Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

12 հետախույզները

12 հետախույզները

Պատմություն 38

12 հետախույզները

ՀԱՊԱ նայի՛ր այս մարդկանց բերած մրգերին։ Տեսնո՞ւմ ես՝ որքան մեծ է խաղողի այս ողկույզը։ Երկու մարդ հազիվ է կարողացել բերել այն՝ ամրացնելով մի ամուր ձողի։ Ձողին ամրացված են նաև մի քանի թուզ ու նուռ։ Որտեղի՞ց է բերվել այդ ամենը. Քանանի երկրից։ Հիշո՞ւմ ես, Քանանն այն երկիրն է, ուր մի ժամանակ ապրում էին Աբրահամը, Իսահակն ու Հակոբը։ Բայց այնտեղ սկսված սովի պատճառով Հակոբն իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Եգիպտոս։ Հիմա, երբ արդեն անցել է 216 տարի, Մովսեսն իսրայելացիներին առաջնորդում է դեպի Քանան։ Նրանք արդեն հասել են անապատում գտնվող այն վայրին, որը կոչվում է Կադես։

Քանանի երկրի բնակիչները չար են։ Դրա համար էլ Մովսեսն ուղարկում է 12 հետախույզների՝ պատվիրելով. «Իմացեք, թե քանի մարդ է այնտեղ ապրում, որքա՞ն ուժեղ են նրանք, հողը պարա՞րտ է արդյոք։ Եվ անպայման այդ երկրի պտուղներից մի քիչ բերեք»։

Վերադառնալով Կադես՝ հետախույզները պատմում են Մովսեսին. «Իսկապե՛ս որ հրաշալի երկիր է»։ Որպես ապացույց՝ նրանք ցույց են տալիս իրենց հետ բերած մրգերը։ Սակայն նրանցից տասը բողոքում են. «Այնտեղ ապրող ժողովուրդը զորավոր է։ Եթե փորձենք գրավել նրանց երկիրը, նրանք մեզ բոլորիս կսպանեն»։

Լսելով այս խոսքերը՝ իսրայելացիները վախի մեջ են ընկնում։ «Երանի՜ թե մեռած լինեինք Եգիպտոսում կամ էլ հենց այստեղ՝ անապատում,— ասում են նրանք,— բայց հիմա մենք սրով կընկնենք, իսկ մեր կանանց ու երեխաներին գերի կտանեն։ Եկեք մի նոր առաջնորդ ընտրենք Մովսեսի փոխարեն ու վերադառնանք Եգիպտոս»։

Բայց երկու հետախույզներ ապավինում են Եհովային ու փորձում հանգստացնել ժողովրդին։ Նրանց անուններն են՝ Հեսու և Քաղեբ։ Նրանք ասում են. «Մի՛ վախեցեք։ Եհովան մեզ հետ է։ Մեզ համար հեշտ կլինի Քանանի երկիրը գրավելը»։ Բայց ժողովուրդը չի լսում։ Նրանք նույնիսկ ուզում են սպանել Հեսուին ու Քաղեբին։

Այս բանը խիստ զայրացնում է Եհովային, ու նա Մովսեսին այսպես է ասում. «Քսան և ավելի բարձր տարիք ունեցողներից և ոչ մեկը չի մտնի Քանանի երկիր։ Նրանք տեսան բոլոր այն հրաշքները, որ ես արեցի Եգիպտոսում ու անապատի մեջ, բայց մինչև հիմա ինձ չեն վստահում։ Ուստի, 40 տարի կթափառեն անապատում, մինչև որ նրանցից վերջինը մահանա։ Միայն Հեսուն ու Քաղեբը ոտք կդնեն Քանանի երկիր»։

Թուոց 13։3–34; 14։1–38։