Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դժբախտություններ Դավթի ընտանիքում

Դժբախտություններ Դավթի ընտանիքում

Պատմություն 62

Դժբախտություններ Դավթի ընտանիքում

ԵՐԲ Դավիթը սկսում է իշխել Երուսաղեմում, Եհովայի օգնությամբ նա բազում հաղթանակներ է տանում իր թշնամիների դեմ։ Եհովան խոստացել էր իսրայելացիներին տալ Քանանի երկիրը։ Եվ ահա Եհովայի օգնությամբ այդ ամբողջ խոստացված երկիրը անցնում է նրանց տիրապետության տակ։

Դավիթը լավ կառավարիչ է։ Նա սիրում է Եհովային։ Այդ է պատճառը, որ Երուսաղեմը գրավելուց հետո նրա առաջին գործը լինում է այն, որ Եհովայի ուխտի տապանակը տեղափոխում է այնտեղ։ Բացի դրանից, նա նաև ուզում է տաճար կառուցել և տապանակը դնել տաճարի ներսում։

Բայց տարիներ անց Դավիթը մեծ սխալ է գործում։ Նա գիտեր, որ չի կարելի տիրանալ մի բանի, ինչը ուրիշին է պատկանում։ Եվ պատահում է այնպես, որ մի երեկո, երբ իր պալատի տանիքին ման է գալիս, ներքև է նայում և գեղեցիկ տեսքով մի կին տեսնում։ Այդ կնոջ անունն է՝ Բերսաբե, իսկ նրա ամուսինը՝ Ուրիան, Դավթի զինվորներից է։

Դավթի մեջ նրան տիրանալու ցանկությունն այնքան բուռն է լինում, որ Բերսաբեին բերել է տալիս պալատ։ Այդ ժամանակ նրա ամուսինը հեռվում էր՝ պատերազմում։ Եվ ի՞նչ. Դավիթը նրա հետ կենակցում է, իսկ ավելի ուշ Բերսաբեն իմանում է, որ հղի է։ Այդ նորությունը Դավթին շատ է մտահոգում, և նա որոշում է իր բանակի հրամանատար Հովաբին լուր ուղարկել, որպեսզի նա Ուրիային պատերազմի թեժ գոտի տեղափոխի, որպեսզի սպանվի։ Երբ Ուրիան զոհվում է, Դավիթն ամուսնանում է Բերսաբեի հետ։

Դավթի արարքը խիստ բարկացնում է Եհովային։ Նա Դավթի մոտ է ուղարկում իր Նաթան մարգարեին, որպեսզի Դավթին հանդիմանի կատարված մեղքերի համար։ Այս դրվագը դու տեսնում ես նկարում։ Դավիթը խորապես զղջում է իր արարքի համար, և դա է պատճառը, որ Եհովան նրան մահով չի պատժում։ Այնուամենայնիվ, Եհովան ասում է. «Քանի որ այդպիսի վատ բաներ արեցիր, քո տան մեջ շատ դժբախտությունների կհանդիպես»։ Եվ իրոք, հետագայում Դավիթը մե՜ծ փորձանքների մեջ է ընկնում։

Նախ՝ Բերսաբեից ծնված երեխան մահանում է։ Ապա՝ Դավթի անդրանիկ որդի Ամնոնը, միայնակ մնալով իր քրոջ՝ Թամարի հետ, բռնաբարում է նրան։ Դավթի մյուս որդին՝ Աբիսողոմը, իմանալով այդ մասին, այն աստիճանի է զայրանում, որ սպանում է իր եղբորը։ Ավելի ուշ Աբիսողոմին հաջողվում է շահել ժողովրդի մեծ մասի համակրանքը, և նա ինքնակոչ թագավոր է դառնում։ Վերջիվերջո, Դավիթը Աբիսողոմի դեմ մղվող պայքարում հաղթող է դուրս գալիս, իսկ Աբիսողոմը սպանվում է։ Այո՛, Դավթին դժբախտությունների մե՜ծ բաժին է հասնում։

Իսկ այդ ընթացքում Բերսաբեն մի զավակ է ծնում, որի անունը Սողոմոն են դնում։ Երբ Դավիթը ծերանում է ու հիվանդանում, իր որդին՝ Ադոնիան, փորձում է դառնալ թագավոր։ Ուստի Դավիթը հրամայում է Սադովկ քահանային յուղով օծել Սողոմոնի գլուխը՝ ի նշան այն բանի, որ նա՛ է իրեն փոխարինելու։ Շուտով՝ 70 տարեկան հասակում, Դավիթը մահանում է։ Նա թագավորեց 40 տարի, իսկ իրենից հետո Իսրայելի թագավոր է դառնում Սողոմոնը։

Բ Թագաւորաց 11։1–27; 12։1–18; Գ Թագաւորաց 1։1–48։