Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հովսափատն ապավինում է Եհովային

Հովսափատն ապավինում է Եհովային

Պատմություն 67

Հովսափատն ապավինում է Եհովային

ԳԻՏԵ՞Ս, թե ովքեր են այս մարդիկ և ինչ են անում։ Նրանք բոլորը մարտի են գնում։ Առջևից ընթացող տղամարդիկ երգում են։ Բայց գուցե քեզ մոտ հարց առաջանա, թե այդ ինչպե՞ս է, որ երգիչները բոլորովին անզեն են՝ ոչ թուր կա ձեռքներին, ոչ էլ վահան։ Եկ տեսնենք, թե ինչու է այդպես։

Հովսափատը Իսրայելի հարավային՝ երկցեղ թագավորության թագավորն է։ Նա ապրում է այն ժամանակաշրջանում, երբ հյուսիսային թագավորության վրա իշխում են Աքաաբը և Հեզաբել թագուհին։ Հովսափատը բարի թագավոր է՝ նման իր հայր Ասային։ Ուստի նրա իշխանության տարիներին հարավային թագավորությունում ժողովուրդը հանգիստ ու խաղաղ կյանք է վայելում։

Բայց ահա մի օր տեղի է ունենում այնպիսի դեպք, որը ժողովրդին սարսափի մեջ է գցում։ Պատգամաբերները Հովսափատին տեղեկացնում են. «Մովաբի երկրից, Ամմոնից ու Սեիր սարից մի մեծ բանակ է մեզ վրա գալիս»։ Բազմաթիվ իսրայելացիներ են հավաքվում Երուսաղեմում, որպեսզի Եհովայից օգնություն աղերսեն։ Նրանք գնում են տաճար, որտեղ Հովսափատը դիմում է աղոթքով. «Ո՜վ, մեր Եհովա Աստված, մենք չգիտենք, թե ինչ անենք։ Մենք անզոր ենք այս մեծ բանակի դիմաց։ Խնդրում ենք, օգնության հասիր, դու ես մեր միակ հույսը»։

Եհովան լսում է և իր ծառաներից մեկի միջոցով պատվիրում հայտնել ժողովրդին. «Պատերազմը ոչ թե ձերն է, այլ՝ իմը։ Դուք չեք պատերազմելու, միայն նայելու եք, ու կտեսնեք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում»։

Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Հովսափատն ասում է ժողովրդին. «Ամբողջովին ապավինեք Եհովային»։ Հետո նա երգիչներին դասավորում է զինվորների առջևում, և նրանք սկսում են առաջ ընթանալ՝ փառաբանելով Եհովային։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ է կատարվում, երբ նրանք արդեն մոտենում են պատերազմի դաշտին։ Եհովան այնպես է անում, որ թշնամու զինվորները սկսում են միմյանց դեմ պատերազմել։ Իսրայելացիները տեղ են հասնում և... արի ու տե՜ս. թշնամու բոլոր զինվորները սպանված են։

Տեսնո՞ւմ ես որքան ճիշտ վարվեց Հովսափատը՝ վստահելով Եհովային։ Մենք էլ կարող ենք այդպես վարվել։

Գ Թագաւորաց 22։41–53; Բ Մնացորդաց 20։1–30։