Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պղնձե օձը

Պղնձե օձը

Պատմություն 41

Պղնձե օձը

ԱՅՍ սյան վրա փաթաթված օձն արդյոք իրակա՞ն է։ Ո՛չ։ Այն պղնձից է շինված։ Եհովան պատվիրեց Մովսեսին ամրացնել այն մի սյան վրա, որպեսզի ժողովուրդը, նրան նայելով, չմեռներ։ Բայց գետնի վրա սողացող մնացած օձերն իրական են։ Դրանց խայթոցից մարդիկ թունավորվում են։ Եկ տեսնենք, թե ինչո՛ւ։

Պատճառն այն է, որ իսրայելացիները վրդովվում են Աստծու և Մովսեսի դեմ ու տրտնջում. «Ինչո՞ւ մեզ Եգիպտոսից հանեցիր և բերեցիր այս անապատում մեռնելու։ Այստեղ ո՛չ ուտելիք կա, ո՛չ էլ ջուր։ Իսկ այս մանանայից մենք արդեն զզվել ենք»։

Բայց մանանան իրականում համեղ կերակուր է։ Ինչպես մանանան, այնպես էլ ջուրը Եհովան հրաշքով է տվել նրանց։ Բայց ժողովուրդը չի գնահատում Աստծու արածները։ Ուստի, որպես պատիժ, Եհովան թունավոր օձեր է ուղարկում։ Օձերը խայթում են իսրայելացիներին, և, արդյունքում, շատերը մահանում են։

Վերջապես ժողովուրդը գալիս է Մովսեսի մոտ ու աղաչանքով խնդրում. «Մենք մեղք ենք գործել, որովհետև տրտնջացել ենք Եհովայի ու քո դեմ։ Հիմա աղոթի՛ր Եհովային, որ այս օձերին հեռացնի»։

Մովսեսն աղոթում է ժողովրդի համար։ Որպես աղոթքի պատասխան, Եհովան պատվիրում է Մովսեսին շինել այս պղնձե օձը և ամրացնել այն սյան վրա, որպեսզի օձերից խայթվածները նայեն նրան։ Մովսեսն անում է ճիշտ այնպես, ինչպես որ Աստված է պատվիրում։ Եվ խայթվածները, նայելով օձին, բուժվում են։

Այս պատմությունից մենք կարող ենք դաս քաղել։ Մեզանից ամեն մեկն ինչ–​որ ձևով նման է օձերից խայթված այս իսրայելացիներին։ Վաղ թե ուշ բոլորն էլ մահանում են։ Նայի՛ր շուրջդ և կտեսնես, որ մարդիկ ծերանում են, հիվանդանում ու մեռնում։ Պատճառն այն է, որ Ադամն ու Եվան չհնազանդվեցին Եհովային, իսկ մենք նրանց սերունդներն ենք։ Մինչդեռ Եհովան մեզ հավիտյան ապրելու հնարավորություն է տվել։

Նա երկիր ուղարկեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Նրան կախեցին մի ցցից, քանի որ շատերին թվում էր, թե նա վատ մարդ էր։ Բայց Եհովան Հիսուսին տվեց մեզ փրկելու համար։ Եթե նայենք, այսինքն՝ հետևենք նրան, ապա կարող ենք հավիտենական կյանք ունենալ։ Ավելի ուշ մենք այս մասին շատ ավելին կսովորենք։

Թուոց 21։4–9; Յովհաննէս 3։14, 15։