Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստծու ժողովուրդը դուրս է գալիս Բաբելոնից

Աստծու ժողովուրդը դուրս է գալիս Բաբելոնից

Պատմություն 80

Աստծու ժողովուրդը դուրս է գալիս Բաբելոնից

ՄԱՐԵՐԻ ու պարսիկների կողմից Բաբելոնը գրավելուց հետո անցել է գրեթե երկու տարի։ Բայց տե՛ս, թե ինչ զարմանալի բան է տեղի ունենում. իսրայելացիները դուրս են գալիս Բաբելոնից։ Ինչպե՞ս նրանց հաջողվեց ազատվել։ Ո՞վ թույլ տվեց նրանց գնալ։

Կյուրոսը՝ Պարսկաստանի թագավորը։ Դեռ նրա ծնվելուց շատ առաջ Եհովան իր Եսայիա մարգարեի միջոցով գրել էր այդ անձնավորության մասին. «Դու կատարելու ես այն, ինչ որ ես եմ ցանկանում։ Դարպասները քո առաջ բաց կլինեն, որպեսզի գրավես քաղաքը»։ Եվ իրոք, Կյուրոսի հրամանատարության ներքո Բաբելոնը գրավվեց։ Գիշերը դարպասները բաց էին թողնվել, և մարերն ու պարսիկները կարողացան մտնել քաղաք։

Բացի այդ, Եհովայի մարգարե Եսայիան նաև ասել էր, որ Կյուրոսի կողմից կարգադրություն է լինելու՝ վերականգնել Երուսաղեմն ու նրա տաճարը։ Իսկ Կյուրոսը տվե՞ց արդյոք այդպիսի հրաման։ Այո՛։ Ահա թե ինչ է ասում Կյուրոսն իսրայելացիներին. «Հիմա ճամփա ընկեք Երուսաղեմ ու վերաշինեք ձեր Աստծու՝ Եհովայի տաճարը»։ Այս նկարում իսրայելացիները գնում են հենց այս նպատակով։

Բայց Բաբելոնում գտնվող ոչ բոլոր իսրայելացիները կարող են դուրս գալ նման երկար ճանապարհորդության։ Երուսաղեմ տանող ճանապարհը չափազանց երկար է՝ մոտ 800 կիլոմետր (500 մղոն)։ Շատերը նման ճանապարհ գնալու համար կա՛մ բավականին ծեր են, կա՛մ էլ հիվանդ՝ չհաշված բազմաթիվ ուրիշ պատճառներ։ Ուստի, մնացողներին Կյուրոսն ասում է. «Ոսկի, արծաթ և ուրիշ նվերներ տվեք նրանց, ովքեր պիտի գնան Երուսաղեմն ու նրա տաճարը վերաշինելու»։

Այսպիսով՝ Երուսաղեմ վերադարձող իսրայելացիները շատ ընծաներ են ստանում։ Բացի այդ, Կյուրոսը նրանց է տալիս նաև այն բաժակներն ու գավաթները, որոնք Նաբուգոդոնոսոր թագավորը Եհովայի տաճարն ավերելու ժամանակ հանել էր այնտեղից։ Ժողովուրդն իր հետ շատ բեռներ է տանում։

Ճանապարհ ընկնելուց մոտ չորս ամիս անց իսրայելացիները ճիշտ ժամանակին հասնում են Երուսաղեմ։ Քաղաքի ավերումից անցել է ուղիղ 70 տարի, ու այն ամբողջովին անմարդաբնակ է դարձել։ Բայց, թեև իսրայելացիները վերադարձել են իրենց հայրենիքը, այնտեղ նրանց մեծ դժվարություններ են սպասում։ Այս մասին կիմանանք՝ ընթերցելով հաջորդ գլուխը։

Եսայիա 44։28; 45։1–4; Եզրաս 1։1–11։