Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երուսաղեմի կործանումը

Երուսաղեմի կործանումը

Պատմություն 76

Երուսաղեմի կործանումը

ԱՆՑԵԼ է ավելի քան 10 տարի, ինչ Նաբուգոդոնոսոր թագավորը իսրայելացի ամենակրթված երիտասարդներին Բաբելոն է տարել։ Իսկ հիմա նայի՛ր, թե ինչ է կատարվում։ Երուսաղեմն այրվում է, իսկ կենդանի մնացած իսրայելացիներին գերի են տանում Բաբելոն։

Հիշո՞ւմ ես՝ ամեն բան կատարվում է ճիշտ այնպես, ինչպես որ Եհովայի մարգարեներն էին ասում։ Բայց իսրայելացիները չէին լսում մարգարեներին։ Եհովային երկրպագելու փոխարեն նրանք համառորեն շարունակում էին կեղծ աստվածների պաշտել։ Այդ պատճառով ժողովուրդը պատժի է արժանի։ Իսրայելացիների չար գործերի մասին մեզ հայտնում է Աստծու Եզեկիել մարգարեն։

Գիտե՞ս, թե ով է Եզեկիելը։ Նա մեկն է այն երիտասարդներից, որոնց Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմի այս մեծ կործանումից ավելի քան 10 տարի առաջ գերի էր տարել Բաբելոն։ Այդ նույն ժամանակ Բաբելոն էին տարվել նաև Դանիելը, Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը։

Մինչ Եզեկիելը Բաբելոնում է գտնվում, Եհովան նրան ցույց է տալիս Երուսաղեմի տաճարում կատարվող չարագործությունները։ Եհովան դա անում է հրաշքի միջոցով։ Ու թեպետ Եզեկիելը իրականում Բաբելոնում է ապրում, այնուամենայնիվ, Աստված նրան հնարավորություն է տալիս տեսնելու այն ամենը, ինչ որ կատարվում է տաճարում։ Իսկ դա մի ահավոր տեսարան է։

— Տե՛ս, թե ինչ պղծություններ է կատարում ժողովուրդը այստեղ՝ տաճարում,— ասում է Եհովան Եզեկիելին։— Նայի՛ր պատերին նկարված օձերի և ուրիշ կենդանիների պատկերներին։ Եվ տե՛ս, թե իսրայելացիներն ինչպես են երկրպագում նրանց։— Եզեկիելը տեսնում է ու ամեն բան գրի առնում։

— Տեսնո՞ւմ ես, թե Իսրայելի ծերերը թաքուն ինչ են անում,— հարցնում է Եհովան Եզեկիելին։ Այո՛, Եզեկիելը դա էլ է տեսնում։ Այնտեղ կանգնած են 70 հոգի, և բոլորն էլ երկրպագում են կեղծ աստվածներին, հետն էլ արտաբերելով. «Եհովան մեզ չի տեսնում. նա թողել է երկիրը»։

Այնուհետև Աստված Եզեկիելին ցույց է տալիս տաճարի հյուսիսային դռան մոտ նստած մի խումբ կանանց։ Նրանք երկրպագում են կեղծ աստված Թամուզին։ Եզեկիելը տեսնում է նաև Եհովայի տաճարի մուտքի մոտ գտնվող տղամարդկանց։ Նրանք մոտ 25 հոգի են։ Եզեկիելը տեսնում է, թե ինչպես են նրանք շրջվում դեպի արևելք ու երկրպագում արևին։

— Այս մարդիկ ինձ բոլորովին չեն հարգում,— ասում է Եհովան։— Բացի այն, որ նրանք չարագործություններ են կատարում, նրանք գալիս են ու այդ ամենն անում հենց իմ տաճարում։— Ուստի Եհովան խոստանում է. «Նրանք պիտի ճաշակեն իմ բարկությունը։ Նրանց ոչնչացնելիս ես չեմ խնայելու և ոչ մեկին»։

Եզեկիելին տրված տեսիլքից երեք տարի էլ չի անցնում, երբ իսրայելացիներն ապստամբում են Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ։ Դա է պատճառը, որ նա պատերազմի է դուրս գալիս նրանց դեմ։ Մեկ ու կես տարի անց բաբելոնացիները քանդում են Երուսաղեմի պարիսպներն ու քաղաքը իսպառ այրում։ Ժողովրդի մեծ մասը սպանվում է կամ էլ գերի տարվում Բաբելոն։

Եհովան ինչո՞ւ թույլ տվեց, որ այս սարսափելի կործանումը տեղի ունենար։ Ճի՛շտ է. քանի որ իսրայելացիները Եհովային չէին լսում և նրա օրենքներին չէին հնազանդվում։ Այս ամենը ցույց է տալիս, թե մեզ համար որքան կարևոր է Աստծու պատգամները կատարելը։

Սկզբում միայն փոքր թվով մարդկանց է թույլ տրվում մնալ Իսրայելում։ Ապա Նաբուգոդոնոսոր թագավորը Գոդողիա անունով մի հրեայի կարգում է նրանց վրա որպես իշխան։ Բայց ավելի ուշ մի քանի իսրայելացիներ սպանում են նրան։ Ժողովուրդը վախենում է, թե բաբելոնացիները կգան ու կսպանեն իրենց դրա համար։ Ուստի, ստիպում են Երեմիային իրենց միանալ ու փախչում են Եգիպտոս։

Այս դեպքից հետո Իսրայելում մի մարդ անգամ չի մնում։ 70 տարի երկիրը մնում է անմարդաբնակ՝ դափ–​դատարկ։ Սակայն Եհովան խոստանում է, որ 70 տարի հետո իր ժողովրդին ետ է դարձնելու իրենց երկիրը։ Իսկ թե մինչ այդ ինչ վիճակում է գտնվում Աստծու ժողովուրդը Բաբելոնում՝ գերության մեջ, շուտով կիմանանք։

Դ Թագաւորաց 25։1–26; Երեմիա 29։10; Եզեկիէլ 1։1–3; 8։1–18։