Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դավիթ ու Գողիաթ

Դավիթ ու Գողիաթ

Պատմություն 58

Դավիթ ու Գողիաթ

ԱՀԱ փղշտացիները կրկին հարձակվում են իսրայելացիների վրա։ Դավթի երեք ավագ եղբայրները ծառայում են Սավուղի բանակում։ Մի օր Հեսսեն Դավթին ասում է. «Վերցրո՛ւ մի քիչ աղանձ ու հացի բոքոններ և գնա եղբայրներիդ որպիսությունն իմանալու»։

Բանակատեղ հասնելուն պես Դավիթը վազում է ռազմադաշտ՝ տեսնելու իր եղբայրներին։ Նա նկատում է, թե ինչպես Գողիաթ անունով մի հսկայամարմին փղշտացի դուրս է գալիս իսրայելացիներին ծաղրելու։ Այս բանը նա անում է արդեն 40 օր՝ առավոտյան ու երեկոյան և հետն էլ գոչում. «Ձեզանից մեկին ուղարկեք ինձ հետ մենամարտելու։ Եթե նա ինձ հաղթի ու սպանի, ապա մենք կդառնանք ձեր ստրուկները։ Իսկ եթե ես նրան հաղթեմ ու սպանեմ, ապա դուք կդառնաք մեր ստրուկները։ Դե, եթե այդքան քաջ եք, գտե՛ք այդպիսի մեկին»։

Դավիթը հարցնում է իր կողքի զինվորներին. «Իսկ ի՞նչ վարձատրություն է սպասում այն մարդուն, որը կհաղթի փղշտացիներին ու այս խայտառակությունը վեր կառնի իսրայելացիների վրայից»։

— Սավուղն այդ մարդուն խոստանում է մեծ հարստություն, ինչպես նաև կնության տալ իր դստերը,— պատասխանում են նրան։

Բայց Գողիաթն այնպիսի մի աժդահա է, որ բոլոր իսրայելացիները վախենում են նրանից։ Նրա հասակը ավելի քան 9 ոտնաչափ է (մոտ 3 մետր), և նրա վահանը մի ուրիշ զինվոր է տանում։

Շուտով Սավուղ թագավորին տեղեկացնում են, որ Դավիթն ուզում է դուրս գալ Գողիաթի դեմ։ Բայց Սավուղն ասում է. «Դու չես կարող կռվել փղշտացու դեմ։ Դու դեռ պատանի ես, իսկ նա ծնված օրից կռիվներում է մեծացել»։ Դավիթը պատասխանում է. «Ես առյուծ ու արջ եմ սպանել՝ ազատելով հորս ոչխարներին։ Այս փղշտացին էլ պիտի նրանց վիճակին արժանանա։ Եհովան իմ օգնականն է»։ Սավուղն ասում է. «Գնա՛, Եհովան քեզ հետ»։

Դավիթն իջնում է գետակի մոտ, ընտրում հինգ ողորկ քար ու դնում դրանք իր մախաղի (հովվական պայուսակի) մեջ։ Ապա վերցնում է իր պարսատիկն ու գնում աժդահային ընդառաջ։ Գողիաթն ապշում է՝ տեսնելով նրան. նա չի կասկածում, որ ինքը, առանց որևէ դժվարության, կհաղթի այդ տղային։

— Արի՛, արի՛,— կանչում է նա։— Արի՛, որ ես քո մարմինը թռչուններին ու գազաններին կերակուր դարձնեմ։— Բայց Դավիթը պատասխանում է. «Դու իմ դեմ զինված ես սրով, նիզակով ու տեգով, իսկ ես դուրս եմ գալիս քո դեմ Եհովայի անունով։ Այսօր Եհովան քեզ իմ ձեռքը կմատնի, ու ես քեզ կսպանեմ»։

Այդ ասելով՝ Դավիթն անմիջապես վազում է դեպի Գողիաթը։ Նա հանում է իր պայուսակի քարերից մեկը, տեղադրում պարսատիկի մեջ ու ամբողջ ուժով այն շպրտում։ Քարը դիպչում է Գողիաթի հենց ճակատին ու մխրճվում գլխի մեջ։ Գողիաթը մեռած ընկնում է գետնին։ Տեսնելով իրենց ուժեղագույն զինվորին տապալված՝ փղշտացիները խուճապահար սկսում են փախչել։ Իսկ իսրայելացիներն ընկնում են նրանց ետևից ու, այդպիսով, շահում պատերազմը։

Ա Թագաւորաց 17։1–54։