Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անվախ մարդը

Անվախ մարդը

Պատմություն 74

Անվախ մարդը

ՏԵ՛Ս, թե այստեղ պատկերված մարդիկ ինչպես են ծաղրում այս երիտասարդին։ Գիտե՞ս, թե ով է նա՝ Աստծու ճանաչված մարգարեներից մեկը՝ Երեմիան։

Այն բանից հետո, երբ Հովսիա թագավորը սկսում է երկրից վերացնել կուռքերը, Եհովան պատվիրում է Երեմիային դառնալ իր մարգարեն։ Սակայն Երեմիան կարծում է, որ ինքը դեռ շատ երիտասարդ է մարգարե լինելու համար։ Բայց Եհովան խոստանում է նրան օգնել։

Երեմիան կոչ է անում ժողովրդին դադարեցնել իրենց չար գործերը։ «Հեթանոսների պաշտած աստվածները կեղծ են»,— ասում է նա։ Բայց իսրայելացիներից շատերը ճշմարիտ Աստծուն երկրպագելու փոխարեն նախապատվությունը տալիս են կուռքերին։ Եվ երբ Երեմիան հայտնում է ժողովրդին, որ Աստված շուտով պատժելու է նրանց իրենց արածների համար, մարդիկ ծիծաղում են նրա վրա։

Տարիներ են անցնում։ Հովսիան մահանում է, ու երեք ամիս անց թագավոր է դառնում նրա որդի Հովակիմը։ Առաջվա պես Երեմիան շարունակում է զգուշացնել ժողովրդին. «Եթե ետ չդառնաք ձեր չար ճանապարհներից, Երուսաղեմը կկործանվի»։ Քահանաները բռնում են Երեմիային ու աղաղակում. «Այդ խոսքերիդ համար արժե քեզ սպանել»։ Ապա դառնում են դեպի Իսրայելի իշխաններն ու ասում նրանց. «Երեմիային սպանել է պետք, որովհետև խոսում է մեր քաղաքի դեմ»։

Ինչպե՞ս կվարվի Երեմիան։ Նա վախ չունի՛։ Դիմելով բոլորին՝ նա ասում է. «Եհովան ինձ ուղարկեց ձեզ մոտ, որպեսզի հայտնեմ այս խոսքերը. եթե ձեր սխալ ապրելակերպը չփոխեք, Եհովան կկործանի Երուսաղեմը։ Բայց լա՛վ իմացեք, որ, սպանելով ինձ, սպանած կլինեք մի անմեղ մարդու»։

Իշխանները կենդանի են թողնում նրան, բայց իսրայելացիներն այդպես էլ չեն փոխվում։ Հետագայում Երուսաղեմի վրա է գալիս Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ու պատերազմում նրանց դեմ։ Ի վերջո, հազարավոր իսրայելացիներ որպես գերի են տարվում Բաբելոն։ Պակերացրո՜ւ, թե ինչ ցավ պիտի զգայիր, եթե օտար մարդիկ քեզ հանեին քո տանից ու տանեին ուրիշ երկիր։

Երեմիա 1։1–8; 10։1–5; 26։1–16; Դ Թագաւորաց 24։1–17։