Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընտանիքը տեղափոխվում է Եգիպտոս

Ընտանիքը տեղափոխվում է Եգիպտոս

Պատմություն 25

Ընտանիքը տեղափոխվում է Եգիպտոս

ՀՈՎՍԵՓՆ այլևս չի կարողանում զսպել իր զգացմունքները։ Նա հրամայում է բոլոր ծառաներին դուրս գալ սենյակից։ Մնալով իր եղբայրների հետ առանձին՝ Հովսեփն ազատություն է տալիս իր արցունքներին։ Պատկերացրու, թե որքան մեծ է եղբայրների զարմանքը. չէ՞ որ նրանք չգիտեն նրա լացի պատճառը։ Վերջապես նա խոսում է. «Ես Հովսեփն եմ։ Հայրս ո՞ղջ է»։

Եղբայրները զարմանքից պապանձվում են. նրանք վախից քարանում են։ Բայց Հովսեփն ասում է. «Խնդրում եմ, մոտ եկեք»։ Երբ նրանք մոտենում են, նա շարունակում է. «Այո, ձեր եղբայր Հովսեփն եմ ես, որին վաճառեցիք Եգիպտոս»։

Հովսեփի ձայնը մեղմություն է արտահայտում. «Մի՛ մեղադրեք ձեզ այն բանի համար, որ ինձ վաճառել եք Եգիպտոս։ Աստծու կամքով եմ ես Եգիպտոսում, ժողովրդի կյանքը փրկելու համար։ Փարավոնն ինձ նշանակել է այս երկրի կառավարիչ։ Հիմա շտապեցե՛ք հորս մոտ ու հայտնեք նրան այս ամենը։ Թող գա և ապրի այստեղ»։

Այս ասելով՝ Հովսեփն ընկնում է իր եղբայրների գիրկը, փաթաթվում է ու համբուրում նրանց բոլորին։ Երբ փարավոնն իմանում է, որ եկել են Հովսեփի եղբայրները, ասում է նրան. «Թող վերցնեն կառքերն ու գնան իրենց հորն ու իրենց ընտանիքներին բերեն այստեղ բնակվելու։ Եգիպտոսի լավագույն հողերը ես նրանց կտամ»։

Նրանք այդպես էլ արեցին։ Այս նկարում պատկերված է Հովսեփի հանդիպումն իր հոր հետ, երբ վերջինս ընտանիքով գալիս է Եգիպտոս։

Հակոբի ընտանիքը շատ է ընդարձակվել։ Եթե Հակոբի հետ միասին հաշվենք միայն իր երեխաներին ու թոռներին, ապա Եգիպտոս տեղափոխվեց 70 հոգի։ Բայց չէ՞ որ, բացի այդ, նրանց հետ էին նաև իրենց կանայք ու, հավանաբար, նաև շատ ծառաներ։ Նրանք բոլորը միասին հաստատվեցին Եգիպտոսում։ Նրանք սկսեցին կոչվել իսրայելացիներ, որովհետև Աստված Հակոբին շնորհել էր նոր անուն՝ Իսրայել։ Հետագա գլուխներից պարզ կդառնա, թե իսրայելացիներն ինչպես դարձան Աստծու առանձնահատուկ ժողովուրդը։

Ծննդոց 45։1–28; 46։1–27։