Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մովսեսը հարվածում է ապառաժին

Մովսեսը հարվածում է ապառաժին

Պատմություն 40

Մովսեսը հարվածում է ապառաժին

ԱՆՑՆՈՒՄ են տարիներ՝ 10, 20, 30, 39... Իսրայելացիները դեռ անապատում են։ Բայց այդ տարիների ընթացքում Եհովան հոգ է տանում իր ժողովրդին. կերակրում է մանանայով, ցերեկը նրանց առաջնորդում է ամպի, իսկ գիշերը՝ կրակի սյունով։ Այդ ժամանակահատվածում իսրայելացիների հագուստները չեն մաշվում, և նրանց ոտքերը չեն ուռչում։

Եվ ահա Եգիպտոսից դուրս գալու 40–րդ տարվա առաջին ամիսն է։ Իսրայելացիները կրկին իրենց վրանները տարածել են Կադեսի մոտ։ Սա հենց այն տեղն է, որտեղից մոտ 40 տարի առաջ Մովսեսը 12 մարդ էր ուղարկել Քանանի երկիրը հետախուզելու։ Կադեսում մահանում է Մովսեսի քույր Մարիամը։ Եվ դարձյալ այստեղ անախորժություն է պատահում։

Ժողովուրդը չի կարողանում ջուր գտնել։ Ուստի նրանք սկսում են բողոքել Մովսեսին. «Երանի՜ թե մեռնեինք։ Ինչո՞ւ մեզ Եգիպտոսից հանեցիր ու այս սարսափելի տեղը բերեցիր, ուր ոչինչ չի աճում։ Ո՛չ հացահատիկ կա, ո՛չ թուզ, ո՛չ խաղող, ո՛չ նուռ։ Անգամ խմելու ջուր չկա»։

Երբ Մովսեսն ու Ահարոնը գնում են խորան աղոթելու, Եհովան խոսում է Մովսեսի հետ՝ ասելով. «Հավաքի՛ր ողջ ժողովրդին։ Ապա նրանց աչքի առջև դիմի՛ր ապառաժին։ Նրա միջից ջուր կբխի, որը կբավականացնի թե՛ մարդկանց և թե՛ կենդանիներին»։

Մովսեսը հավաքում է ժողովրդին և դիմում նրանց. «Լսեցե՛ք, դո՛ւք, որ չեք ապավինում Աստծուն։ Այս ապառաժից ես ու Ահարո՞նը ջուր հանենք ձեզ համար»։ Ապա Մովսեսը երկու անգամ գավազանով հարվածում է ապառաժին, ու ջրի մի մեծ շիթ է ժայթքում այնտեղից։ Ջուրն այնքան առատ է, որ լիովին բավարարում է թե՛ ժողովրդին և թե՛ կենդանիներին։

Բայց Եհովան բարկացած է Մովսեսի ու Ահարոնի վրա։ Գիտե՞ս, թե ինչու։ Պատճառն այն է, որ նրանք հայտարարեցին, թե իրենք են ջուր հանելու ապառաժից։ Այնինչ իրականում Եհովան է այդ հրաշքի հեղինակը։ Ու քանի որ Մովսեսն ու Ահարոնը ճշմարտությունը չասացին ժողովրդին, Եհովան ասում է, որ կպատժի նրանց. «Դուք չեք առաջնորդի իմ ժողովրդին դեպի Քանան»։

Շուտով իսրայելացիները մեկնում են Կադեսից։ Կարճ ժամանակ անց նրանք հասնում են Հովր սարի մոտ, որի գագաթին էլ 123 տարեկան հասակում մահանում է Ահարոնը։ Իսրայելացիները շատ են տխրում, ու ամբողջ ժողովուրդը 30 օր սուգ է անում։ Իսրայել ազգի հաջորդ քահանայապետը դառնում է նրա որդի Եղիազարը։

Թուոց 20։1–13; 22–29; Բ Օրինաց 29։5; Նէեմիա 9։21։