Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարմիր ծովից անցնելը

Կարմիր ծովից անցնելը

Պատմություն 33

Կարմիր ծովից անցնելը

ՆԱՅԻ՛Ր, թե ինչ է տեղի ունենում։ Մովսեսն իր գավազանը պարզել է դեպի Կարմիր ծովը։ Նրա հետ միասին մենք տեսնում ենք նաև բարեհաջող կերպով Կարմիր ծովի մյուս ափը հասած իսրայելացիներին։ Իսկ փարավոնն ու իր բանակը խեղդվում են ծովում։ Եկ տեսնեք, թե ինչպես պատահեց այս ամենը։

Ինչպես իմացանք, եգիպտացիների վրա Աստծու բերած 10–րդ պատուհասից հետո փարավոնը թույլ տվեց իսրայելացիներին հեռանալ Եգիպտոսից։ Հեռացողների մեջ էին մոտավորապես 600 000 իսրայելացի տղամարդիկ, ինչպես նաև բազում կանայք ու երեխաներ։ Նրանց հետ միասին Եգիպտոսից դուրս եկավ նաև Եհովային հավատացող մի մեծ բազմություն։ Նրանք իրենց հետ վերցրին իրենց ոչխարներին, այծերին ու նաև խոշոր եղջերավոր անասուններին։

Նախքան հեռանալը, իսրայելացիները հագուստ, նաև ոսկե ու արծաթե իրեր ուզեցին եգիպտացիներից։ Իրենց գլխին եկած վերջին պատուհասից հետո եգիպտացիներն արդեն ահ ու սարսափի մեջ էին։ Այդ պատճառով էլ նրանք իսրայելացիներին տվեցին իրենց ուզած բոլոր բաները։

Մի քանի օր անց իսրայելացիները հասան Կարմիր ծովին։ Այնտեղ նրանք կանգ առան։ Իսկ այդ ընթացքում փարավոնն ու իր մարդիկ սկսեցին ափսոսալ, որ արձակեցին նրանց։ «Այս ի՛նչ արեցինք. մեր գերիներին ազատ արձակեցինք»,— ասում էին նրանք։

Այսպիսով, փարավոնը այս անգամ էլ իր որոշումը փոխեց։ Նա արագ ոտքի հանեց իր մարտակառքերն ու բանակը։ Բացի իր 600 հատուկ կառքերից, նա իսկույն հրամայեց լծել նաև Եգիպտոսում եղած մյուս բոլոր կառքերը և արշավեց իսրայելացիների ետևից։

Տեսնելով դեպի իրենց ուղղությամբ եկող փարավոնի բանակը՝ իսրայելացիները խիստ վախեցան։ Փախչելու տեղ չկար. մի կողմում տարածվում էր Կարմիր ծովը, իսկ մյուս կողմից մոտենում էին եգիպտացիները։ Բայց Եհովան ամպ դրեց իր ժողովրդի ու եգիպտացիների միջև։ Եգիպտացիներն այլևս չէին կարողանում տեսնել իսրայելացիներին, որ նրանց վրա հարձակվեին։

Այնուհետև, Եհովայի պատվերով Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի Կարմիր ծովը։ Հենց այդ պահին Եհովան արևելյան սաստիկ քամի բարձրացրեց։ Եվ ահա ծովի ջրերը ճեղքվեցին ու ճանապարհ բացեցին՝ բաժանվելով իրարից ու երկու կողմերում վեր խոյանալով։

Եվ այսպես, իսրայելացիները սկսեցին քայլել ծովի չոր հատակի վրայով։ Ժամեր պահանջվեցին, մինչև որ միլիոնավոր մարդիկ իրենց անասունների հետ բարեհաջող կերպով անցան դեպի ծովի մյուս ափը։ Բայց շուտով եգիպտացիներին դարձյալ հաջողվեց տեսնել իսրայելացիներին։ Իրենց ստրուկները փախչո՛ւմ էին... Ուստի նրանք իսրայելացիների ետևից սրընթաց մտան ծովը։

Երբ բոլորն արդեն ծովի մեջ էին, Եհովան այնպես արեց, որ նրանց կառքերի անիվները դուրս գան։ Եգիպտացիները սարսափի մեջ ընկան ու սկսեցին բղավել. «Եհովան պատերազմում է մեր դեմ իսրայելացիների համար։ Եկեք փախչենք այստեղից»։ Բայց արդեն ուշ էր։

Հենց այդ պահին Եհովան կրկին պատվիրեց Մովսեսին գավազանը մեկնել դեպի Կարմիր ծովը, ինչպես որ պատկերված է նկարում։ Մեկնելուն պես ջրերը երկու կողմից ետ եկան ու ծածկեցին եգիպտացիներին իրենց կառքերի հետ միասին։ Ողջ եգիպտական բանակը մտել էր ծովը՝ իսրայելացիների ետևից, ուստի նրանք բոլորն էլ ոչնչացան։

Աստծու ժողովուրդը փրկված էր. ինչպիսի՜ երջանկություն։ Տղամարդիկ գովաբանության երգեր էին երգում Եհովային ու ասում. «Եհովան փառավոր հաղթանակ տարավ։ Նա ձիերին ու իրենց ձիավորներին նետեց ծովը»։ Մովսեսի քույր Մարիամը վերցրեց իր դափը, նրա օրինակին հետևեցին նաև մյուս կանայք։ Եվ ուրախ պարելով՝ նրանք ձայնակցում էին տղամարդկանց երգին. «Եհովան փառավոր հաղթանակ տարավ։ Ձիերին ու իրենց ձիավորներին նետեց ծովը»։

Ելից 12–15 գլուխներ։