Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հովսեփի եղբայրներն ատում են նրան

Հովսեփի եղբայրներն ատում են նրան

Պատմություն 21

Հովսեփի եղբայրներն ատում են նրան

ՀԱՊԱ նայի՛ր տխուր ու հուսահատ այս տղային։ Դա Հովսեփն է։ Նրան իր եղբայրները քիչ առաջ վաճառեցին Եգիպտոս գնացող այս մարդկանց։ Հովսեփին այնտեղ ստրուկ են դարձնելու։ Բայց ինչո՞ւ հանկարծ նրա արյունակից եղբայրները նման չար քայլի դիմեցին. որովհետև նրանք նախանձում էին Հովսեփին։

Նրանց հայր Հակոբը Հովսեփին շատ–​շատ էր սիրում։ Որպես այդ սիրո արտահայտություն՝ նա մի գեղեցիկ, երկար վերնազգեստ էր նվիրել նրան։ Տեսնելով, թե Հակոբը որքան շատ է սիրում Հովսեփին՝ նրա 10 ավագ եղբայրները նախանձով ու ատելությամբ լցվեցին իրենց եղբոր հանդեպ։ Բայց կար մեկ ուրիշ պատճառ ևս, որի համար նրանք ատում էին նրան։

Հովսեփը երկու երազ էր տեսել։ Այդ երկու երազներում էլ նրա եղբայրները խոնարհվում էին իր առջև։ Երբ Հովսեփը եղբայրներին պատմեց դրանք, նրանց ատելությունն իր հանդեպ ավելի աճեց։

Մի օր, երբ ավագ եղբայրներն արածեցնում էին իրենց հոր ոչխարները, Հակոբն ուղարկում է Հովսեփին՝ տեղեկանալու նրանց վիճակի մասին։ Տեսնելով դեպի իրենց եկող Հովսեփին՝ եղբայրներից մի քանիսն ասում են. «Եկեք սպանենք նրան»։ Բայց անդրանիկ եղբայրը՝ Ռուբենը, հակառակվում է. «Այդպիսի բան մի՛ արեք»։ Դրա փոխարեն նրանք բռնում են Հովսեփին ու գցում մի դատարկ ջրափոսի մեջ։ Հետո նստում են խորհրդակցելու, թե ինչպես վարվեն նրա հետ։

Հենց այդ պահին ինչ–​որ իսմայելացիներ են անցնում այդտեղով։ Հուդան եղբայրներին առաջարկում է. «Եկե՛ք վաճառենք նրան իսմայելացիներին»։ Եվ նրանք այդպես էլ անում են. ընդամենը 20 կտոր արծաթով վաճառում են Հովսեփին։ Ինչպիսի՜ ստոր ու դաժան արարք։

Հիմա ի՞նչ պատասխան պիտի տան եղբայրներն իրենց հորը։ Նրանք մի այծ են մորթում ու Հովսեփի գեղեցիկ վերնազգեստը թաթախում այծի արյան մեջ։ Ապա այն տանում են տուն ու, ցույց տալով իրենց հորը, ասում. «Մենք սա գտանք։ Նայի՛ր, մի՞թե սա Հովսեփի վերնազգեստը չէ»։

Հակոբն իսկույն ճանաչում է իր որդու հագուստը։ Նա լացակումած գոչում է. «Ա՜խ, երևի վայրի գազան է սպանել Հովսեփին»։ Որդիների ուզածն էլ հենց դա է։ Հակոբի տխրությանը չափ ու սահման չկա։ Օրեր շարունակ նա սուգ է անում։ Սակայն իրականում Հովսեփը չի մահացել։ Ե՛կ տեսնենք, թե ինչ է պատահում նրան, երբ տանում են Եգիպտոս։

Ծննդոց 37։1–35։