Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աբիգեա և Դավիթ

Աբիգեա և Դավիթ

Պատմություն 60

Աբիգեա և Դավիթ

Ո՞Վ Է Դավթին մոտեցող այս սիրունատես կինը։ Նրա անունը Աբիգեա է։ Լինելով խելացի կին՝ նա Դավթին ետ է պահում մի վատ արարք կատարելուց։ Բայց նախքան այս պատմությունը սկսելը, եկ տեսնենք, թե մինչ այդ Դավթի հետ ի՞նչ պատահեց։

Սավուղի մոտից փախչելուց հետո Դավիթը թաքնվում է մի քարայրում։ Նրան են միանում նաև իր եղբայրներն ու ընտանիքի մնացած անդամները։ Եվ, այդպիսով, մոտավորապես 400 մարդ է հավաքվում, ու Դավիթը դառնում է նրանց առաջնորդը։ Ապա նա որոշում է գնալ Մովաբի թագավորի մոտ հետևյալ խնդրանքով. «Խնդրում եմ, թող որ իմ հայրն ու մայրը քեզ մոտ մնան, մինչև որ տեսնեմ, թե ինձ հետ ինչ է լինելու»։ Ավելի ուշ Դավիթն ու իր կողմնակիցները թաքնվում են լեռներում։

Եվ ահա այս հանգամանքներում է, որ Դավիթը հանդիպում է Աբիգեային։ Վերջինիս ամուսինը՝ Նաբաղը, մի հարուստ կալվածատեր է։ Նա ունի 3 000 գլուխ ոչխար ու 1 000 գլուխ այծ։ Նաբաղը գծուծ մարդ է, մինչդեռ նրա կին Աբիգեան ոչ միայն բավականին գեղեցկատես է, այլև տարբեր իրավիճակներում կարողանում է ճիշտ կողմնորոշվել։ Մի անգամ նա նույնիսկ փրկում է իր ընտանիքին։ Տեսնենք, թե ինչպես։

Դավիթն ու իր մարդիկ բարի գործ են կատարել Նաբաղի համար. նրանք պաշտպանել են նրա ոչխարներին։ Պատահում է այնպես, որ մի օր Դավիթն իր մարդկանցից մի քանիսին ուղարկում է Նաբաղի մոտ՝ խնդրելով շնորհ անել իրեն։ Դավթի մարդիկ Նաբաղի մոտ են գալիս այն ժամանակ, երբ վերջինս օգնականների հետ միասին խուզում է իր ոչխարներին։ Այդ օրը խնջույք է կազմակերպված, ուստի Նաբաղի մոտ բազմապիսի ուտելիքներ կան։ Ահա թե ինչ են ասում Դավթի մարդիկ. «Մենք բարություն ենք արել քեզ ու ձեռք չենք տվել քո ոչխարներին, այլ պաշտպանել ենք դրանց։ Հիմա խնդրում ենք, որ մի քիչ կերակուր տաս մեզ»։

— Ես ձեզ նմաններին ուտելիք չեմ տա,— պատասխանում է Նաբաղը։ Նա չարությամբ է խոսում և Դավթի հասցեին նվաստացուցիչ խոսքեր ուղղում։ Երբ Դավթի մարդիկ վերադառնում են ու այդ ամենի մասին նրան պատմում, նա շատ է բարկանում։ «Վերցրե՛ք ձեր սրերը»,— կարգադրում է նա իր մարդկանց։ Ու նրանք ճանապարհ են ընկնում Նաբաղին ու նրա հետ եղողներին սպանելու։

Նաբաղի մարդկանցից մեկը, լսելով Նաբաղի չար խոսքերը, պատմում է տեղի ունեցածի մասին Աբիգեային։ Աբիգեան անմիջապես ուտելիք է հավաքում, բարձում մի քանի ավանակների վրա ու ճանապարհ ընկնում։ Ճանապարհին հանդիպելով Դավթին՝ նա իջնում է ավանակի վրայից, խոնարհվում ու ասում. «Խնդրում եմ, տե՛ր, ուշադրություն մի՛ դարձրու իմ Նաբաղ ամուսնու խոսքերին։ Նա անխելք մարդ է ու հիմար բաներ է անում։ Այս նվերները քոնն են։ Խնդրում եմ, վերցրու սրանք ու ներիր մեզ պատահածի համար»։

— Դու շատ խոհեմ կին ես,— պատասխանում է Դավիթը։— Ինձ ետ պահեցիր, որպեսզի Նաբաղին իր ստորության համար չսպանեմ։ Գնա՛ խաղաղությամբ։— Ավելի ուշ՝ Նաբաղի մեռնելուց հետո, Աբիգեան դառնում է Դավթի կանանցից մեկը։

Ա Թագաւորաց 22։1–4; 25։1–43։