Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սողոմոնը տաճար է կառուցում

Սողոմոնը տաճար է կառուցում

Պատմություն 64

Սողոմոնը տաճար է կառուցում

ՄԱՀՎԱՆԻՑ առաջ Դավիթը Աստծու տաճարի կառուցման հատակագծերը հանձնում է Սողոմոնին։ Իր թագավորության չորրորդ տարում Սողոմոնը սկսում է տաճարի շինարարությունը, որը տևում է յոթ ու կես տարի։ Տաճարում աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ շինարարության վրա շատ ու շատ գումարներ են ծախսվում, քանի որ շինարարության մեջ մեծ քանակությամբ ոսկի ու արծաթ է օգտագործվում։

Խորանի նման տաճարն էլ բաղկացած է երկու մեծ սենյակներից։ Բայց այդ սենյակները իրենց չափերով կրկնակի անգամ գերազանցում են խորանի սենյակներին։ Տաճարի խորքում գտնվող սենյակում Սողոմոնը տեղադրում է ուխտի տապանակը, իսկ խորանում գործածվող մյուս բաները դրվում են մյուս սենյակում։

Տաճարի շինարարությունն ավարտվելուց հետո մեծ տոնախմբություն է կազմակերպվում։ Սողոմոնը ծնկի է իջնում ու տաճարի մոտ աղոթքով դիմում Եհովային, ինչպես որ տեսնում ես նկարում։ «Երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել,— բացականչում է նա,— ո՜ւր մնաց թե իմ շինած այս տունը։ Բայց ո՜վ իմ Տեր Աստված, խնդրում եմ, լսի՛ր քո ժողովրդի աղաչանքը, երբ նա աղոթքով քեզ դիմի այս տաճարից»։

Երբ Սողոմոնն իր աղոթքն ավարտում է, երկնքից կրակ է իջնում ու կլանում զոհաբերված կենդանիներին։ Ապա տաճարը ողողվում է պայծառ լույսով։ Դրանով Եհովան ցույց է տալիս, որ լսել է, և տաճարն ու Սողոմոնի աղոթքը հաճելի են իրեն։ Ժողովուրդն այդ օրվանից խորանի փոխարեն սկսում է տաճարում երկրպագություն կատարել։

Երկար տարիներ Սողոմոնը իմաստուն ձևով է կառավարում, և ժողովուրդը երջանիկ է ապրում։ Բայց հետագայում նա ամուսնանում է օտարազգի կանանց հետ, որոնք չեն պաշտում Եհովային։ Տեսնո՞ւմ ես՝ ինչպես է նրանցից մեկը իր կուռքին երկրպագություն մատուցում։ Արդյունքում այդ կանայք Սողոմոնին դրդում են իրենց նման վարվել։ Գիտե՞ս, թե ինչ է լինում դրա հետևանքը. նա դադարում է առաջվա պես գթասիրտ լինել ժողովրդի հանդեպ, դառնում է բիրտ ու դաժան, իսկ ժողովուրդն այլևս առաջվա պես երջանիկ չէ։

Այդ ամենը խիստ բարկացնում է Եհովային, և նա Սողոմոնին ասում է. «Թագավորությունը կվերցնեմ քեզանից ու կտամ մեկ ուրիշի։ Ես դա կանեմ ոչ թե քո, այլ քո որդու թագավորության օրոք։ Բայց նրա ձեռքից ողջ թագավորությունը չեմ վերցնի»։ Տեսնենք, թե սա ինչպես է պատահում։

Ա Մնացորդաց 28։9–21; 29։1–9; Գ Թագաւորաց 5։1–18; Բ Մնացորդաց 6։12–42; 7։1–5; Գ Թագաւորաց 11։9–13։