Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հեսուն դառնում է առաջնորդ

Հեսուն դառնում է առաջնորդ

Պատմություն 43

Հեսուն դառնում է առաջնորդ

ՄՈՎՍԵՍԸ ցանկանում է իսրայելացիների հետ միասին մտնել Քանան։ Ուստի նա խնդրում է. «Եհովա, թույլ տուր ինձ անցնել Հորդանան գետը ու տեսնել այդ հրաշալի երկիրը»։ Բայց Եհովան պատասխանում է. «Բավական է, այլևս ինձ այդ բանը չասես»։ Գիտե՞ս, թե Եհովան ինչու է այսպես պատասխանում։

Պատճառն այն դեպքի հետ է կապված, երբ Մովսեսը հարվածեց ապառաժին։ Հիշո՞ւմ ես, որ ինքն ու Ահարոնը չփառաբանեցին Եհովային։ Նրանք ժողովրդին չասացին, որ Աստված ի՛նքն էր ապառաժից ջուր հանել։ Եվ այդ պատճառով Եհովան ասաց, որ թույլ չի տալու նրանց մտնել Քանանի երկիրը։

Ահարոնի մահից մի քանի ամիս անց Եհովան պատվեր է տալիս Մովսեսին. «Վերցրո՛ւ Հեսուին, կանգնեցրո՛ւ նրան Եղիազար քահանայի ու ժողովրդի առջև։ Ապա բոլորի ներկայությամբ հայտարարիր, որ այսուհետև Հեսուն է առաջնորդ լինելու»։ Նայիր նկարին և կտեսնես, որ Մովսեսն անում է ճիշտ Եհովայի ասածի պես։

Հետո Եհովան դիմում է Հեսուին. «Զորացի՛ր և մի՛ վախենա։ Դու ես իսրայելացիներին առաջնորդելու Քանանի երկիրը, որը ես խոստացել եմ նրանց, և ես քեզ հետ կլինեմ»։

Դրանից հետո Եհովան պատվիրում է Մովսեսին բարձրանալ Մովաբի երկրում գտնվող Նաբավ լեռը։ Նրա գագաթից Մովսեսը կարող է տեսնել Հորդանան գետից այն կողմ գտնվող Քանանի գեղեցիկ երկիրը։ Եհովան ասում է. «Ահա՛ այն երկիրը, որը ես խոստացել եմ տալ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի սերունդներին։ Թույլ տվեցի, որ տեսնես այն, սակայն չես մտնի այնտեղ»։

Նաբավ լեռան գագաթին, 120 տարեկան հասակում, Մովսեսը մահանում է։ Նա դեռ ֆիզիկապես ուժեղ էր ու տեսողությունը՝ լավ։ Վշտացած ժողովուրդը ողբում է Մովսեսի մահը։ Բայց և միաժամանակ նրանք ուրախ են, որ Հեսուն դարձել է նրանց նոր առաջնորդը։

Թուոց 27։12–23; Բ Օրինաց 3։23–29; 31։1–8, 14–23; 32։45–52; 34։1–12։