Վիշտ ապրող անհատը գուցե ունենա լացի պոռթկումներ, մահացածի հանդեպ կարոտ, տրամադրության կտրուկ տատանումներ։ Վառ հիշողություններն ու երազները կարող են ավելի փոթորկել հույզերը։ Սակայն սկզբնական շրջանում անհատը գուցե անզգայացած, թմրած վիճակում լինի ու ժխտի իրականությունը։ Թինան պատմում է, թե ինչ զգացումներ ուներ սկզբում, երբ իր ամուսինը՝ Թիմոն, անսպասելիորեն մահացավ։ Նա ասում է. «Սկզբում ես մի տեսակ թմրած վիճակում էի, նույնիսկ չէի կարողանում լաց լինել։ Երբեմն զգացումներս այնպես էին ճնշում ինձ, որ դժվարանում էի շնչել։ Պարզապես չէի կարողանում հավատալ տեղի ունեցածին»։

Զայրույթի պոռթկումներ, մտատանջություններ և մեղավորության զգացում։ Այվնը պատմում է. «Մեր 24-ամյա որդու՝ Էրիկի մահից հետո մի որոշ ժամանակ իմ ու կնոջս՝ Յոլանդայի սիրտը լի էր ցասումով։ Մենք զարմանում էինք, որ այդպիսի զգացում ունենք, քանի որ երբեք չենք մտածել, թե բարկացկոտ մարդիկ ենք։ Նաև մեղավորության զգացում ունեինք. մտածում էինք, թե չէինք կարող արդյոք ավելին անել մեր որդուն օգնելու համար»։ Ալեխանդրոն, որի կինը մահացել էր երկարատև հիվանդությունից հետո, նույնպես մեղավորության զգացում ուներ։ Նա ասում է. «Սկզբում մտածում էի, որ եթե Աստված թույլ է տվել, որ այսքան տառապեմ, ուրեմն երևի ես վատ մարդ եմ։ Իսկ հետո ինձ մեղավոր էի զգում, որովհետև ստացվում էր, որ Աստծուն էի մեղադրում պատահածի համար»։ Իսկ Կոստասը, ում խոսքերը մեջբերվեցին նախորդ հոդվածում, ասում է. «Երբեմն ես նույնիսկ բարկանում էի Սոֆիայի վրա, որ հեռացել էր ինձանից։ Բայց հետո ինձ մեղավոր էի զգում, որ այդպես եմ մտածում. չէ որ դա նրա մեղքը չէր»։

Մտքի աշխատանքի անառողջ դրսևորումներ։ Ժամանակ առ ժամանակ վիշտ ապրող մարդը թերևս սկսի ոչ ճիշտ դատել և անտրամաբանական մտքեր ունենա։ Օրինակ՝ նրան գուցե թվա, թե կարող է տեսնել, լսել մահացածին կամ զգալ նրա ներկայությունը, կամ էլ գուցե դժվարանա կենտրոնանալ և որոշ բաներ հիշել։ Թինան ասում է. «Երբեմն ինչ-որ մեկի հետ զրուցելիս նկատում էի, որ միտքս բոլորովին ուրիշ տեղ է։ Գլխումս խառնաշփոթ էր. մտքերս անընդհատ պտտվում էին Թիմոյի մահվան հետ կապված դեպքերի շուրջ։ Հենց միայն այն, որ դժվարանում էի կենտրոնանալ, հուսահատեցնում էր ինձ»։

Մեկուսանալու ցանկություն։ Վիշտ ապրող անհատը այլ մարդկանց շրջապատում գուցե իրեն կաշկանդված զգա և դյուրագրգիռ դառնա։ Կոստասն ասում է. «Ամուսնական զույգերի մեջ գտնվելիս ես ինձ ավելորդ էի զգում։ Բայց ոչ էլ ամուրիների մեջ էի տեղս գտնում»։ Իսկ Այվնի կինը՝ Յոլանդան, պատմում է. «Այնքան դժվար էր շփվել այն մարդկանց հետ, ովքեր դժգոհում էին իրենց խնդիրներից, որոնք մեր վշտի հետ համեմատած՝ շատ չնչին էին թվում։ Կային մարդիկ էլ, ովքեր պատմում էին իրենց երեխաների մասին, թե ինչ լավ բաներ են լինում նրանց կյանքում։ Ես ուրախ էի նրանց համար, բայց, միևնույն ժամանակ, շատ ծանր էր լսել այդ ամենը։ Ես ու ամուսինս հասկանում էինք, որ կյանքը շարունակվում է, բայց նման խոսակցություններ լսելու ո՛չ ցանկություն ունեինք, ո՛չ էլ համբերություն»։

Առողջական խնդիրներ։ Սովորաբար վիշտ ապրելիս նկատվում են ախորժակի, քաշի փոփոխություններ և քնելու հետ կապված դժվարություններ։ Ահարոնը պատմում է, թե իր հոր մահից հետո առաջին տարվա ընթացքում ինչ դժվարություններ ուներ. «Քունս խանգարվել էր։ Ամեն գիշեր միևնույն ժամին արթնանում էի ու հորս մահվան մասին էի մտածում»։

Իսկ Ալեխանդրոն ասում է, որ որոշ անհասկանալի առողջական խնդիրներ ուներ։ Նա պատմում է. «Ես մի քանի անգամ բժշկական հետազոտություն անցա, և պարզվեց, որ առողջ եմ։ Սկսեցի ենթադրել, որ իմ ունեցած ախտանշանների պատճառը վիշտն է»։ Այդ խնդիրներն ի վերջո անցան։ Այնուամենայնիվ, Ալեխանդրոն խելամիտ էր վարվել, որ դիմել էր բժշկի։ Բանն այն է, որ վիշտը կարող է թուլացնել օրգանիզմի դիմադրողականությունը, խորացնել եղած առողջական խնդիրները կամ նույնիսկ նոր խնդիր առաջացնել։

Առօրյա անհրաժեշտ գործերը կատարելու հետ կապված դժվարություններ։ Այվնը պատմում է. «Երբ Էրիկը մահացավ, պետք է այդ մասին տեղեկացնեինք ոչ միայն մեր բարեկամներին ու ընկերներին, այլև ուրիշներին, օրինակ՝ նրա գործատիրոջը և նրա տան սեփականատիրոջը։ Նաև բազմաթիվ փաստաթղթեր պետք է լրացնեինք։ Բացի դրանից, պետք է որոշեինք՝ ինչ անենք Էրիկի անձնական իրերը։ Այս ամենը մեզանից պահանջում էր ուշադրություն և մտային ուժեր, մինչդեռ այդ ժամանակ մենք թե՛ մտային, թե՛ ֆիզիկական, թե՛ զգացական առումով հոգնած և ուժասպառ էինք»։

Ոմանց համար էլ ամենադժվար շրջանը ավելի ուշ է սկսվում, հատկապես երբ ստիպված են լինում զբաղվել այն հարցերով, որոնցով նախկինում զբաղվում էր մահացած հարազատը։ Այդպես էր Թինայի պարագայում։ Նա պատմում է. «Մեր բանկային հաշիվներով և այլ գործարքային հարցերով միշտ Թիմոն էր զբաղվում։ Այժմ արդեն ես պետք է անեի այդ ամենը, ինչի պատճառով իմ սթրեսն ավելի էր շատացել։ Մտածում էի՝ ոնց եմ գլուխ հանելու այս ամենից»։

Կարդալով վերոնշյալ զգացական, մտային և ֆիզիկական խնդիրների մասին՝ գուցե մտածեք, որ վիշտը հաղթահարելը սարսափելի դժվար է։ Հարազատի կորուստն իսկապես անասելի ցավ է պատճառում, բայց դա գիտակցելն ու դժվարությունների մասին նախապես տեղյակ լինելը կարող է օգնել հաղթահարելու վիշտը։ Նաև կարևոր է հիշել, որ ոչ բոլորն են ունենում վերոնշյալ բոլոր խնդիրները։ Բացի այդ, վիշտ ապրող անհատը թերևս որոշ չափով սփոփվի՝ իմանալով, որ դրա հետ կապված բուռն հույզերը և ապրումները միանգամայն բնական են։

ԵՐԲԵՎԷ ԿՐԿԻՆ ԵՐՋԱՆԻԿ ԿԼԻՆԵ՞Մ

Ի՞նչ սպասել։ Վշտի հետ կապված բուռն ապրումները հարատև չեն և ժամանակի ընթացքում թուլանում են։ Սա չի նշանակում, թե այդ վերքը լիովին բուժվում է, կամ որ անհատը մոռանում է իր սիրելի հարազատին։ Սակայն սուր ցավը հետզհետե մեղմանում է։ Բուռն հույզերը հաճախ կրկին գլուխ են բարձրացնում, օրինակ, այն ժամանակ, երբ անսպասելիորեն որոշ հիշողություններ են արթնանում։ Այդպես կարող է լինել նաև ամուսնության, մահվան և այլ տարեդարձների ժամանակ։ Բայց ի վերջո մարդիկ մեծ մասամբ կարողանում են վերագտնել իրենց զգացական հավասարակշռությունը և վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին։ Դրան շատ է նպաստում ընտանիքի անդամների և ընկերների աջակցությունը և այն, որ անհատը որոշակի ողջամիտ քայլեր է ձեռնարկում իր վիշտը փարատելու համար։

Որքա՞ն կտևի այս ամենը։ Ոմանց համար ամենածանր շրջանը առաջիկա մի քանի ամիսներն են, իսկ հետո ավելի հեշտ է լինում։ Շատերն էլ միայն մեկ կամ երկու տարի հետո են զգում, որ իրենց ցավը մեղմացել է։ Իսկ ոմանց շատ ավելի երկար ժամանակ է հարկավոր։ a Ալեխանդրոն պատմում է. «Ես մոտ երեք տարի շարունակ խոր վշտի մեջ էի»։

Համբերատար եղեք ինքներդ ձեր հանդեպ։ Փորձեք հաղթահարել միայն տվյալ օրվա խնդիրները։ Մի՛ շտապեք. թողեք ամեն բան իր հունով ընթանա, և իմացեք, որ վշտի հետ կապված բուռն հույզերը ընդմիշտ չեն մնալու։ Այնուամենայնիվ, հնարավո՞ր է արդյոք որոշ քայլեր ձեռնարկել հիմա իսկ վիշտը որոշ չափով մեղմացնելու և դրա երկարաձգումը կանխելու համար։

Վշտի հետ կապված բուռն հույզերը և ապրումները միանգամայն բնական են

a Որոշ մարդկանց դեպքում վիշտը չափազանց խորն է լինում և շատ երկար է տևում. այդ վիճակն անվանում են «երկարաձգված» կամ «քրոնիկական» վիշտ։ Այդ դեպքում մարդը թերևս մասնագիտացված հոգեբանական աջակցության կարիք ունենա։