Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ահարոնի գավազանը ծաղկում է

Ահարոնի գավազանը ծաղկում է

Պատմություն 39

Ահարոնի գավազանը ծաղկում է

ՆԱՅԻ՛Ր ծաղիկներին ու հասած նուշերին, որոնք բուսնել են այս գավազանի, կամ ձողի վրա։ Սա Ահարոնի գավազանն է։ Ահարոնի գավազանի վրա դրանք աճեցին ընդամենը մեկ գիշերվա մեջ։ Եկ տեսնենք, թե դա ինչո՛ւ պատահեց։

Իսրայելացիներն արդեն բավական ժամանակ է, ինչ թափառում են անապատում։ Ժողովրդի միջից որոշ մարդկանց թվում է, որ Մովսեսը չպիտի լինի իրենց առաջնորդը, իսկ Ահարոնը՝ քահանայապետը։ Այդպես են մտածում Կորխը, Դաթանը, Աբիրոնը և ժողովրդի առաջնորդներից ևս 250 հոգի։ Նրանք հավաքվում են ու, գալով Մովսեսի մոտ, ասում. «Ինչո՞ւ եք դուք ձեզ մնացած մարդկանցից բարձր պահում»։

Որպես պատասխան՝ Մովսեսը Կորխին ու նրա կողմնակիցներին հետևյալն է ասում. «Վաղը առավոտյան վերցրեք խնկամանները, դրանց մեջ խունկ լցրեք և բերեք Եհովայի խորանի մոտ։ Տեսնենք, թե Եհովան ում կընտրի»։

Հաջորդ օրը Կորխն ու իր 250 կողմնակիցները գալիս են խորանի մոտ։ Ուրիշ շատերն էլ են գալիս՝ թիկունք կանգնելու այս մարդկանց։ Եհովան շատ բարկացած է։ «Հեռացե՛ք այս չար մարդկանց վրաններից,— հրամայեց Մովսեսը,— մի՛ դիպչեք նրանց պատկանող իրերից և ոչ մեկին»։ Ժողովուրդը լսում է նրան և Կորխի, Դաթանի ու Աբիրոնի վրաններից հեռանում։

Ապա Մովսեսը հայտարարում է. «Ահա թե ինչպես կիմանաք, թե Եհովան ում է ընտրել. գետինը կբացվի ու կուլ կտա այդ չար մարդկանց»։

Հազիվ է Մովսեսն ավարտում իր խոսքերը, երբ գետինը բացվում է. Կորխի վրանը, նրա ունեցվածքը ու նրա հետ նաև Դաթանը, Աբիրոնն ու նրանց հետ եղողները գետնի տակն են անցնում, և այն փակվում է նրանց վրա։ Երբ մարդիկ լսում են գետնի տակ գնացողների ճիչերը, սարսափում են. «Փախչենք, թե չէ երկիրը մեզ էլ կուլ կտա»,— գոչում են նրանք։

Կորխն ու իր 250 հետևորդները դեռ խորանի մոտ կանգնած են։ Ուստի Եհովան կրակ է ուղարկում ու նրանց բոլորին այրում։ Ապա պատվիրում է Եղիազարին՝ Ահարոնի որդուն, մեռած մարդկանց խնկամանները վերցնել ու զոհասեղանը ծածկելու համար բարակ թիթեղներ պատրաստել։ Սեղանը թիթեղներով ծածկելը նախազգուշացում է իսրայելացիների համար, որ, Ահարոնից ու նրա որդիներից բացի, ուրիշ ոչ մեկը չպետք է ծառայի որպես Եհովայի քահանա։

Բայց Եհովան ուզում է մեկընդմիշտ ցույց տալ, որ իր կողմից ընտրված քահանաները Ահարոնն ու նրա որդիներն են։ Ուստի նա հայտնում է Մովսեսին. «Իսրայելի բոլոր ցեղերի առաջնորդները թող բերեն իրենց գավազանները։ Ղևիի ցեղից թող իր գավազանը բերի Ահարոնը։ Ապա դրանք տեղավորիր խորանում՝ ուխտի տապանակի դիմաց։ Իմ կողմից քահանա ընտրված մարդու գավազանը կծաղկի»։

Երբ հաջորդ օրը՝ առավոտյան, Մովսեսը գալիս է, ի՜նչ տեսնի. Ահարոնի գավազանը ծաղկել է ու պտուղներ տվել։ Հիմա հասկացա՞ր, թե ինչու Եհովան Ահարոնի գավազանը ծաղկեցրեց։

Թուոց 16։1–49; 17։1–11; 26։10։