Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իսրայելի վերջին աստվածավախ թագավորը

Իսրայելի վերջին աստվածավախ թագավորը

Պատմություն 73

Իսրայելի վերջին աստվածավախ թագավորը

ՀՈՎՍԻԱՆ ընդամենը ութ տարեկան է, երբ դառնում է հարավային երկու ցեղերի թագավոր։ Թագավորելու համար նա դեռ շատ երիտասարդ է։ Այդ է պատճառը, որ սկզբում որոշ տարեց մարդիկ օգնում են նրան ժողովրդին կառավարելու հարցում։

Յոթը տարի թագավորելուց հետո Հովսիան սկսում է Եհովային փնտրել։ Այդպես վարվելով՝ նա հետևում է լավ թագավորներ Դավթի, Հովսափատի և Եզեկիայի օրինակին։ Լինելով դեռ պատանի՝ Հովսիան հետևյալ խիզախ քայլն է կատարում։

Երկար ժամանակ է արդեն, ինչ իսրայելացիներից շատերը վատ գործեր են կատարում։ Նրանք երկրպագում են կեղծ աստվածների, խոնարհվում կուռքերի առջև։ Ուստի Հովսիան իր կողմնակիցների հետ միասին դուրս է գալիս վերացնելու երկրից կեղծ պաշտամունքը։ Սա ահռելի ջանքեր է պահանջում, քանի որ այդքան շատ մարդ է երկրպագում կեղծ աստվածներին։ Նկարում կարող ես տեսնել, թե Հովսիան ու իր մարդիկ ինչպես են ջարդում կուռքերը։

Այնուհետև, Հովսիան Եհովայի տաճարը վերանորոգելու համար երեք մարդ է նշանակում։ Ժողովրդից գումար է հավաքվում ու հանձնվում այս մարդկանց՝ աշխատանքի համար պահանջվող ծախսերը հոգալու համար։ Այդ աշխատանքների ժամանակ Քեղկիա քահանայապետը մի շատ կարևոր իր է գտնում՝ օրենքների այն գիրքը, որը Եհովան դեռ երկար տարիներ առաջ գրել էր տվել Մովսեսին, և որը վաղուց կորած էր համարվում։

Գիրքը տանում են Հովսիայի մոտ, ու վերջինս պատվիրում է բարձրաձայն կարդալ այն։ Լսելով այն՝ Հովսիան համոզվում է, որ ժողովուրդը չի պահում Եհովայի օրենքը։ Եվ ինչպես տեսնում ես նկարում, դա այն աստիճան է տխրեցնում է իրեն, որ նա պատռում է իր հագուստը։ «Եհովան բարկացած է մեզ վրա, որովհետև մեր հայրերը չեն կատարել այս գրքում գրված օրենքները»,— թախիծով ասում է նա։

Եվ Հովսիան պատվիրում է Քեղկիա քահանայապետին պարզել, թե Եհովան ինչ է մտադիր անել իրենց հետ։ Ուստի Քեղկիան գնում է Ողդա մարգարեուհու մոտ և Հովսիայի մոտ վերադառնում Եհովայից եկած հետևյալ տեղեկությամբ. «Երուսաղեմն ու նրա բնակիչները պատժվելու են այն բանի համար, որ երկրպագել են կեղծ աստվածների, և որ երկիրը լցրել են չար գործերով։ Բայց իմացիր, Հովսիա, որ այդ պատիժը ի կատար չի ածվի քո կենդանության օրոք, քանի որ դու ճիշտ վարվեցիր»։

Բ Մնացորդաց 34։1–28։