Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված ընտրում է Դավթին

Աստված ընտրում է Դավթին

Պատմություն 57

Աստված ընտրում է Դավթին

ԿԱՐՈ՞Ղ ես կռահել, թե ինչ է տեղի ունեցել։ Այս տղան գառնուկին խլել է արջի ճանկերից։ Արջը եկավ ու հափշտակեց նրան, որպեսզի ուտի։ Բայց տղան վազեց նրա ետևից ու փրկեց գառնուկին արջի երախից։ Եվ երբ արջը կանգնեց ետևի թաթերի վրա, տղան բռնեց նրան ու գետին տապալեց։ Իսկ մի ուրիշ անգամ նա առյուծի ձեռքից ազատեց մի ոչխարի։ Ինչ քաջ տղա է, չէ՞։ Ճանաչո՞ւմ ես նրան։

Սա պատանի Դավիթն է։ Նա ապրում է Բեթլեհեմ քաղաքում։ Նրա պապը Ովբեդն է՝ Հռութի և Բոոսի որդին։ Հիշո՞ւմ ես նրանց։ Իսկ Դավթի հոր անունն է Հեսսե։ Դավիթն արածեցնում է իր հոր ոչխարներին։ Երբ նա ծնվեց, արդեն տասը տարի էր, ինչ Սավուղը թագավորում էր Իսրայելում։

Հասնում է ժամանակը, և Եհովան ասում է Սամուելին. «Վերցրո՛ւ այն հատուկ յուղից ու գնա Հեսսեի տուն՝ Բեթլեհեմ։ Ես նրա որդիներից մեկին ընտրել եմ, որ թագավոր դառնա»։ Տեսնելով Հեսսեի ավագ որդուն՝ Եղիաբին, Սամուելն իր մտքում ասում է. «Անկասկած, սա է Եհովայի ընտրածը»։ Բայց Եհովան ասում է. «Նրա հասակի բարձրությանն ու վայելուչ արտաքինին մի՛ նայիր։ Ես նրան չեմ ընտրել որպես թագավոր»։

Այնուհետև Հեսսեն Սամուելի մոտ է կանչում իր որդի Աբինադաբին։ Բայց Սամուելն ասում է. «Ո՛չ, Եհովան նրան էլ չի ընտրել»։ Ապա կանչում են Սամմա որդուն, սակայն Եհովան նրան էլ չի ընտրել։ Հեսսեն իր յոթ որդիներին հերթով ներկայացնում է Սամուելին, բայց Եհովան նրանցից ոչ մեկին էլ չի ընտրել։ Վերջում Սամուելը հարցնում է. «Սրա՞նք են քո բոլոր տղաները»։

Հեսսեն պատասխանում է. «Մնաց միայն կրտսերը, բայց նա այստեղ չէ, ոչխարներին է արածեցնում»։ Շուտով բերում են Դավթին, և Սամուելը նկատում է, որ նա մի գեղեցկադեմ տղա է։ «Ահա և նա,— ասում է Եհովան։— Օծի՛ր նրան յուղով»։ Սամուելն այդպես էլ անում է։ Սակայն Դավիթը Իսրայելի թագավոր պիտի դառնա դեռ որոշ ժամանակ հետո։

Ա Թագաւորաց 17։34, 35; 16։1–13։