Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հորդանան գետն անցնելը

Հորդանան գետն անցնելը

Պատմություն 45

Հորդանան գետն անցնելը

ՀԱՊԱ նայի՛ր... Իսրայելացիներն անցնում են Հորդանան գետի միջով։ Իսկ ի՞նչ եղան գետի ջրերը։ Ընդամենը մի քանի րոպե առաջ գետի ջուրն իր ափերից դուրս էր գալիս, քանի որ տարվա այդ եղանակին հորդառատ անձրևներ են տեղում։ Իսկ հիմա ջուրն անհետացել է, և իսրայելացիներն անցնում են չոր հատակի վրայով, ինչպես որ անցան Կարմիր ծովով։ Հետաքրքիր է, չէ՞, թե ջրերն ի՛նչ եղան։ Եկ տեսնենք։

Երբ հասավ ժամանակը, որ իսրայելացիները պիտի անցնեին Հորդանան գետը, Եհովան Հեսուին պատվիրեց ժողովրդին փոխանցել հետևյալ խոսքերը. «Քահանաները թող վերցնեն ուխտի տապանակը և գնան ժողովրդի առջևից։ Հենց որ նրանք իրենց ոտքերը մտցնեն Հորդանան գետը, ջրերը կդադարեն հոսելուց»։

Եվ ահա քահանաներն անում են այնպես, ինչպես Եհովան էր պատվիրել։ Հորդանան գետին մոտենալուն պես, նրանք միանգամից ջուրն են մտնում։ Գետը շատ խորն է ու արագահոս։ Բայց հենց որ նրանց ոտքերը հպվում են ջրին, այն դադարում է հոսել։ Ա՜յ քեզ հրաշք... Եհովան կանգնեցրել է վերևից եկող ջրերը։ Շուտով գետի մեջ այլևս ջուր չի մնում։

Ուխտի տապանակը տանող քահանաները կանգ են առնում գետի հենց մեջտեղում։ Տեսնո՞ւմ ես նրանց նկարի մեջ։ Այդ ամբողջ ժամանակ, քանի դեռ նրանք կանգնած են, իսրայելացիներն անցնում են Հորդանան գետի չոր հունով։

Երբ բոլորն անցնում են, Եհովան Հեսուին պատվիրում է, որ ժողովրդի միջից 12 ուժեղ տղամարդ ընտրի ու ասի նրանց. «Մտե՛ք գետը, որտեղ ուխտի տապանակը կրող քահանաներն են կանգնած, ու այնտեղից 12 քար վերցրեք, իրար վրա դիզեք այն տեղում, ուր որ պիտի գիշերեք։ Հետագայում, երբ ձեր սերունդները հարցնեն այս քարերի նշանակության մասին, կպատմեք նրանց, որ երբ Եհովայի ուխտի տապանակը Հորդանանից անց էին կացնում, գետի հոսքը դադարեց։ Քարերը ձեզ կհիշեցնեն այս հրաշքի մասին»։ Հեսուն նաև 12 ուրիշ քարեր է կանգնեցնում գետում՝ քահանաների կանգնած տեղում։

Վերջապես Հեսուն դիմում է տապանակը կրող քահանաներին. «Հորդանանից դո՛ւրս եկեք»։ Նրանց դուրս գալուն պես, գետը նորից սկսում է հոսել։

Յեսու 3։1–17; 4։1–18։