Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Փարավոնի երազները

Փարավոնի երազները

Պատմություն 23

Փարավոնի երազները

ԱՆՑԵԼ է երկու տարի։ Հովսեփը դեռ բանտում է։ Մատռվակն այդպես էլ չհիշեց նրա մասին։ Մի գիշեր փարավոնը երկու առանձնահատուկ երազ է տեսնում և ուզում է հասկանալ դրանց նշանակությունը։ Նկարում տեսնո՞ւմ ես քնած փարավոնին։ Հաջորդ օրը՝ առավոտյան, փարավոնը կանչում է իր բոլոր իմաստուններին ու պատմում նրանց իր երազները։ Սակայն նրանց չի հաջողվում բացատրել երազների նշանակությունը։

Եվ այստեղ մատռվակը, վերջապես, հիշում է Հովսեփին։ Դիմելով փարավոնին՝ նա ասում է. «Երբ ես բանտում էի, այնտեղ մի մարդ կար, որը երազներ էր մեկնում»։ Փարավոնն անմիջապես հրամայում է Հովսեփին իր մոտ բերել։

Եվ ահա փարավոնը սկսում է պատմել Հովսեփին իր երազները. «Ես տեսա յոթը գեր ու գեղեցիկ կովեր։ Ապա՝ յոթը շատ նիհար ու թույլ կովեր։ Եվ նիհարները կերան գեր կովերին։

Իսկ իմ երկրորդ երազում տեսա ցորենի մի ցողուն՝ վրան յոթը հասուն հասկեր։ Ապա տեսա ցորենի յոթ հատ բարակ, չորացած հասկեր։ Եվ ցորենի այդ բարակ, չորացած հասկերը կուլ տվեցին այն յոթը լավ հասած հասկերին»։

Հովսեփն ասում է փարավոնին. «Երկու երազներն էլ նույն նշանակությունն ունեն։ Յոթը գեր կովերն ու յոթը հասուն հասկերը նշանակում են յոթը տարիներ, իսկ յոթը նիհար կովերն ու ցորենի յոթը չորացած հասկերը՝ կրկին յոթը տարիներ։ Եգիպտոսում յոթը տարի լինելու է սննդի առատություն, իսկ հետագա յոթը տարիներին՝ սով»։

Այնուհետև Հովսեփն ասում է. «Մի իմաստուն մարդ ընտրիր ու նշանակիր նրան, որպեսզի առատության յոթը տարիներին ուտելիքի պաշար հավաքի։ Այդ դեպքում հաջորդ յոթը դժվարին տարիների ընթացքում, երբ ուտելիքի պակասություն կլինի, ժողովուրդը սոված չի մնա»։

Փարավոնին դուր է գալիս այդ միտքը։ Նա հենց Հովսեփին էլ հանձնարարում է ուտելիք հավաքելու և պահեստավորելու գործը։ Եվ այսպես, Հովսեփը դառնում է փարավոնից հետո երկրորդ կարևորագույն դեմքը Եգիպտոսում։

Ութ տարի հետո, երբ արդեն սովը սկսվել էր, Հովսեփի մոտ են գալիս ինչ–​որ մարդիկ։ Ովքե՞ր են նրանք, գիտե՞ս։ Ահա՜ թե ովքեր են՝ Հովսեփի 10 ավագ եղբայրները։ Քանանում հացը սպառվել է, ուստի հայրը՝ Հակոբը, նրանց ուղարկել է Եգիպտոս՝ սննդամթերք բերելու նպատակով։ Հովսեփն իսկույն ճանաչում է իր եղբայրներին, իսկ նրանք իրեն՝ ոչ։ Չէ՞ որ Հովսեփը հասակ է առել և, բացի այդ, հագնված է բոլորովին այլ ձևով։

Հովսեփը վերհիշում է վաղ հասակում տեսած երազը, որի մեջ եղբայրները խոնարհվում էին իր առջև։ Հիշո՞ւմ ես, մենք այդ մասին արդեն կարդացել ենք։ Ուստի Հովսեփը հասկանում է, որ Աստված է իրեն ուղարկել Եգիպտոս բարի մտադրությամբ։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կանի Հովսեփը։ Եկ տեսնենք։

Ծննդոց 41։1–57; 42։1–8; 50։20։