Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Խոսող էշը

Խոսող էշը

Պատմություն 42

Խոսող էշը

ԵՐԲԵՎԷ լսե՞լ ես, որ էշը խոսի։ «Ո՛չ,— հավանաբար կպատասխանես,— կենդանիները չեն կարող խոսել»։ Բայց Աստվածաշունչը պատմում է մի էշի մասին, որը խոսել է։ Եկ տեսնենք, թե դա ինչպես պատահեց։

Իսրայելացիները համարյա թե պատրաստ են մտնելու Քանանի երկիր։ Մովաբի թագավոր Բաղակը շատ է վախենում այդ ազգից։ Հետևաբար, նա կանչել է տալիս Բաղաամ անունով մի ճարպիկ մարդու, որպեսզի նա գա ու անիծի իսրայելացիներին։ Որպես վարձատրություն՝ Բաղակը Բաղաամին խոստանում է դրամական պարգև, ուստի Բաղաամը հեծնում է էշին ու ճանապարհ ընկնում Բաղակի մոտ։

Եհովան չի ցանկանում, որ Բաղաամն անիծի իր ժողովրդին։ Այդ պատճառով նա սուրը ձեռքին մի հրեշտակ է ուղարկում, որպեսզի փակի Բաղաամի ճանապարհը և կանգնեցնի նրան։ Բաղաամը չի կարող տեսնել հրեշտակին, բայց էշը տեսնում է ու փորձում խուսափել նրանից և, վերջիվերջո, ուղղակի պառկում է գետնին։ Բաղաամը շատ է բարկանում ու սկսում է փայտով հարվածել էշին։

Այդ ժամանակ Եհովան այնպես է անում, որ Բաղաամը լսի, թե իր էշն ինչպես է խոսում։ «Ես քեզ ի՞նչ եմ արել, որ ծեծում ես ինձ»,— հարցնում է էշը։

— Ինձ ծաղրելուդ համար եմ ծեծում,— վրդովված պատասխանում է Բաղաամը։— Եթե սուր ունենայի, անմիջապես կսպանեի քեզ։

— Մի՞թե նախկինում ես ինձ նման կերպ եմ պահել,— հարցնում է էշը։

— Ո՛չ,— ասում է Բաղաամը։

Եվ այստեղ Եհովան բաց է անում Բաղաամի աչքերը, և նա տեսնում է հրեշտակին՝ սուրը ձեռքին կանգնած ճանապարհի վրա։ Հրեշտակն ասում է նրան. «Ինչո՞ւ ես ծեծում այդ կենդանուն։ Ես եկել եմ փակելու քո ճանապարհը, որպեսզի չկարողանաս գնալ ու անիծել Իսրայելին։ Եթե նա իմ առջևից ետ չքաշվեր, ես հիմա սպանած կլինեի քեզ, իսկ քո էշին ոչ մի վնաս չէի տա»։

Բաղաամը պատասխանում է. «Ես մեղք գործեցի. չգիտեի, որ դու ես կանգնած իմ ճանապարհին»։ Հրեշտակը բաց է թողնում Բաղաամին, ու վերջինս շարունակում է իր ճանապարհը։ Այնուամենայնիվ, նա իսրայելացիներին անիծելու փորձեր է կատարում, սակայն փոխարենը Եհովան ստիպում է նրան երեք անգամ օրհնել նրանց։

Թուոց 21։21–35; 22։1–40; 23։1–30; 24։1–25։