Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս են էլեկտրոնային սարքերը ազդում ձեր ընկերական փոխհարաբերությունների վրա

Ինչպե՞ս են էլեկտրոնային սարքերը ազդում ձեր ընկերական փոխհարաբերությունների վրա

Հաղորդագրությունների, էլեկտրոնային նամակների, տեսազանգերի և սոցիալական ցանցերի շնորհիվ մարդիկ կարող են հեշտությամբ շփվել միմյանց հետ, անգամ եթե ապրում են տարբեր մայրցամաքներում։ Այս առումով ժամանակակից տեխնոլոգիաները օգտակար գործիքներ են։

Սակայն որոշ մարդիկ, ովքեր իրենց ընկերների հետ հիմնականում շփվում են էլեկտրոնային սարքերի միջոցով՝

  • դառնում են անտարբեր,

  • միայնություն ու դատարկություն են զգում,

  • կենտրոնանում են ավելի շատ իրենց վրա, քան ուրիշների։

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

ԿԱՐԵԿՑԱՆՔ

Որպեսզի հասկանանք մարդու զգացումները, պետք է ժամանակ տրամադրենք ու մտածենք նրա մասին։ Դա դժվար կլինի անել, եթե մեր ողջ ժամանակը տրամադրում ենք հաղորդագրություններին պատասխանելուն և սոցիալական ցանցերին։

Եթե ձեր սարքում հաղորդագրությունների տարափ է, ժամանակի ընթացքում դրանց պատասխանելը գուցե բեռ դառնա։ Այդ դեպքում հնարավոր է՝ հակված լինեք բոլոր նամակներին հապճեպ պատասխանելու և չնկատեք, որ ձեր ընկերներից մեկը օգնության կարիք ունի։

ՄՏԱԾԵՔ։ Ձեր ընկերներին հաղորդագրություն գրելիս ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ ցավակից եք ու իսկապես մտածում եք նրանց մասին (1 ՊԵՏՐՈՍ 3։8

ԴԱՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

Մի ուսումնասիրության համաձայն՝ շատ մարդիկ սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելուց հետո բացասական էմոցիաներով են լցվում։ Հետազոտողները եզրակացրել են, որ երբ մարդը, ուրիշների նկարները նայելով, վատնում է իր ժամանակը, հաճախ մտածում է. «Կարող էի ավելի օգտակար բանով զբաղվել»։

Դեռ ավելին, ուրիշների տեղադրած հետաքրքրաշարժ նկարները նայելիս մարդ գուցե սկսի իրեն համեմատել նրանց հետ։ Արդյունքում կարող է եզրակացնել, որ բոլորը հաճելի ժամանակ են անցկացնում, մինչդեռ ինքը ձանձրալի կյանքով է ապրում։

ՄՏԱԾԵՔ։ Սոցիալական ցանցերից օգտվելիս ինչպե՞ս կարող եք զգուշանալ ուրիշների հետ համեմատվելու ծուղակից (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6։4

ԵՍԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆ

Մի ուսուցիչ նշում է, որ իր աշակերտներից ոմանք եսակենտրոն են և այնպիսի ընկերներ են փնտրում, որոնցից կարող են շահ ստանալ։ Այդպիսի մարդիկ իրենց ընկերներին վերաբերվում են ինչպես էլեկտրոնային սարքի, որը ցանկացած պահի կարելի է անջատել ու մի կողմ դնել։

ՄՏԱԾԵՔ։ Սոցիալական ցանցերում ձեր տեղադրած նյութերից ի՞նչ է երևում՝ արդյոք հակվա՞ծ եք չափից շատ կենտրոնանալու ձեզ վրա և մրցակցելու ուրիշների հետ (ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 5։26

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵՔ ՕԳՏՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻՑ

Եթե սարքերը ծառայեն մեզ, ոչ թե մենք դրանց, կկարողանանք կապ պահել և անգամ ավելի մտերմանալ մեր ընկերների հետ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Սերը.... իր շահը չի փնտրում» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 13։4, 5

Նշեք այն առաջարկները, որոնք ցանկանում եք կիրառել կամ գրեք ձեր տարբերակները։

  • Ավելի շատ նախապատվություն տալ կենդանի շփմանը, քան էլեկտրոնային նամակներին ու հաղորդագրություններին։

  • Ուրիշների հետ շփվելիս անջատել հեռախոսի ձայնը կամ մի կողմ դնել այն։

  • Կրճատել սոցցանցերում անցկացվող ժամանակը։

  • Ավելի ուշադիր լսել զրուցակցին։

  • Կապ հաստատել այն ընկերոջ հետ, որը դժվարությունների միջով է անցնում։