Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դավիթը թագավոր է հռչակվում

Դավիթը թագավոր է հռչակվում

Պատմություն 61

Դավիթը թագավոր է հռչակվում

ՍԱՎՈՒՂԸ դարձյալ փորձում է բռնել Դավթին։ Այդ նպատակով նա ընտրում է իր լավագույն ռազմիկներից 3 000 հոգու և ճանապարհ ընկնում նրան որոնելու։ Երբ Դավիթն իմանում է այս մասին, հետախույզներ է ուղարկում ճշտելու, թե Սավուղն ու իր մարդիկ գիշերելու համար որտեղ են ճամբար դրել։ Ապա նա դիմում է իր զինվորներից երկուսին. «Ձեզանից ո՞վ ինձ հետ բանակ կիջնի՝ Սավուղի մոտ»։

— Ես կգամ քեզ հետ,— պատասխանում է Աբեսսան՝ Դավթի քրոջ՝ Շարուհեայի որդին։ Մինչ Սավուղն ու իր մարդիկ քնած են, Դավիթն ու Աբեսսան գաղտագողի մտնում են բանակատեղ ու վերցնում Սավուղի գլխի մոտ դրված նիզակն ու ջրի կուժը։ Քանի որ բոլորը խորը քնի մեջ են, ոչ մեկը նրանց չի տեսնում և չի լսում։

Հապա նայի՛ր Դավթին ու Աբեսսային։ Նրանք արդեն բավականին հեռու են ու բլրի գլխին՝ ապահով տեղում են գտնվում։ Դավիթը բարձրաձայն կանչում է Իսրայելի բանակի զորապետին. «Աբեննե՛ր, ինչո՞ւ չես պահպանում քո տիրոջը՝ թագավորին։ Հապա նայի՛ր... Ո՞ւր են նրա նիզակն ու ջրի կուժը»։

Սավուղն արթնանում է քնից։ Ճանաչելով Դավթի ձայնը՝ նա հարցնում է. «Դավի՛թ, այդ դո՞ւ ես»։ Ներքևի նկարում տեսնո՞ւմ ես Սավուղին ու Աբեններին։

— Այո՛, տեր իմ թագավոր,— հնչում է Դավթի պատասխանը։— Ինչո՞ւ ես իմ ետևից ընկել։ Քեզ ի՞նչ վատություն եմ արել։ Ահա քո նիզակը, թագավո՛ր։ Թող քո երիտասարդներից մեկը գա ու վերցնի այն։

— Ես սխալ եմ գործել,— պատասխանում է Սավուղը,— ու անմտորեն եմ վարվել քո հանդեպ։— Դրանից հետո նրանք բաժանվում են. Դավիթը գնում է իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադառնում է տուն։ Բայց Դավթի մտքերն իրեն հանգիստ չեն տալիս. «Միևնույն է, օրերից մի օր Սավուղն ինձ սպանելու է։ Հարկավոր է փախչել փղշտացիների երկիրը»։ Եվ այդպես էլ անում է։ Դավթին հաջողվում է խաբել փղշտացիներին՝ ձևացնելով, թե ինքը հիմա նրանց կողմն է անցել։

Որոշ ժամանակ անց փղշտացիները հարձակվում են իսրայելացիների վրա։ Սավուղն ու Հովնաթանը սպանվում են մարտում։ Հովնաթանի մահը մեծ վիշտ է պատճառում Դավթին, և նա մի հուզիչ երգ է գրում. «Իմ եղբայր Հովնաթան, իմ տխրությունը սահման չունի։ Որքա՜ն թանկ էիր դու ինձ համար»։

Այդ դեպքից հետո Դավիթը վերադառնում է Իսրայելի Քեբրոն քաղաքը։ Այնտեղ կռիվ է ծագել Սավուղի որդու՝ Հեբուսթեի ու Դավթի կողմնակիցների միջև, թե ով պիտի թագավորի։ Վերջապես, Դավթի կողմնակիցները հաղթանակ են տանում։ Դավիթը 30 տարեկան է, երբ թագավոր է հռչակվում։ Քեբրոնում նա թագավորում է յոթ ու կես տարի։ Այստեղ նա ունենում է երեք որդի՝ Ամնոնին, Աբիսողոմին և Ադոնիային։

Եվ ահա գալիս է այն օրը, երբ Դավիթն իր զինվորների հետ շարժվում է դեպի Երուսաղեմ՝ այդ գեղեցիկ քաղաքը գրավելու։ Այս մարտում զորքի գլուխն է անցնում Դավթի քույր Շարուհեայի մյուս որդին՝ Հովաբը։ Այդպիսի նախաձեռնության համար Դավիթը պարգևատրում է Հովաբին՝ դարձնելով իր բանակի հրամանատարը։ Այդ ժամանակից սկսած Դավիթը սկսում է թագավորել Երուսաղեմ քաղաքում։

Ա Թագաւորաց 26։1–25; 27։1–7; 31։1–6; Բ Թագաւորաց 1։26; 3։1–21; 5։1–10; Ա Մնացորդաց 11։1–9։