Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

10 պատուհասները

10 պատուհասները

Պատմություն 32

10 պատուհասները

ՆԱՅԻ՛Ր այս նկարներին։ Դրանցից յուրաքանչյուրում պատկերված է այն պատուհասը, որը Եհովան բերեց Եգիպտոսի վրա։ Առաջին նկարից երևում է, թե ինչպես Ահարոնն իր գավազանով հարվածեց Նեղոս գետին, և գետի ջրերը վերածվեցին արյան։ Ձկները սատկեցին, և գետն ամբողջովին սկսեց գարշահոտել։

Ապա Եհովան այնպես արեց, որ Նեղոս գետի միջից գորտեր դուրս ելնեն։ Նրանք հայտնվում էին ամենուր՝ մինչևիսկ վառարանների, թավաների ու մարդկանց անկողինների մեջ։ Երբ այդ գորտերը սատկեցին, եգիպտացիները նրանց մեծ կույտերով դիզեցին իրար վրա. երկրով մեկ գարշահոտություն ընկավ։

Հետո Ահարոնն իր գավազանով հարվածեց գետնին, ու հողի փոշին վերածվեց մլակների՝ փոքրիկ թռչող միջատների, որոնք խայթում էին։ Մլակները Եգիպտոսի վրա եկած երրորդ պատուհասն էր։

Հաջորդ պատուհասները հարվածեցին միայն եգիպտացիներին՝ ընդհանրապես չդիպչելով իսրայելացիներին։ Չորրորդ պատուհասի ժամանակ եգիպտացիների տների վրա հսկա խմբերով գրոհեցին մեծ ճանճերը։ Հինգերորդ պատուհասը հարվածեց նրանց կենդանիներին։ Սատկեցին բազմաթիվ խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ ու այծեր։

Հերթական պատուհասը սկսվեց նրանից, որ Մովսեսն ու Ահարոնը մի քիչ մոխիր վերցրին ու ցրիվ տվեցին օդի մեջ։ Դրա հետևանքով մարդկանց ու կենդանիների վրա թարախակալված վերքեր առաջացան։ Դա վեցերորդ պատուհասն էր։

Այնուհետև Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Եհովան որոտ ու կարկուտ տեղաց։ Այդպիսի ուժեղ կարկուտ Եգիպտոսում դեռ երբեք չէր եղել։

Ութերորդ պատուհասը բերվեց մորեխների խոշոր երամների միջոցով։ Նախկինում երբեք այդքան շատ մորեխներ չէին եղել։ Նրանք խժռեցին այն ամենը, ինչը մնացել էր կարկուտից հետո։

Իններորդ պատուհասը եղավ համատարած խավարը։ Երեք օր ամենուրեք սաստիկ խավար էր, մինչդեռ իսրայելացիներն իրենց տներում լույս ունեին։

Ի վերջո, Աստված իր ժողովրդին զգուշացրեց, որ ուլի կամ գառնուկի արյուն քսեն իրենց դրանդիներին (դռների շրջանակներին)։ Ապա Աստծու հրեշտակն անցավ Եգիպտոսի միջով։ Տեսնելով արյունը՝ նա այդ տանից ոչ մեկին ձեռք չէր տալիս։ Իսկ այն տներում, որոնց դռներին արյուն քսված չէր, Աստծու հրեշտակը սպանում էր բոլոր անդրանիկներին՝ թե՛ մարդկանց և թե՛ կենդանիների։ Դա արդեն տասներորդ պատուհասն էր։

Այդ վերջին պատուհասից հետո միայն փարավոնը թույլ տվեց իսրայելացիներին գնալ։ Աստծու ժողովուրդը կազմ ու պատրաստ էր և հենց այդ գիշեր էլ դուրս ելավ Եգիպտոսից։

Ելից 7–12 գլուխներ։